Հոմոսեքսուալ հարաբերությունների համար Մարոկոյում կալանավորված բրիտանացին ազատ է արձակվել

Մարոկոյում հոմոսեքսուալ հարաբերությունների համար ազատազրկված Մեծ Բրիտանիայի քաղաքացին ազատ է արձակվել, գրում է GayRussia-ն:

 

69-ամյա Ռեյ Քոուլը իր մարոկացի զուգընկերոջ հետ դատապարտվել էր 4 ամսվա ազատազրկման:

 

Քոուլին ազատ արձակելու կոչեր էին արել նրա ընտանիքը և մի քանի բրիտանացի քաղաքական գործիչներ: Սոցիալական ցանցերում բրիտանացուն իրավաբանական օգնություն տրամադրելու համար դրամահավաք էր սկսվել:

 

Իսկ թե ազատ արձակվե՞լ է նաև նրա զուգընկերը, դեռևս հայտնի չէ:

 

Հոմոսեքսուալ հարաբերություններ ունենալը Մարոկոյում շարունակում է քրեական հանցագործություն համարվել, որը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում:

 

Դատապարտվածի որդին՝ Ադրիան Քոուլը, հայտարարել է, որ իր հորը պահել են ծայրահեղ վատ պայմաններ ունեցող բանտախցում: Նա ստիպված է եղել քնել բետոնե գետնին, իսկ նրա առողջական վիճակը հարազատների մոտ լուրջ մտահոգություններ է առաջացրել:

 

Սպասվում է, որ շուտով Ռեյ Քոուլը Մեծ Բրիտանիա կվերադառնա: