Հոմոֆոբիան նպաստում է Հայաստանի հայաթափմանն ու հանցագործությունների աճին. Մամիկոն Հովսեփյան

LGBTnews.am-ի զրուցակիցն է Pink Armenia հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը: 

 

– Ընդհանուր իրավասության դատարանը մի քանի օր առաջ հրապարակեց դատավճռի եզրափակիչ մասը՝ դատարանի դահլիճում չներկայացնելով ընդդեմ «Իրավունք»-ի 16 քաղաքացիների հայցի մերժման հիմքերը: Ձեզ համապատասխան փաստաթուղթ ներկայացրե՞լ են, որում պետք է առկա լինեն հայցի մերժման հիմքերը:

 

– Մեզ նման փաստաթուղթ տվել են, որտեղ գրված է, թե ինչ հիմքով է, իբր, հայցը մերժվել: Ներկայացված հիմքերը լղոզված են, սպառիչ չեն և անընդունելի են:

 

– Նկատի ունենալով այն, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ անվստահություն կա, ըստ ձեզ՝ որո՞նք էին նման վճիռ կայացնելու նախադրյալներն ու իրական պատճառները:

 

– Նախ դատական նիստի ընթացքում ակնհայտ էր դատավորի բացասական վերաբերմունքը հայցվոր կողմի հանդեպ. անթաքույց ագրեսիա կար հայցվորների փաստաբանների հանդեպ, և հակառակը՝ մեղմ ու կիրթ վերաբերմունք պատասխանող կողմի նկատմամբ: Դատավորն անընդհատ փորձում էր անբարյացակամ նոտաներ հղել հայցվոր կողմի փաստաբաններին, նաև տպավորություն կար, որ նա ընդգծված կերպով փորձում էր իր իշխանությունը հաստատել դատարանի դահլիճում, հասկանցել, որ «ասողը» ինքն է՝ հոգեբանական ճնշում գործադրելով մեր փաստաբանների նկատմամբ: Այսինքն՝ դատավորն ի սկզբանե կողմնակալ էր:

 

Երկրորդ՝ վճիռը հրապարակելուց մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացու մեդալ շնորհեց «Իրավունք»-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին՝ թերթի 25-ամյակի կապակցությամբ, ինչից ակնհայտ էր, որ երկրում ատելության խոսքն ու հոմոֆոբիան հովանավորվում են ամենաբարձր մակարդակով: Սա յուրօրինակ ուղերձ էր նաև դատարանին և մի նշան, որից պարզ էր դառնում, թե ինչպիսին կլինի դատավճիռը:

 

-Իմ հաջորդ հարցը հենց այդ խնդրին է առնչվում. դատական վճռի հրապարակումից հետո մենք կարո՞ղ ենք արձանագրել՝ քանի որ Հայկ Բաբուխանյանը՝ «Իրավունք»-ի խմբագրական խորհրդի նախագահը, պատահական մարդ չէ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, որը նաև խորհրդարանի բարձր ամբիոնից է հոմոֆոբ հայտարարություններ անում, ու նաև մեդալ է ստանում Սերժ Սարգսյանից, ուստի ատելության խոսքն ու հոմոֆոբիան Հայաստանում խրախուսվում են իշխող ուժի կողմից և ամենաբարձր մակարդակով:

 

– Միանշանակ կարող ենք սա փաստել: Դա նաև արձանագրվել է միջազգային տարբեր փաստաթղթերում և զեկույցներում` իբրև “state sponsored homophobia”, այսինքն՝ ամենաբարձր մակարդակով հովանավորվող հոմոֆոբիա: Եթե նախկինում ասվում էր, թե բարձրաստիճան պաշտոնյաները լռում են ու չեն անդրադառնում ԼԳԲՏ համայնի և մյուս փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներին, ինչը ևս, իհարկե, խտրականության մի այլ ձև էր, այժմ ավելի վատ վիճակի ականատեսն ենք՝ լռելը փոխարինվել է անթաքույց ու բացահայտ ատելության խոսքի ու հոմոֆոբիայի քարոզով, ինչը մեդալներով, փաստորեն, խրախուսվում է երկրի առաջին պաշտոնը զբաղեցնողի կողմից: Թե ինչ արժանիքների համար է մեդալ տալիս… Մովսես Խորենացու անվան մեդալը դարձել է ՀՀԿ-ականների ձեռքի թաշկինակը, և սա շատ ցավալի է: Հուսանք, որ մի օր Մովսես Խորենացու անունն այսկերպ չի շահարկվի:

 

– Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված «Իրավունքի» նման ակնհայտ սևեռվածությունը ԼԳԲՏ համայնքի և անձանց իրավունքների հարցով զբաղվող իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունների նկատմամբ: Ձեր կարծիքով այդ հարցն իրենց համար այդքան սկզբունքային, գաղափարական հա՞րց է, թե՞ թերթի վաճառքն ավելացնելուն ուղղված միջոց՝ նկատի ունենալով, որ Հայաստանում նման որակի հրապարակումները, ցավոք, մշտապես գտնում են իրենց ընթերցողին: Կամ գուցե թե մեկը, թե մյո՞ւսը:

 

– Չեմ կարծում, թե իրենք գովազդի կարիք ունեն, քանի որ այդ թերթը պահող-փայփայողներ, ֆինանսավորողներ, իհարկե, կան, և բոլորս գիտենք՝ ովքեր են ու ինչու են հովանավորում: Ես կարծում եմ, որ մենք ականատեսն ենք Կիսելյովի ոտքերի տակ պառկելու շնորհքի դրսևորման, այսինքն՝ ընդամենը Ռուսաստանի իշխանությանը ցանկանում են ցույց տալ, որ հավատարիմ են Կրեմլից տարածվող հակամարդկային երևույթներին ու պատրաստ են այդ երևույթները պրոպագանդել նաև Հայաստանում:

 

– Դե, գիտենք, որ ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցը վաղուց արդեն աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց է դարձել, յուրահատուկ մի ինդիկատոր՝ Արևմուտք-Ռուսաստան կամ այլ կերպ ասած՝ առաջադիմություն-հետադիմություն հակադրության մեջ: Ա՞յս համատեքստում եք տեսնում սևեռվածության նման դրսևորումը:

 

– Այո, միանշանակ: Գիտեք, որ համամարդկային արժեքներին հակադրվելու մոլուցքով տառապող Պուտինն ի թիվս այլ հարցերի իբրև թիրախ է վերցրել նաև ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին ու ցանկանում է, որ իր «գրաված» տարածքներում՝ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում ու նաև Հայաստանում շարժվեն նույն կերպ: Ընթերցողը հավանաբար տեղյակ է, որ Ղրղզստանի խորհրդարանը Ռուսաստանի օրինակով վերջերս առաջին ընթերցմամբ ընդունեց «հակաԼԳԲՏ» օրինագիծը, վատ վիճակում են ԼԳԲՏ իրավունքները նաև Բելառուսում: Նույն տրամաբանությամբ էլ առաջնորդվում են Հայաստանում. Կրեմլի «նազիր-վեզիրները» կատարում են իրենց կրեմլյան տիրոջ պատվերները և սկուտեղի վրա մատուցում արդյունքները: Հայաստանը դեպի Եվրասիական տնտեսական միություն տանող իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող թերթերը հենց այս ֆունկցիան են կատարում:

 

– Ես գիտեմ, որ դուք պատրաստվում եք վիճարկել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը վերաքննիչ դատարանում: Դուք հույս ունեք, որ վերադաս դատարաններն ավելի անաչա՞ռ կգտնվեն, թե՞ Եվրադատարան դիմելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական միջոցները սպառելու խնդիր ունեք:

 

– Մենք ցանկանում ենք այս գործը հասցնել մինչև հաղթական ավարտ և Հայաստանում արդարադատություն չգտնելու պարագայում հավանաբար կդիմենք Եվրադատարան: Թեև հայաստանյան դատական համակարգի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյի, այնուամենայնիվ նկատի ունենալով այն, որ Հայաստանի իշխանությունները քամելեոնի նման գունափոխվելու հատկություն ունեն, ինչպես նաև հաշվի առնելով արատավոր դատական համարարգում հազվադեպ առկայծող արդարության նշույլները, չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի հրաշք տեղի ունենա, և մենք արդար դատավճռի ականատեսը լինենք: Դե, գիտեք, թե որն է Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության իմաստը. ինչ-որ մեկի աչքում «պուպուշ» երևալու խնդրի լուծումն է: Գուցե ինչ-որ պահի դա աշխատի: Բացի այդ, մենք ուզում ենք վստահ լինել, որ մեր իրավունքները վերականգնելու համար Հայաստանում բոլոր հնարավոր միջոցները կիրառել ենք ու սպառել:

 

– Հայկ Բաբուխանյանը՝ Ազգային ժողովի ամբիոնից և «Իրավունք»-ի լրագրողներն՝ իրենց թերթի էջերում շահարկման թեմա են դարձրել ձեր ղեկավարած կազմակերպության՝ Pink Armenia-ի և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ օմբուդսմենին մեղադրելով ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու մեջ, թեև ինձ համար, օրինակ, այնքան էլ պարզ չէ, թե ինչ է արել օմբուդսմենը այդ անձանց իրավունքների պաշտպանության հարցում… Ինչևէ, այդ հուշագիրն այժմ գործո՞ւմ է և ի՞նչ համագործակցություն է ենթադրում:

 

– Հուշագիրը գործում է, դրա ժամկետը դեռևս չի սպառվել, սակայն պետք է ասեմ, որ այն, ցավոք, ձևական փաստաթուղթ է: Համագործակցությունը դե ֆակտո չկայացավ, քանի որ օմբուդսմենն այլ մարտավարություն որդեգրեց: Եթե համեմատենք նախորդ օմբուդսմենների հետ, պետք է արդարության համար նշենք, որ ավելի վատ դեպքեր էլ ենք ունեցել, սակայն այնպես չէ, որ այս օմբուդսմենի գործունեությունը բավարար է: 2013-ի զեկույցում, օրինակ, պաշտպանը տրանսֆոբիկ հայտարարություններով փորձեց տպավորություն ստեղծել՝ իբր պայքարում է հոմոֆոբիայի դեմ: Ձեր կայքում այդ մասին շատ դիպուկ վերլուծություն է հրապարակվել: Կարճ ասած՝ համագործակցության լուրջ հիմքեր չկան: Մենք, ամեն դեպքում, փորձում ենք կապ հաստատել, մեր կազմակերպության հրապարակած զեկույցներն ուղարկում ենք պաշտպանի գրասենյակ:

 

Ինչ վերաբերում է մեր կազմակերպությանը, ապա պետք է ասեմ, որ «Իրավունք» թերթը Pink Armenia-ն թիրախավորել է դեռևս 2009-ից: Մշտապես զրպարտություն պարունակող նյութեր են հրապարակում, վիրավորական արտահայտություններով լի հոդվածներ տպագրում: Վերջերս, օրինակ, գրել էին, թե ես, իբր, Լատինական Ամերիկայում գեյ-շքերթների եմ մասնակցել: Զավեշտն այն է, որ ես, ցավոք, նախ Լատինական Ամերիկայում դեռևս երբեք չեմ եղել, թեև շատ եմ ցանկանում այցելել այդ երկրներ, եվ երկրորդ՝ երբեք գեյ-շքերթների չեմ մասնակցել, որքան էլ զարմանալի հնչի, թեև շատ եմ ցանկանում մասնակցել, քանի որ հետաքրքրում է՝ ինչպես է այդ ամենը կազմակերպվում, իրագործվում: Այսպիսով՝ այդ թերթը 5 տարուց ավել է՝ հետապնդում է Pink Armenia-ն: Նույն օմբուդսմենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող այլ կազմակերպությունների, բայց «Իրավունք»-ին հետաքրքրում է կոնկրետ թիրախ: Նրանց, երևի, անձնավորված «հերոսներ» են պետք, կոնկրետ «ազգի դավաճաններ», որոնց դեմ իրենք, իբր, պայքարում են:

 

-Ոչ պակաս տարօրինակ է այն, որ Հայկ Բաբուխանյանը «Իրավունք»-ի վերջին՝ ատելության խոսքի ժողովածու հիշեցնող հրապարակումները, որոնք դատական գործի առիթ դարձան, հիմնավորում է Ինգա և Անուշ Արշակյանների խոսքի ազատության իրավունքի պաշտպանությամբ…

 

– Դե, նրանց բոլոր գործողություններում և խոսքում բազմաթիվ աբսուրդներ կան: Մեկ այլ աբսուրդն էլ այն է, որ խնդրո առարկա նյութում, որի պատճառով 16 քաղաքացիներ դատական հայց ներկայացրեցին ընդդեմ «Իրավունք»-ի, զետեղվել էին մի շարք ֆեյսբուքյան օգտատերերի էջերի հիպերհղումներ, որոնք ընդհանրապես որևէ տառ չէին գրել Ինգա և Անուշ Արշակյանների ֆեյսբուքյան ասուլիսի էջում: Ես ինքս ոչ մի մեկնաբանություն չեմ գրել այնտեղ, թեև իմ ֆեյսբուքյան էջի հիպերհղումն էլ, չգիտես ինչու, հայտնվել էր այդ հոդվածում: Բացի այդ, օգտատերերի մի մասը, որոնց ֆեյսբուքյան էջերի հղումները հայտնվել էին «Իրավունք»-ի էջերում, ընդհանրապես որևէ բառ չէր գրել ԼԳԲՏ անձանց իրավունքների թեմայով կամ Կոնչիտայի մասին. նրանք Արշակյան քույրերին հարցեր էին ուղղել՝ կապված վերջիններիս կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վիրավորելու հետ: Էչ չխոսած այն մասին, որ այդ ցուցակում կային նաև հոմոֆոբ մարդիկ, որոնք Գալաջյանի թեթև ձեռքով դարձան «գեյ-լոբբիստներ»: Հետաքրքիր է, որ այդ մարդիկ ձայն չհանեցին, այսինքն՝ Գալաջյանի նյութը դեռ մի բան էլ հակառակ արդյունքն ունեցավ:

 

– Այդ թերթի նյութերը կարդալիս ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրենք շատ լավ տեղյակ են ԼԳԲՏ համայնքի կյանքից, անցուդարձից, կազմակերպությունների գործունեությունից: Այսինքն՝ թեև նյութերի մի մասն, ինչ խոսք, ապատեղեկատվություն է, այնուամենայնիվ դրանցում որոշ տեղեկություններ կան, նաև՝ անձնական բնույթի, որոնք հավաստի են: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ճանապարհով է տեղի ունենում տեղեկատվական արտահոսքը:

 

– Հայաստանում տեղեկատվական արտահոսք շատ հեշտ է կազմակերպելը: Նախ, պետք է նկատի ունենալ, որ երկիրը փոքր է, բնակչությունը՝ քիչ, բոլորը բոլորին ճանաչում են, տեղեկացված են միմյանցից: Բացի այդ, քանի որ հասարակությունը հոմոֆոբ է, ԼԳԲՏ անձինք աշխատում են թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը և վախենում են դրա հանրայնացումից, ինչը հնարավորություն է տալիս շանտաժի և այսպես ասած «խայտառակ անելու» սպառնալիքի միջոցով օգտագործել առանձին անհատներին: Չէի ցանկանա բացահայտել, թե ինչպես և որ մարդկանց միջոցով են իրենք այդ տեղեկատվական արտահոսքը կազմակերպում, քանի որ այդ մարդիկ էլ զոհեր են:

 

Նշեմ նաև, որ մեծ ծավալով տեղեկություններ բաց և ազատ վիճակում առկա են, Pink Armenia-ն, օրինակ, գործում է բաց ու թափանցիկ: Եթե նրանք խելացի լինեին, կարող էին մի կաթիլ մեղրի պատմության փոխարեն, երբ կիսատ-պռատ ինֆորմացիան ուռճացնում և հայոց պատմություն են դարձնում, այդ բաց և ազատ տեղեկություններն օգտագործել: Սա մեր հումորի թեմաներից մեկն է. երբեմն քննարում ենք, թե իրենց փոխարեն ինչ «լավ» թեմաներով, սենսացիոն վերնագրերով նյութեր կգրեինք (ծիծաղում է- խմբ.):

 

– Եվ վերջին հարցը. դատարանի այս վճիռը և վերադաս դատարանների կողմից նմանատիպ վճիռների հրապարակումն ի՞նչ բացասական հետևանք կարող է ունենալ Հայաստանում:

 

– Նախ սա կարող է հանգեցնել ոչ միայն հոմոֆոբիայի ու ատելության խոսքի տարածման ու ամրապնդման, այլ նաև ամենաթողության մթնոլորտի ձևավորման, ինչի հետևանքն էլ հանցագործությունների թվի աճ կլինի. սեռական կողմնորոշման հիմքով բռնությունների ավելացում, սպանություններ, բռնաբարություն և այլն: Զանգվածային լրատվության միջոցները, նաև՝ առանձին անհատներ, տեսնելով, որ առկա է անպատժելիության նախադեպ, ավելի ազատ կտպագրեն հոմոֆոբիկ և ատելության կոչերով թշնամական նյութեր՝ այդպիսով իրենց հերթին նույնպես ամրապնդելով բացասական երևույթները: Ուգանդայում, օրինակ, երբ թերթերից մեկը հրապարակեց ԼԳԲՏ անձանց անուններ, ինչին դատական ընթացք տրվեց, դատարանն էլ վճիռ կայացրեց հօգուտ թերթի, ողջ երկրով մեկ ԼԳԲՏ անձանց սպանություններ սկսվեցին: Սա շատ վտանգավոր տենդենց է Հայաստանի համար, քանի որ բուլվարային մամուլն ու անարդար դատարանն ըստ էության հող են նախապատրաստում լուրջ հանցագործությունների համար: Պետք է նկատի ունենալ, որ այս ամենը չի կարող նաև բացասաբար չանդրադառնալ այլ փոքրամասնությունների՝ կրոնական, ազգային, վրա:

 

Երկրորդ բացասական հետևանքն է արտագաղթի խթանումը: Մենք շուտով մի զեկույց ենք հրապարակելու՝ ԼԳԲՏ անձանց խտրականության ենթարկելու հետևանքով արտագաղթի աճի վերաբերյալ, նաև դրա ազդեցությունը այլ ոլորտներում: Հիմա չեմ ուզում առաջ ընկնել, բայց նշեմ, որ մեր ուսումնասիրությունը շատ հետաքրքիր բացահայտումների է հանգեցրել: Վերջին երկու տարիներին, համեմատած նախորդ մի քանի տարիների հետ, ԼԳԲՏ անձինք ավելի հեշտ են հումանիտար ապաստան ստանում այլ երկրներում, ինչի հետևանքով էլ արտագաղթի տեմպերն ավելացել են: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008-ին ու դրան հաջորդած մի քանի տարիներին Հայաստանը բազմաթիվ միջազգային փաստաթղթեր էր ստորագրել, որոնք երաշխավորում էին այդ թվում նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածությունը, նաև Եվրաասոցացման գործընթաց էր ընթանում, ու արևմտյան երկրները ԼԳԲՏ անձանց ապաստան չէին տրամադրում՝ ասելով, թե Հայաստանում իրենց իրավունքները երաշխավորված են: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, երբ Հայաստանի իշխանությունները փոխեցին արտաքին քաղաքական կուրսը, հոմոֆոբիան էլ սկսեց բացահայտ հովանավորվել ամենաբարձր իշխանության կողմից, իրավիճակը փոխվեց. այժմ ԼԳԲՏ անձինք ավելի հեշտ են ապաստան ստանում այլ երկրներում: Մեծ թվով անձինք ապաստան ստացան DIY ակումբի պայթեցումից հետո, Բազմազանության երթի վրա տեղի ունեցած հարձակումից հետո:

 

Եթե անկեղծ լինենք, ապաստան ստացողների մի մասն ուղղակի շահարկել է այս հարցը, առիթից օգտվել ու կապ չունենալով այս ամենի հետ՝ ապաստան խնդրել ու ստացել՝ Հայաստանը լքելուց և այլ երկրում հաստատվելուց հետո կարգավիճակն օրինականացնելու այլ հիմք չունենալով: Ամեն դեպքում, ստացվում է այնպես, որ հոմոֆոբիկ դրսևորումները խթանում են արտագաղթը, լինի դա հիմնավորված կամ չհիմնավորված: Եթե իշխանությունն իրոք ցանկանում է փոքրացնել արտագաղթի տեմպերը, պետք է հասկանա, որ ատելության խոսքի հովանավորչությունը, հոմոֆոբիան առիթ են ստեղծում ու խթանում են արտագաղթը, թեև ես կասկածում եմ, որ իշխանությունն արտագաղթը նվազեցնելու խնդիր է իր առաջ դրել: Ի դեպ, պետք է նշել, որ ԼԳԲՏ անձինք արտագաղթում են ոչ միայն արևմտյան երկրներ՝ ակնկալելով հումանիտար ապաստան ստանալ այնտեղ, այլ նաև Ռուսաստան, որտեղ թեև իրավունքների վիճակը համարյա նույնն է, բայց փոխարենը նոր միջավայրի մարդկանց հայտնի չէ անձի սեռական կողմնորոշումը:

 

Եթե ամփոփելու լինեմ, կեղծ հայրենասիրական լոզունգներով ու պսևդոազգային դիրքերից հանդես եկող բուլվարային մամուլը, պետական չինովնիկներն ու առանձին անհատներն իրենց գործունեությամբ նպաստում են մի կողմից Հայաստանի հայաթափմանը, մյուս կողմից՝ երկրում հանցագործությունների աճին: Համոզված եմ, որ այս վիճակը երկար չի կարող տևել և հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք համամարդկային արժեքների և իրավունքների գերակայությամբ Հայաստան: