Հոմոֆոբիան ոչ միայն ԼԳԲՏ անձանց, այլ ողջ հասարակության պրոբլեմն է. Նվարդ Մարգարյան

Այսօր Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, և LGBTnews.am-ի զրուցակիցն է Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (PINK Armenia) հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանը: 

 

– Նվարդ, այսօր Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Ձեր կազմակերպությունն ամեն տարի այս օրերին ի՞նչ է նախաձեռնում և իրականացնում:

 

– Սկսած 2011-ից՝ ամեն տարի այս օրը մենք տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, նախորդ տարիներին, օրինակ, իրականացրել ենք «Ծիածան» ֆլեշմոբը՝ ԼԳԲՏ դրոշի վեց գույնի փուչիկներ բաց թողնելով Երևանի տարբեր վայրերում: Վերջին երկու տարիներին մի փոքր փոխել ենք միջոցառումների բնույթն ու ավելի ադվոկացիոն միջոցառումներ ենք իրականացնում: Այս տարի նամակներ ենք ուղարկել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ ներկայացնելով, թե ինչ խնդիրներ ունեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները Հայաստանում և առաջարկություններ ենք արել, մասնավորապես՝ որպեսզի հանդես գան օրենսդրական փոփոխություններով ու նախաձեռնություններով, որոնք ուղղված կլինեն ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակի բարելավմանը: Մենք պատգամավորներին նաև կոչ ենք արել Ազգային ժողովի բարձր ամբիոնը չօգտագործել ու այլոց էլ թույլ չտալ օգտագործել ատելության խոսք տարածելու համար: Նույնատիպ նամակներ ենք ուղարկել նաև Կառավարության ներկայացուցիչներին, նաև վարչապետին ու հանրապետության նախագահին:

 

Այսօր կազմակերպությունը հրապարակել է նաև տարեկան զեկույցը, որն ամփոփում է ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտման դեպքերը՝ տեղի ունեցած 2014 թվականին: Զեկույցի մասին մամուլի հաղորդագրություն կուղարկվի նաև ԶԼՄ-ներին:

 

– Ես տեղյակ եմ, որ արդեն մի քանի տարի է՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները ձեր կազմակերպության անդամների նախաձեռնությամբ նշում են Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ մեծ միջոցառում կազմակերպելով: Նախորդ օրն այդ միջոցառումն այս տարի նույնպես կայացավ. ինչպե՞ս անցավ այն:

 

– Այս տարի նույնպես միջոցառումը կայացավ շատ ուրախ և դրական մթնոլորտում, մասնակցում էր մոտ 120 հրավիրյալ: Նպատակը օրվա խորհրդի կարևորումն է: Մենք ապահովում ենք անվտանգ միջավայր, որպեսզի համայնքի ներկայացուցիչներն, ինչպես նաև իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն ազատ մթնոլորտում անկաշկանդ կարողանան տոնել այդ օրը և դրսևորեն իրենց այնպիսին, ինչպիսին իրենք կան:

 

– Դուք ասացիք, որ նամակ եք ուղարկել Ազգային ժողովի պատգամավորներին, որոնց հետ, ի դեպ, LGBTnews.am-ը հարցազրույցների շարք է անցկացնում և որոնց գերակշիռ մասն այդ հարցազրույցների ընթացքում ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցում հանդուրժողականությամբ մեղմ ասած աչքի չեն ընկնում: Եվ ուրեմն, դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք և ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի ԱԺ պատգամավորները փոխեն իրենց վերաբերմունքը:

 

– Բարդ հարց եք տալիս: Դժվար է ասել, թե ինչ պետք է անել, որպեսզի պատգամավորները փոխեն իրենց վերաբերմունքը… Մենք նամակներին կից բացիկներ ենք ուղարկել, որոնց հետևի կողմում գրված են անհատական պատմություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի խտրականության են ենթարկվում մարդիկ և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հոմոֆոբիան և անհանդուրժողականությունը: Եթե հասարակության մի հատված ունի խնդիրներ, դրանք ողջ հասարակության խնդիրներն են, այսինքն՝ հասարակության մի խմբի պրոբլեմներից տուժում է ողջ հասարակությունը, քանի որ եթե այս կամ այն խմբի անդամը չի կարողանում ինքնադրսևորվել, ինքնաարտահայտվել և իրացնել իր ողջ պոտենցիալը, ապա դրանից տուժում է ողջ հասարակությունը:

 

– Ձեր կազմակերպության տարեկան զեկույցի հետ մենք անպայման հանգամանորեն կծանոթանանք, բայց կխնդրեմ կարճ ներկայացնել՝ ի՞նչ տենդենց է նկատվում ԼԳԲՏ անձանց իրավունքների դաշտում՝ նախորդ տարվա համեմատ:

 

– Վերջին տարիների զեկույցները, ցավոք, բովանդակությամբ գրեթե նման են, քանի որ էական փոփոխություններ չեն արձանագրվում. շատ են իրավունքների ոտնահարման դեպքերը: Պետք է ասեմ, որ վերջին երեք տարիների ընթացքում մենք փաստաթղթավորում և գրանցում ենք բոլոր դեպքերը, և այդ պատճառով դրանք ավելի տեսանելի ու շոշափելի են դարձել, քան մինչ 2012 թվականը: DIY-ի հարձակումից և Բազմազանության երթից հետո ԼԳԲՏ անձանց խնդիրներն ավելի տեսանելի դարձան, մարդիկ ավելի շատ սկսեցին բարձրաձայնել իրենց իրավունքների խախտումների մասին: Ինչևէ, վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվել:

 

– Ի՞նչ ընթացիկ ծրագրեր ունի ձեր կազմակերպությունը, որոնք ուղղված են ԼԳԲՏ անձանց համախմբմանը, իրավունքների պաշտպանությանը:

 

– Այս պահին մենք իրականացնում ենք «Իրավական կլինիկա» ծրագիրը, որի շրջանակներում աշխատում ենք ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի բնակչության՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների, թմրանյութ օգտագործողների, սեռական ծառայություններ տրամադրող անձանց հետ և իրավական աջակցություն ենք տրամադրում նրանց, երբ նրանք բախվում են իրավունքի ոտնահարմանը և դիմում են մեզ: Մենք տարիների ընթացքում կարողացել ենք հասնել այն բանին, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին տրամադրում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ. ունենք հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան, որոնք անհրաժեշտության դեպքում աջակցում են նրանց:

 

– Որքան ինձ հայտնի է, ձեր կազմակերպությունը նաև սեմինարներ, կոնֆերանսներ ու թրեյնինգներ է անցկացնում տարբեր խմբերի մասնակցությամբ, և ոչ միայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների, այլ նաև լրագրողների, հոգեբանների և այլն: Ի՞նչ արդյունք ունեն այդ ծրագրերը:

 

– Ապրիլի վերջին և մայիսի կեսերին մենք թրեյնինգներ ենք անցկացրել Սյունիքի մարզում՝ «Սոցիալական արդարությունը սկսվում է քեզանից» խորագրով, որի ընթացքում երիտասարդների հետ խոսում էինք արդարության և սոցիալական արդարության մասին և փորձում էինք քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնել հենց այս հարցերի միջոցով: Ավելի վաղ՝ ապրիլին, դասընթաց անցկացրեցինք սոցիալական աշխատողների և հոգեբանների համար՝ ներկայացնելով, թե ինչպես է ճիշտ աշխատել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ. դասընթացին ունեինք 15 մասնակից, որոնց ներկայացրեցինք մեր փորձը, այն, թե ինչպես ենք մենք աշխատում ԼԳԲՏ անձանց հետ: Այդպիսով մենք նաև նպատակ ունեինք համախոհներ ձեռք բերել մասնագետների շրջանում: Առաջիկայում դասընթաց ենք անցկացնելու լրագրողների համար:

 

– ԼԳԲՏ անձանց իրավունքների համար պայքարը հարաբերականորեն երիտասարդ շարժում է, որը հատկապես մեծ թափ ստացավ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրությունից հետո: Ձեր կարծիքով՝ ե՞րբ Հայաստանը կունենա բարձրաստիճան պետական պաշտոնյա, որը, ինչպես վերջերս Լյուքսեմբուրգի վարչապետը, նույնասեռ ամուսնություն կկնքի: Ե՞րբ Հայաստանում մենք նման վիճակ կունենանք, ըստ ձեզ:

 

– Ցավոք, Հայաստանում առաջադիմության հաղթանակի տեմպերն այնպիսին չեն, ինչպես զարգացած աշխարհում: Շատ դժվար է նման կանխատեսում անել: Երկու տարի առաջ մենք համոզված էինք, որ գնում ենք Եվրաասոցացման ճանապարհով, բայց մի գիշերում պարզվեց, որ Հայաստանը գնում է այլ ուղղությամբ՝ դեպի ԵՏՄ:

 

– Ի դեպ, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ըստ ձեզ, որքանո՞վ է վտանգում առհասարակ բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ ԼԳԲՏ անձանց իրավունքները: Հայաստանը արդեն որոշ ժամանակ է՝ ԵՏՄ անդամ է, կա՞ն որոշակի փոփոխություններ այս առումով և ի՞նչ կանխատեսումներ ունեք:

 

– ԵՏՄ անդամ պետությունները մարդու իրավունքների տեսանկյունից լավագույնները չեն: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն ոչ միայն տնտեսական միություն է, այլ նաև խորքային քաղաքական, մշակութային, արժեքային, գաղափարական: Եվ մենք մտավախություն ունենք, որ այն, ինչ մարդու իրավունքների տեսանկյունից կատարվում է ԵՏՄ անդամ մյուս պետություններում, կարող է փոխադրվել նաև Հայաստան: Երբ ռուսաստանցի պաշտոնյան հայտարարում է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի այս կամ այն բնույթի հարաբերություններին դեմ արտահայտվող կազմակերպությունները պետք է փակվեն, սա, իհարկե, վտանգավոր է, քանի որ իր հիմքում ունի օտարերկրյա գործակալների մասին կեղծ միտքը: ԼԳԲՏ համայնքի համար, մասնավորապես, վտանգավոր է պրոպագանդայի՝ քարոզչության մասին օրենքի նախադեպը ԵՏՄ անդամ մյուս երկրներում: Երևի հիշում եք, որ Հայաստանում էլ ոստիկանությունից մի պահ նման օրինագիծ հրապարակեցին, որը հետագայում հետ կանչվեց, բայց նման օրինագիծ հայտնվելու վտանգը, միևնույն է, կա:

 

– ԼԳԲՏ անձանց իրավունքների համար պայքարը տարբեր երկրներում որպես կանոն զուգահեռվել է կանանց՝ իրենց իրավունքների համար պայքարի հետ: Հայաստանում կա՞ համագործակցություն կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների համար պայքարողների միջև և ինչպե՞ս է այն դրսևորվում:

 

– Մենք ակտիվորեն համագործակցում ենք կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այն կազմակերպությունների հետ, որոնք ֆեմինիստական գաղափարախոսություն ունեն: Բացի այդ, շատ լավ համագործակցություն ունենք նաև այն կազմակերպությունների հետ, որոնք ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում են աշխատում:

 

– Մի քանի հետաքրքիր և զարմանալի բան է նկատվում Հայաստանում. միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ֆոնդերի ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ երբեմն իրենք էլ հոմոֆոբ մտքեր են արտահայտում: Կամ, ասենք, խտրականության, հանդուրժողականության թեմայով քննարկումներ են տեղի ունենում, որտեղ ինչի մասին ասես խոսվում է, բացի ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցից: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը:

 

– Մարդիկ զգուշավորություն են, հավանաբար, դրսևորում: Բանն այն է, որ եթե դու խոսում ես ԼԳԲՏ անձանց իրավունքներից, դու Հայաստանի նման երկրներում միանգամից ասոցացվում ես այդ խմբի հետ, և ըստ այդմ հոմոֆոբիայի հետևանքների զոհն ես դառնում այնպես, ինչպես այդ ԼԳԲՏ համայնքի անդամները: Հոմոֆոբիան հենց այդպես էլ սահմանվում է. այն ատելության, խտրականության դրսևորում է ինչպես նույնասեռականների, այնպես էլ՝ այդպիսին ընկալվող անձանց նկատմամբ: Մարդիկ հավանաբար վախենում են ասոցացվել ԼԳԲՏ անձանց հետ և որպես հետևանք դառնալ հոմոֆոբիայի թիրախ:

 

– Եվ վերջին հարցը. համագործակցո՞ւմ եք Սփյուռքի կազմակերպությունների հետ: Սփյուռքում կարծես թե հայերն ավելի առաջադեմ հայացքների կրող են, քան Հայաստանում…

 

– Սփյուռքն այդքան էլ միատարր չէ, պայմանական կոչվող Նոր Սփյուռքի ներկայացուցիչներն, օրինակ, իրենց աշխարհայացքով էկականորեն չեն տարբերվում հայաստանցիներից: Ինչ վերաբերվում է համագործակցությանը, ապա մենք կապեր ենք հաստատել առանձին անհատների հետ, որոնք մեզ աջակցում են, օգնում: Երկու տարի առաջ, եթե հիշում եք, սփյուռքահայ արվեստագետները, այդ թվում՝ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և այլոք, հայտարարություն տարածեցին՝ իրենց աջակցությունը հայտնելով ԼԳԲՏ անձանց իրավունքների համար պայքարողներին: Այնպես որ, այո՛, համագործակցում ենք նաև Սփյուռքի ներկայացուցիչների հետ: