Հ/կ-ները դատապարտում են Շուռնուխում ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքը

Հայաստանյան մի շարք հ/կ-ներ դատապարտել են օրերս Շուռնուխ գյուղում  ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (ԵՀՀ) իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է, որ դատապարտում է «տեղիկային» (местечковый) վերաբերմունքը Հայաստանի ցանկացած տարածքի նկատմամբ, լինի դա դրևորված այդ տարածքի բնակիչների թե այլոց կողմից:

«ԵՀՀ-ն հատկապես նշում է, որ երեխաներին և անչափահասներին բռնության գործընթացների մեջ ընդգրկելը, ցանկացած կարգավիճակով, անթույլատրելի է և պիտի լինի հետաքննության առանձին առարկա:

Ուշադրության առնելով այն հանգամանքը, որ մարդը գերագույն արժեք է, որ մարդու արժանապատիվ ապրելու, օրենքով պաշտպանված լինելու և իրավունքների ու ազատությունների իրացման երաշխավորումը ժողովրդավարության և իրավական պետության գլխավոր չափանիշներ են և վկայակոչում են կայացած պետության մասին, ԵՀՀ-ն պահանջում է միջադեպի շուտափույթ, անաչառ ու ամբողջական քննություն և մեղավորների պատիժ»,- ասված է ԵՀՀ-ի հայտարարության մեջ:

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան նույնպես միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել՝ նշելով.

«Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանության ծառայողները, որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները:

Եթե մի քանի ամիս առաջ Գորիսում տուժածներից երկուսի նկատմամբ տեղի ունեցած հարձակման  դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժինը պատշաճ կերպով արձագանքեր, ապա նույն բռնարարները այս անգամ չէին գլխավորի մարդկանց առողջությանը ավելի ծանր վնաս պատճառած այս հարձակումը:

Իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքով կատարված հանցագործությունների զոհերի բողոքներին ընթացք չտալով, զոհերին մեղադրելով և նշված հիմքով ատելությունը որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկելով՝ ՀՀ ոստիկանությունը և այլ իրավապահները փաստացի խրախուսում են նման հանցագործությունները»:

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի հայտարարությանն ի պատասխան՝ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Ոստիկանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես և այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը և օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ռասայից, սեռից, լեզվից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կուսակցական կամ որևէ կազմակերպության պատկանելությունից: Հիշեցնենք, որ Շուռնուխ գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանությունը արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ»։