ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ԼԳԲՏԻ-ները հենց իրե՛նք են խնդիրներ հորինում, ապա՝ պայքարում դրանց դեմ

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամ Նաիրա Կարապետյանը Հայաստանում խտրականության դրսևորումների վերաբերյալ LGBTnews-ի լրագրողի հարցին ի պատասխան կենտրոնացավ կանանց նկատմամբ բռնության թեմայի վրա:

Հարցին, թե պատգամավորը Հայաստանում խտրականության դեմ օրենքի ընդունման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Կարապետյանը պատասխանեց՝ բոլոր հասարակություններում էլ սոցիալական, սեռական պատկանելությամբ կամ մեկ այլ հանգամանքով պայմանավորված խտրական վերաբերմունքի դրսևորումներ լինում են: 

«Բայց ֆիքսվելով Հայաստանի Հանրապետությունում սեռական խտրականության և հիմնականում կանանց հանդեպ բռնությունների կիրառման մեզ հայտնի շատ օրինակների վրա՝ գտնում եմ, որ Հայաստանում մենթալիտետի խնդիր կա, այլ ոչ թե իրավական կարգավորման անհրաժեշտություն»,- ասաց Նաիրա Կարապետյանը: 

Ըստ պատգամավորի՝ Հայաստանում գործող օրենսդրությունը կատարյալ հիմք է տալիս՝ պատժելու ցանկացած բռնության դրսևորում: 

«Խոսքը ցանկացած բռնության մասին է. թե՛ կնոջ, թե՛ երեխայի, թե՛ ծերերի, թե՛ տղամարդկանց նկատմամբ: Մեր երկրի խնդիրն արգելապատնեշի հաղթահարումն է: Մենք տեսնում ենք, որ գյուղական համայնքներում կինը, ենթարկվելով թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնության, հաճախ իր մեջ ուժ չի գտնում պաշտպանելու իր իրավունքները: Բնական է, որ սրա դեմ պետք է պայքարել միավորված, պետք է պայքարել՝ առաջին հերթին վերաբերմունք փոխելով: Տղամարդը, որն իր կնոջ, քրոջ, մոր կամ որևէ այլ կնոջ վրա ձեռք է բարձրանցում, ձայն է բարձրացնում, բռնություն է կիրառում, պետք է հասարակության, իր ընկերների, եղբայրների, մեր բոլորի կողմից դատապարտվի. այստեղ եմ ես տեսնում խնդիրը»,- ասաց Նաիրա Կարապետյանը:

LGBTnews-ի լրագրողի դիտարկմանը, որ խտրականության դրսևորումները Հայաստանում տարբեր են, և միշտ չէ, որ դրանք արտահայտվում են բռնությամբ և միայն կանանց նկատմամբ, ու հարցին, թե արդյոք Կարապետյանը Հայաստանում նկատո՞ւմ է սեռական կողմնորոշման հիմքով խտրական վերաբերմունք, պատգամավորը կտրուկ պատասխանեց:

«Սեռական փոքրամասնությունները Հայաստանի Հանարպետությունում, կարծում եմ, իրենք իրենց համար խնդիրներ են ստեղծում, իրենք իրենց համար խնդիրներ են հորինում, հետո սկսում պայքարել դրանց դեմ: Այսքանը»,- ասաց պատգամավորն ու հրաժարվեց պատասխանել խնդրին առնչվող այլ հարցերի: