Հոմոֆոբիայի արտառոց ալիք սոցցանցերում. պատճառը, մամուլի դերն ու ի՞նչ անել

 

Facebook սոցիալական ցանցում մի քանի օր է՝ հոմոֆոբիայի նոր ալիք է բարձրացել: Ցանցում օգտատերերը բուռն բանավեճեր են են ծավալում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց իրավունքների վերաբերյալ: Ինչպես նախկինում, այս անգամ նույնպես գրառումները զերծ չեն ատելության խոսքից, վիրավորանքներից, փոխադարձ մեղադրանքներից և կշտամբանքներից:

 

 

 

Ո՞րն է հոմոֆոբիայի նոր ալիքի ի հայտ գալու պատճառը

 

 

Մոտ մեկ շաբաթ առաջ, ինչպես արդեն հայտնել էինք, Եվրախորհրդին առընթեր Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը:

 

Հրապարակված փաստաթղթում, ի թիվս նախագծի տարբեր դրույթների վերաբերյալ դիտարկումներին, հանձնաժողովն անդրադարձել է նաև փաստաթղթի 34-րդ կետին՝ «Ամուսնանալու ազատությունը», համաձայն որի՝ «ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն», ինչպես նաև 15-րդ կետին: 

 

Վենետիկի հանձնաժողովն իր գնահատականում նշել է, որ այդ հոդվածը չպետք է մեկնաբանվի իբրև «նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք»:

 

Իբրև այս դիրքորոշման հիմնավորում՝ Վենետիկի հանձնաժողովը հղում է կատարել ՄԻԵԴ նախադեպային վճռին:

 

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 34-րդ և 15-րդ կետերի ձևակերպումների վտանգների մասին մենք արդեն գրել ենք

Վենետիկի հանձնաժողովի այս գնահատականն էլ բանավեճերի ու մեկնաբանությունների տեղիք տվեց:

 

 

Ի՞նչ դեր ունեցավ մամուլը

 

 

Հայաստանյան մամուլում Վենետիկի հանձնաժողովի գնահատականին օգոստոսի 3-ին մի հրապարակմամբ առաջինն անդրադարձավ 1in.am էլեկտրոնային կայքը՝ «Վենետիկի հանձնաժողովը դեմ է միասեռ ամուսնությունների համար սահմանադրական արգելքին» վերգրությամբ նյութով:

 

Նյութը, սակայն, միայն նույնասեռ միությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականի մասին չէ: Այն ընդհանուր գծերով ներկայացնում է հանձնաժողովի հրապարակած փաստաթղթի էությունը, անդրադարձ կա նաև կրոնական կազմակերպությունների վերաբերյալ հանձնաժողովի գնահատականին, նյութի վերջին չորս պարբերություններն ընդհանուր դատողություններ են Վենետիկի հանձնաժողովի գնահատականների և Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, և միայն մեկ պարբերության մեջ անդրադարձ կա նույնասեռ միությունների մասին հանձնաժողովի դիտարկմանը, որտեղ ասվում է, որ «Վենետիկի հանձնաժողովի համար ձևակերպումներն անընդունելի են», այնինչ հանձնաժողովը, ցավոք, այդքան համարձակություն չի ունեցել՝ բաց տեքստով ասելու, որ առկա ձևակերպումներն անընդունելի են. հանձնաժողովն ընդամենը նշել է, որ այդ ձևակերպումները նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք չպետք է դիտարկել: Այսպիսով, նյութում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացված է խեղաթյուրված, իսկ իբրև վերնագիր է առանձնացված նույնասեռ միությունների վերաբերյալ հատվածը, թեև նյութի կոնտենտի գերակշիռ մասն այլ շեշտադրումներ ունի: Հատկանշական է, որ «նույնասեռ միություն»-ը ներկայացվել է «միասեռ ամուսնություն» ձևակերպմամբ, այդ թվում՝ վերնագրում, այնինչ նախ «միություն»-ն ու «ամուսնությունը» տարբեր իրավական ձևաչափեր են, իսկ «միասեռ» եզրը վաղուց դիտվում է իբրև ոչ կոռեկտ:

 

Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային կայքը նույնպես անդրադարձել է թեմային:
Խեղաթյուրելով հանձնաժողովի գնահատականը՝ կայքը նյութի սկզբում գրում է, որ «Վենետիկի հանձնաժողովի համար այս ձևակերպումներն անընդունելի են և, ըստ էության, հանձնաժողովը ցանկանում է հակառակ ձևակերպումն ավելացնել նախագծում, այսինքն` Սահմանադրությամբ ամրագրել միասեռական ամուսնությունները», այնինչ, ինչպես արդեն վերը նշվեց, Վենետիկի հանձնաժողովն ընդամենը նշել է, որ փոփոխությունների նախագծի ձևակերպումները չեն կարող դիտվել իբրև նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք:

 

Ապա նյութի անհայտ հեղինակը գրում է. «Սակայն, պետք է նշել, որ դա հայի համար խորթ երևույթ է: Ճիշտ է` եվրոպական մի շարք երկրներում միասեռական ամուսնություններն ընդունված են, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում այն ևս կարող է ընդունվել: Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր` սկսած հայի տեսակից, հայկական մտածելակերպից, ապրելակերպից և այլն»:

 

Նյութի շարունակությունը թեմայի շուրջ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանի՝ կայքին տված մեկնաբանությունն է, որում նա քննադատում է Վենետիկի հանձնաժողովին: Նյութում հակառակ տեսակետ ներկայացված չէ: Կայքում առանձին նյութով հակառակ տեսակետ նույնպես ներկայացված չէ:

 

Արդեն հաջորդ օրն «Առավոտ» կայքը թեմային անդրադառնում է երկու նյութով:

 

Առաջին նյութում կայքը հրապարակել է Կոմիտաս վարդապետի մեկնաբանությունը, որն ամբողջությամբ «ոչ մի էգ գազան էգի հետ չի հարաբերվում, ոչ էլ արուն արուի հետ, նույնիսկ պլյուսը պլուսին չի միանում եւ ոչ էլ մինուսը՝ մինուսին» ոճի շրջանակներում է:

 

Երկրորդ նյութում, հավանաբար ի հակակշիռ առաջինում տեղ գտած կարծիքի, կայքը հրապարակել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի մեկնաբանությունը: Սաքունցը նշում է, որ ինքը համամիտ է Վենետիկի հանձնաժողովի դիտողությունների հետ:

 

Հիմնականում այս երկու հրապարակումն է, որ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում հոմոֆոբ ալիքի տարածման պատճառ դարձավ: Թիրախավորվեցին ոչ միայն ԼԳԲՏ անձինք, այլ նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

«Առավոտ»-ը, սակայն, այս երկու հրապարակմամբ չի սահմանափակվում: Երեկ կայքը հրապարակում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի մեկնաբանությունը: Նյութը սկսվում է Վենետիկի հանձնաժողովի դիտողության խեղաթյուրմամբ: «Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկել էր փոփոխություն մտցնել 34-րդ եւ 15-րդ հոդվածներում՝ չսահմանափակելով միասեռականների ամուսնությունները: Ըստ հանձնաժողովի, Սահմանադրության նախագծի 34-րդ և 15-րդ հոդվածները կարող են ընկալվել՝ որպես միասեռական ամուսնությունները ճանաչելու իրավական արգելք»,- ասված է նյութի առաջին նախադասությունում, այնինչ Վենետիկի հանձնաժողովը, ինչպես արդեն վերը մի քանի անգամ նշվեց, դրույթներում ոչ թե փոփոխություն մտցնելու առաջարկ է արել, այլ նշել է, որ դրանք չպետք է մեկնաբանվեն իբրև նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք, ոչ թե նշել է, թե դրանք այդպիսին կարող են ընկալվել: Տվյալ դեպքում գործ ունենք լրագրողի անգրագիտությա՞ն, թե՞ միտումնավոր խեղաթյուրման հետ, կարելի է միայն ենթադրել: Նշենք նաև, որ նյութում մի քանի անգամ հանդիպում են «համասեռամոլ», «համասեռամոլություն», «միասեռական» ոչ կոռեկտ ձևակերպումները՝ թե՛ որպես Եղիազարյանի ուղիղ խոսքի մեջբերումներում, թե՛ լրագրողի տեքստի հատվածներում: Ավելորդ է նշել, որ Եղիազարյանի մեկնաբանությունն ամբողջությամբ հոմոֆոբ բնույթի է: 

 

Երեկ մի շարք կայքեր (news.am, asekose.am, armtimes.com և այլն) հրապարակեցին Ավետարանական եկեղեցիների առաջնորդների համատեղ հայտարարությունը: Վերջիններս սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովին հորդորում են «տեղի չտալ միջազգային կառույցների կարծիքներին» և կոչ են անում էլ ավելի «վճռական» ձևակերպումներ գտնել, «ինչի արդյունքում ամուսնությունը բացառապես կմեկնաբանվի որպես կնոջ և տղամարդու միջև դաշինք»: 

 

Թե ինչու են վերոնշյալ կայքերը, իսկ «Առավոտ»-ը՝ առանձնահատուկ հետևողականությամբ, վերը բերված դիտանկյունից անդրադարձել Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթին՝ խախտելով լրագրության տարրական կանոններն ու դրսևորելով կա՛մ անգրագիտություն, կա՛մ խեղաթյուրման միտում, ենթադրությունների առարկա է:

 

Այս պահի դրությամբ թեմայի առնչությամբ մենք մամուլում այլ հրապարակումների չենք հանդիպել:

 

 

Ինչո՞ւ է երևույթն արտառոց

 

 

Սահմանադրական փոփոխությունների նախագծի տեքստի միջոցով փորձ է արվում վիժեցնել նույնասեռ ամուսնությունների որևէ հնարավորություն, և Վենետիկի հանձնաժողովն այդ փորձին արձագանքել է լղոզված և մակերեսորեն՝ հստակորեն չնշելով, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հետքայլ սահմանադրականության, իրավունքի, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցում: Էլ չխոսած այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովը  «վերլուծող-եզրակացնողի» գործառույթ ունի, որի եզրակացություններն ու դիտարկումներն էքսպերտային՝ մասնագիտական գնահատական են իրենցից ներկայացնում, ո՛չ ավել:

 

Եվ ուրեմն, ինչո՞ւ հանկարծ այս հարցը ոչ միայն խեղաթյուրված շեշտադրումներով դարձավ մեդիա իրադարձություն, այլ նաև որպես այդ մեդիա իրադարձության հետևանք՝ սոցցանցերում ատելության խոսքի, վիրավորանքների ու առճակատման առիթ դարձավ, և սա այն դեպքում, երբ սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա են բազում այլ հիմնարար ու առանցքային դրույթներ ևս, որոնց անդրադառնալու կարիք կա: Կամ ինչո՞ւ այս խնդիրը չարծարծվեց ըստ հարցի էության՝ որ սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է հետքայլ արձանագրել նույնասեռ ամուսնությունների հնարավորության հարցում: Գուցե խնդիր է դրվել մամուլն ու սոցցանցերը ողողել արհեստական պատրվակի շուրջ բանավեճերո՞վ՝ ավելի առաջնային խնդիրները հասարակական ուշադրությունից հեռացնելու համար: Առաջին անգամ չէ, որ ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցը  որոշ խմբերի կողմից խեղաթյուրված կերպով շահարկվում է:

 

 

Ի՞նչ անել

 

 

Նախ և առաջ անհրաժեշտ է բարոյական պատասխանատվության կանչել մասնագիտական էթիկան խախտող լրագրողներին ու լրատվամիջոցներին: ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում դեռևս մոտ 40 տարի առաջ մշակվել է «Ժուռնալիստիկայում մասնագիտական էթիկայի միջազգային սկզբունքներ» անունով փաստաթուղթը, որում նշվել են այդ հիմնական սկզբունքները: Այդ սկզբունքներն են՝

 

1. քաղաքացիների՝ անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքի պահպանում,
2. իրադարձությունների անաչառ ու բազմակողմանի լուսաբանում,
3. լրագրողի սոցիալական պատասխանատվություն,
4. լրագրողի մասնագիտական ազնվություն,
5. հանրության համար տեղեկատվության մատչելիություն, 
6. անձնական կյանքի և արժանապատվության հարգում,
7. հասարակական շահերի հարգում,
8. համընդհանուր արժեքների ու մշակութային բազմազանության հարգում,
9. պատերազմների և մարդկությանը սպառնացող այլ արհավիրքների դեմ պայքար,
10. համաշխարհային տեղեկատվական և հաղորդակցային նոր կարգի զարգացում:

 

Ակնհայտ է, որ վերոնշյալ լրատվամիջոցներն ու դրանց աշխատակիցները խախտել են մասնագիտական էթիկայի թվարկված սկզբունքների գերակշիռ մասը: 

 

Երկրորդ՝ պետք է խոսել ոչ թե տարաբնույթ կայքերի մատուցած խեղաթյուրված կոնտենտի համատեքստում, այլ հարցի առնչությամբ իրական պրոբլեմի, այն է՝ Հայաստանում սահմանադրական մակարդակով փորձ է արվում հետընթաց գրանցել ԼԳԲՏ անձանց իրավունքների իրացման հնարավորության հարցում, ինչպես մարդու և քաղաքացու իրավունքների իրացման մյուս հարցերում ևս: Մնացած բոլոր համատեքստերը տվյալ դեպքում կեղծ են և ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ էժան շահարկումների առիթ: