Սեուլի լիբերալ քաղաքապետ Պակ Վոնսունը հույս է հայտնել, որ Հարավային Կորեան առաջին ասիական երկիրը կդառնա, որը կօրինականացնի նույնասեռ ամուսնությունները, գրում է GayRussia-ն:
ԱՄՆ կատարած վերջին այցի ընթացքում San Francisco Examiner պարբերականին նա ասել է. «Ես անձամբ համաձայն եմ հոմոսեքսուալների իրավունքերի հետ»:
«Սակայն բողոքական եկեղեցիները Կորեայում շատ հզոր են: Դա այդքան էլ հեշտ չէ քաղաքական գործիչների համար: Ակտիվիստների ձեռքում այսօր մարդու իրավուքների ունիվերսալ կոնցեպցիան լայնացնելու գործն է, որ այն ներառի նաև նույնասեռականների իրավունքները: Երբ նրանք կհամոզեն մարդկանց, նրանց կհետևեն նաև քաղաքական գործիչները: Եվ այդ ամենն այժմ տեղի է ունենում»,- ասել է նա:
Հարավային Կորեայի բնակչության գրեթե մեկ երրորդ մասը բողոքական է: Այս տարվա ամռանը հարյուրավոր քրիստոնյաներ Սեուլում ընթացող գեյ-շքերթի ճանապարհին էին պառկել:
Պակ Վոնսունի խոսքով. «Շատ հոմոսեքսուալ զույգեր Կորեայում արդեն միասին են ապրում: Նրանք իրավականորեն դեռևս չեն ընդունվում, սակայն ես կարծում եմ, որ Կորեայի սահմանադրությունը դա թույլատրում է: Մեզ երաշխավորված է երջանկության հասնելու իրավունքը: Իհարկե «հասնելու» բառի իմաստի բազմաթիվ մեկնաբանություններ կան»: