Հոմոֆոբիայի կեղծ ալիք, կամ ինչու են աղմկում մարգինալները

30543

Համացանցում բոլորովին վերջերս ի հայտ է եկել ԼԳԲՏԻ անձանց ուղղված ատելության խոսք և թշնամանք տարածող հայալեզու մի կայք, որում հրապարակված նյութերը Facebook-ում տարածվում են միանգամից մի քանի էջերով ու մի խումբ մարդկանց կողմից, իսկ շատ որոշակի այսպես կոչված լրատվամիջոցներ դրանք արտատպում են: Բացի արտատպումից, այդ քարոզչամիջոցների համար ստեղծվում է տեղեկատվական առիթ՝ ատելության խոսք և թշնամանք պարունակող վերլուծությունների, հարցազրույցների, մեկնաբանությունների համար:

Այսպիսով, ակնհայտ է, որ ինչ-որ կենտրոններից խնդիր է դրվել Հայաստանում բարձրացնելու հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի մի նոր ալիք:

Որ նման ալիքի բարձրացումը շինծու է ու արհեստական, ակնհայտ է նաև այդ կայքի հրապարակումների բնույթից: Այսպես, մի քանի օր առաջ ակտիվիստներից մեկը, հետևելով ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինե Առաքելյանի օրինակին, մտել էր Հանրապետության հրապարակի շատրվանի մեջ, և իրավապահներն իրենց գործելաոճին համապատասխան ուժի կիրառմամբ դուրս էին բերել ակտիվիստին այնտեղից: Տեղի ունեցածը, ինչպես նաև ավելի վաղ Արմինե Առաքելյանի նմանատիպ քայլը որևէ ուղիղ առնչություն չուներ ԼԳԲՏԻ անձանց իրավունքներին: Սակայն այս իրադարձությունը այդ կայքի համար դարձել էր հոմոֆոբիայի ալիք բարձրացնելու փորձի առիթ. ոջիլի պատմության հայտնի տրամաբանությամբ կառուցված նյութը Facebook-ի մի քանի էջերով վճարովի գովազդվում էր և տարածվում տարատեսակ խմբերում, էջերով և մի խումբ անձանց կողմից:

Վերոնշյալ էջերի, խմբերի ու տարածող անձանց ֆեյսբուքյան «պատերի» հպանցիկ ուսումնասիրությունն ակնհայտ է դարձնում, թե հատկապես որ արտաքին ու ներքին կենտրոններից է հրահանգված Հայաստանում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի արհեստական ալիքի բարձրացումը:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ չնայած հայտնի կենտրոններից ղեկավարվող խմբակի ահռելի ջանքերին՝ նրանց այս պահին այդպես էլ չի հաջողվել հասնել իրենց պրովոկատիվ նպատակներին. հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի արհեստական ու շինծու ալիքն այդպես էլ մեծ մասշտաբներ չստացավ և հանրային օրակարգի առաջնահերթ հարցերում չներառվեց, որևէ լուրջ լրատվամիջոց չտրվեց սադրանքին և չարտատպեց ու չարծարծեց այդ թեման, իսկ Facebook սոցիալական ցանցերի այն էջերը, որոնցով տարածվում են այդ կայքի նյութերը, չափազանց փոքր լսարան ունեն: Այսպիսով, գործ ունենք մարգինալ մի խմբի հետ, որ ղեկավարվում է ճիշտ այն նույն կենտրոններից, որտեղից հրահանգավորված՝ նախորդ տարի Եվրամիության հայաստանյան պատվիրակության մոտ մի քանի երիտասարդների հետ ԼԳԲՏԻ դրոշ էր այրում հետագայում աութինգի ենթարկված Ռոբերտ Ահարոնյանը:

Բայցևայնպես հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ոմանց հենց այս պահին անհրաժեշտ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցն արհեստական շահարկումների ու հոմոֆոբիայի ալիքի առիթ դարձնել:

Պատճառը բացահայտվում է այսօր տպագիր թերթերից մեկում «Հանուն ինքնիշխանության վերականգնման» անունը կրող վիրտուալ ու արհեստածին, հանրային ու հրապարակային լուրջ ակտիվություն երբևէ չդրսևորած նախաձեռնության անդամ ոմն Հայկ Այվազյանի հարցազրույցից:

Հարցազրույցում Այվազյանը խոսում է այն մասին, որ «2015թ. դեկտեմբերի 11-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ֆինանսավորման համաձայնագիրը, որը պարտավորեցնում է Ազգային ժողովին 2016թ. վերջին ընդունել «Խտրականության դեմ» և «Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրենքները: Համաձայնագրում նշվում է, որ այդ օրենքներն ընդունելու դեպքում Եվրամիությունը դրանք կյանքի կոչելու համար 12 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ 4 փուլով մինչեւ 2018թ.»: 

«ԼԳԲՏ համայնքը մեծ հույսեր է կապում այդ նախագծերի ընդունման հետ, քանի որ դրանցում ներկայացված որոշ դրույթներ ուղղված են հենց այդ համայնքի ներկայացուցիչների իրավունքները մեր հասարակության մեջ գերակա դարձնելուն»,- հավելում է Այվազյանը և նշում, որ «այժմ այդ օրենքների նախագծերը վերափոխված ձևով պետք է քննարկման դրվեն, դրանք վերանայման փուլում են» և կարծիք հայտնում, որ«միասեռականներին պաշտպանող դրույթներն ավելի անկեղծ բովանդակությամբ կշարադրվեն նոր տարբերակներում»:

Ահա և հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի արհեստական ալիքի բարձրացման պատճառը՝ «Խտրականության դեմ» և «Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրենքների ընդունման հեռանկարը և դրանցում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ դրույթների առկայության հնարավորությունը: Պատահական չէ, որ նորաբաց այդ կայքում այս երկու օրինագծերի համար հատուկ երկու բաժին է բացված:

Հայաստանն, իրոք, Եվրամիության հետ 2015-ի դեկտեմբերի 11-ին ստորագրել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» անունով համաձայնագիր, որով նախատեսված է 12 միլիոն եվրոյի չափով Եվրամիության ֆինանսական աջակցություն Հայաստանին: Եվ իրոք, Հայաստանում նախատեսված է ընդունել «Խտրականության դեմ» և «Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրենքներ: Այվազյանը նաև ճիշտ է, որ օրինագծերը վերանայման/մշակման փուլում են և առաջիկայում պետք է հանրայնացվեն:

Հայաստանում գործող «Եվրասիա համագործակցության հիմնադրամ» կազմակերպության պաշտոնական կայքում առկա տեղեկության համաձայն՝ այդ կազմակերպությունը Նիդեռլանդների Թագավորության աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ օրենսդրությանն ուղղված ծրագիր», որի խնդիրներից մեկն է «աջակցել կառավարության ու միջազգային հանրության՝ խտրականությունն արգելող ուժեղ և ընդգրկուն օրենսդրություն ստեղծելու ջանքերին, օրենսդրություն, որը հետագայում կընդունվի խորհրդարանի և հանրության կողմից»:

Կառավարության ու միջազգային հանրության՝ խտրականությունն արգելող օրինագիծ ստեղծելու, ինչպես նաև «Եվրասիայի»՝ դրան աջակցության ողջ գործընթացը, ինչպես նաև տեղեկությունը, թե որ փուլում է գտնվում այդ գործընթացը, ինչպիսի բովանդակություն ունի օրինագիծը, ովքեր են ներգրավված այդ աշխատանքներում և այլն, այս պահին հրապարակային չէ: 

Դեռևս նախորդ տարվա հունիսին Կառավարության նիստի ժամանակ Արտաքին գործերի փոխնախարարի ներկայացրած «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» վերգրության ծրագրի մի քննակման ժամանակ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը խիստ զայրացավ «գենդեր» բառի վրա և վրդովված նշեց. «Մենք դա մի անգամ անցանք Սոցիալական ապահովության նախարարության հետ համապատասխան օրենսդրությունը մշակելիս, որից հետո այլ տեղերում: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին սրա մասին իր կարծիքը հայտնել է: Ինչու՞ ենք մենք նորից վերադառնում մի բանի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում: Եթե ուզում ենք կանանց ու տղամարդկանց հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք, ի՞նչ գենդեր, ինչի՞ ենք գենդեր տերմինն անընդհատ մտցնում ակտերի մեջ: Կարծում եմ, որ պետք է խմբագրել»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ, բնականաբար, կարգադրեց խմբագրել և հանել «գենդեր» բառը:

Այսպիսով, Բաղրամյան 26-ից հստակ հրահանգ իջեցվեց այլևս որևէ օրինագծում չընդգրկել «գենդեր» բառը և բինար՝ կին-տղամարդ հարթության պատկերացումներից որևէ քայլ այնկողմ չանցնել:

Պատճառն, իհարկե, միայն իշխող ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությունը չէ: ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցը, ինչպես մենք նախկինում վերլուծել ենք մեր այլ հրապարակումներում, վաղուց արդեն դարձել է արտաքին քաղաքական ընտրության, կողմնորոշումների, արժեքային ընտրության ինդիկատոր, և հենց այս հարթությունում էլ հարցը պետք է դիտարկել ու հենց սրանով է պայմանավորված արտաքին որոշ կենտրոնների հրահրմամբ մարգինալ խմբակների ակտիվացումը Հայաստանում և արհեստականորեն հոմոֆոբիայի ալիքի բարձրացման փորձերը:

Նկատի ունենալով այն, որ «Եվրասիա» հիմնադրամի կայքում առկա տեղեկությունների համաձայն՝ իրականացվող ծրագրի շրջանակներում այդ կազմակերպության միջնորդությամբ փորձ է արվում «կառավարության և միջազգային հանրության»՝ հակախտրական օրինագիծ ունենալու ջանքերին նպաստելը, իսկ գործընթացն ու օրինագիծը դեռևս հրապարակված չեն, կարելի է ենթադրել, որ կողմերի միջև ընթանում է բանակցություն՝ օրինագծում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ դրույթ ավելացնել-չավելացնելու կապակցությամբ: Թե ինչպիսի դիրքորոշում ունի ծրագիրն իրականացնող կազմակերպությունը, որը, փաստացի, միջնորդի դեր է կատարում, ինչպես նաև փորձագետները՝ այլ հարց է, իսկ ահա կողմերի՝ միջազգային հանրության և կառավարության դիրքորոշումները հստակ են: Թե ով կհաղթի այս բանակցություններում՝ կպարզվի, երբ հրապարակվի օրինագծի տեքստը: Իսկ մինչ այդ մի քանի դիտարկումներ մեր կողմից:

1. Մարգինալ այս խմբակը, որ արհեստականորեն հոմոֆոբիայի ալիք է փորձում բարձրացնել, լուծում է նույն այն խնդիրը, որ անհաջող կերպով փորձեց ավելի վաղ լուծել աութինգի ենթարկված Ռոբերտ Ահարոնյանը: Այն է՝ ցույց տալ, որ Հայաստանի հասարակությունն, իբր, դեռևս պատրաստ չէ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովող իրավական դրույթների ընդունմանը: Սա բացարձակ սուտ է, քանի որ ԼԳԲՏԻ իրավունքները մարդու իրավունքներ են՝ բխող սահմանադրականության և իրավունքի հիմքերից, իսկ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, որոնք կհայտարարեն, թե դեմ են սահմանադրականությանն ու իրավունքին: Ավելին, Հայաստանը 2008-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ» հռչակագիրը, և հանրությունը որևէ հրապարակային դժգոհություն չի հայտնել այդ առնչությամբ: Ի՞նչն է, ուրեմն, խանգարում ներպետական իրավունքի ուժ տալ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը: Հաստատ ո՛չ հասարակության պատրաստ չլինելը, և միջազգային հանրությունը չպետք է թյուրիմացության մեջ ընկնի: Պատրաստ չէ ո՛չ թե հասարակությունը, այլ որոշ արտաքին ու ներքին կենտրոնների կողմից ուղղորդվող մարգինալ խմբակներ: Ուստի հոմոֆոբիայի ալիքի արհեստական բարձրացման ցանկացած փորձ, որ կողմից էլ դա հրահրված լինի, ում կողմից էլ դա իրագործվի, սովորական սադրանք է: ԼԳԲՏԻ համայնքը չպետք է որևէ կերպ տուրք տա նման սադրանքներին և չպետք է նպաստի արհեստական հիստերիայի ծավալմանը:

2. «Եվրասիայի» իրականացրած՝ «Արդյոք անհրաժե՞շտ է «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենքի ընդունումը» իրավագիտական հետազոտությամբ պարզվել է (տե՛ս էջ 12), որ հայաստանյան իրավական ակտերում խտրականության արգելքով պաշտպանված չէ միմիայն «սեռական կողմնորոշումը»: Ռասայի, մաշկու գույնի, էթնիկական, սոցիալական ծագմամբ, տարիքով, սեռով և բազմաթիվ այլ հիմքերով խտրականության արգելքը տարբեր օրենքներով կարգավորված է, այդ թվում անգամ «գենդեր»-ը, բացառությամբ սեռական կողմնորոշման: Եթե հակախտրական օրինագծո՛ւմ անգամ չամրագրվի սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը և չվերահաստատվի «գենդերային» հիմքով խտրականության արգելքը, ապա ինչի՞ն է պետք խտրականության այդպիսի օրենք, որը հիմնական բացերը չի լրացնելու:

3. Հետխորհրդային երկրներից Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում հակախտրական օրինագծերի քննարկումների և ընդունման ժամանակ նույնպես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցն ամենաշատ քննարկվածն ու խնդրահարույցն էր: Այնուամենայնիվ, Վրաստանի խորհրդարանը 2014-ի մայիսին ընդունեց «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքը, որտեղ հստակերոն նշված է նաև արգելքը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով: Ուկրաինայի խորհրդարանը նույնպես 2014-ի մայիսին ընդունեց խտրականությունն արգելող օրենք, որով նախատեսված էին մի շարք փոփոխություններ այլ օրենքներում. սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը հստակ օրենսդրորեն ձևակերպվեց: Մոլդովայի խորհրդարանը 2013-ին ընդունեց «Հավասարության ապահովման մասին» օրենքը, որի տեքստում մինչ այդ Ռուս ուղղափառ եկեղեցու կառուցվածքում գտնվող Մոլդովայի ուղղափառ եկեղեցու բարձրացրած աղմունքի հետևանքով փոփոխություններ տեղի ունեցան, և սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը պահպանվեց միայն աշխատանքային հարաբերությունների մասով: Առանձնահատուկ ընդգծելու կարիք կա, որ երեք պետություններում էլ օրինագծերի՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների համար ամենաբարենպաստ տարբերակներն առաջարկվել են այդ պետությունների կառավարությունների կողմից, քաղաքացիական հասարակությունն ամբողջությամբ պաշտպանել է այդ օրինագծերը, երեք պետություններում էլ, հատկապես՝ Վրաստանում և Մոլդովայում եկեղեցիներն ու ռուսական ազդեցության ոլորտում գտնվող միավորներն են դեմ արտահայտվել օրենքներին, սակայն երեք պետությունում էլ նրանք պարտվել են. Վրաստանում՝ ավելի շատ, Մոլդովայում՝ ավելի քիչ, սակայն երեք պետությունների օրենսդրությունում այս կամ այն կոնտեքստում սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը հիշատակված է:

4. Եթե հայաստանյան հակախտրական օրենքում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով արգելքը չսահմանվի, սա լրջագույն հարված կլինի Եվրամիության հեղինակությանը, իրավունքի աններելի զիջում: Հակախտրական օրինագծում պարտադիր պետք է ներառել այդ հիմքերով արգելքը, քաղաքացիական հասարակությունը պետք է պայքարի այդ դրույթներն օրինագծում պահպանելու համար, իսկ թե կընդունի հայաստանյան խորհրդարանն ու իշխող մեծամասնությունն այդպիսի օրինագիծ, թե ոչ՝ կախված է քաղհասարակության պայքարից, միջազգային հանրության հաստատակամությունից: Իսկ եթե Նիդեռլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում մշակվող օրինագծում ի սկզբանե չներառվեն այդ հիմքերը, ապա հայաստանյան հասարակությունը բոլոր հիմքերը կունենա վերանայելու իր պատկերացումը Նիդեռլանդների մասին՝ իբրև իրավունքների ու ազատությունների առաջամարտիկ երկրի:

5. Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խտրականության դեմ պայքարի մասին օրենքի նախագծի հայեցակարգի և նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ ներկայացած Արա Ղազարյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր է կարգավորելու այդ նախագիծը և ինչո՞վ է պայմանավորված այդպիսի նախագիծ ունենալու անհրաժեշտությունը, ասել է. «Նախագծի մշակումը կապված է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, թոշակառուների, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հետ: Դա նաև նախատեսված է Հայաստանի միջազգային պարտավորություններով, որի նպատակն է պաշտպանել այդ անձանց իրավունքները խախտումներից: Այս առումով այն, ինչ հրապարակված է լրատվամիջոցներում, իրականության հետ որևէ առնչություն չունի, և նպատակ ունի հեղինակազրկելու մեր կատարած աշխատանքը, ինչպես նաև վտանգում է իմ կողմից նշված՝ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»: Թե ինչն է հերքում Արա Ղազարյանը, ինչ հրապարակումների մասին է խոսում և ինչն է հեղինակազրկում իրենց աշխատանքը՝ հստակ չէ, բայց տողատակերն էլ տեսնելը բարդ չէ: Ինչպիսի սկզբունքներով են ընտրվել այս ծրագրի փորձագետները, որքանով են նրանք և «Եվրասիա»-ն պատասխանատվություն կրում օրինագծի բովանդակության համար՝ մեզ հայտնի չէ, բայց LGBTnews-ը հետևողական է լինելու այս հարցերը վերհանելու և հանրայնացնելու հարցում:

Եվ վերջում. իրավունքներն ու ազատությունները ոչ ոքի հենց այնպես չեն տրվում, դրանք նվաճվում են պայքարի միջոցով: Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին խոսելիս՝ մենք խոսում ենք մոտ 100 հազար մարդու մասին (համաձայն գիտական գրականությունում առկա՝ հասարակություններում ԼԳԲՏԻ անձանց տոկոսի մասին տվյալների): ԼԳԲՏԻ անձինք և իրավունքի ջատագովները, ինչպես պարզ է դառնում վերոգրյալից, միանգամից մի քանի հակառակորդ ունեն և շատ քիչ դաշնակից: Սա հուսալքվելու առիթ չէ, այլ ընդհակառակը՝ համախմբվելու: Եվ այս հարցում հսկայական դեր ունեն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշպանությամբ զբաղվող, ինչպես նաև այլ իրավապաշտպան կազմակերպությունները: Գործընթացների ելքն, այսպիսով, կլինի հայաստանյան քաղհասարակության գործունեության գնահատականը: