Հռոմի քաղաքապետն արտասահմանում կնքված 16 նույնասեռ ամուսնություն է գրանցել

Երեկ Հռոմի քաղաքապետ Իգնացիո Մարինոն պաշտոնապես քաղաքային ռեգիստրում գրանցել է արտասահմանում կնքված գեյերի ու լեսբուհիների 16 ամուսնություն, գրում է GayRussia-ն:

 

Իտալական օրենսդրությունը չի ճանաչում նույնասեռ ամուսնությունները, թեև երկրի վարչապետը խոստացել էր խորհրդարանին գեյերի ու լեսբուհիների ամուսնությունները ճանաչող օրինագիծ ներկայացնել:

 

Հռոմում կայանալիք 20-րդ ամենամյա գեյ-շքերթին ընդառաջ քաղաքապետ Մարինոն հայտարարել է, որ իր աշխատակազմը գրանցելու է միջազգային նույնասեռ ամուսնությունները:

 

Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն էլ զգուշացրել է, որ նման գրանցումներն անվավեր կլինեն:

 

Հռոմի քաղաքապետի խոսքով՝ «ամենակարևոր բանը քո զուգընկերոջը «ես քեզ սիրում եմ» ասելն է և որ դա ճանաչվի»:

 

Նշենք, որ Բոլոնիայի ու Միլանի քաղաքապետները նույնպես գնացել են նույնասեռ ամուսնությունները գրանցելու ճանապարհով: