ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել Ռոբերտ Ահարոնյանի գործողությունների վերաբերյալ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի գործողությունների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև: 

 

«Հայաստանի «սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի վերաբերյալ տեղեկատվության տարածումից հետո ծավալված քննարկումներն ու գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելությունը հանրության կողմից, ցավոք, ընկալվում է որպես միակ ընդունելի վերաբերմունք: 

 

Մինչ այժմ Ռոբերտ Ահարոնյանի կողմից ատելության ու բռնության կոչերը պատշաճ գնահատականի չէին արժանանում իրավապահ մարմինների կողմից` չնայած, որ դրա համար կային բոլոր իրավական հիմքերն ու փաստերը: Իսկ իր սեռական կողմնորոշման բացահայտումից հետո էլ պարոն Ահարոնյանը ոչ թե զղջում է իր հոմոֆոբ գործողությունների համար, այլ հրապարակային սպառնալիքներ ու մեղադրանքներ է հնչեցնում և նույնիսկ այցելում տարբեր մարդկանց տներ, ովքեր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իրենց էջերում տարածել են իր մասնակցությամբ հայտնի տեսանյութը: 

 

Կոչ ենք անում ՀՀ Ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Ահարոնյանի ապօրինի գործողությունների և հրապարակային սպառնալիքների վերաբերյալ, որոնք ինքնիրավչություն են և անձի տեղեկատվություն տարածելու իրավունքի նկատմամբ ոտնձգություն են հանդիսանում: Միաժամանակ շեշտում ենք, որ Ռոբերտ Ահարոնյանի սպառնալիքների թիրախ անձանց անվտանգության չապահովումը կդիտարկվի որպես ՀՀ Ոստիկանության կողմից այդ բռնությունների ուղղակի աջակցություն»: