ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ն ու հասարակական կարծրատիպերը

Այսօր ողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: 1988 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 1-ը հայտարարեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր: Այս օրը շատ երկրներում նշվում է՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելու այս խնդրին, սոլիդարություն հայտնելու ՄԻԱՎ վարակակիր մարդկանց և մեծացնելու ջանքերը՝ հիվանդության դեմ պայքարում:

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը վարակիչ հիվանդություն է, որի վերջնական բուժումն այսօր դեռևս հնարավոր չէ: Հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում, Շվեդիայում, Տանզանիայում, Հայիթիում դեռևս 1970-ականների վերջերին: 1981 թվականի հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը գրանցեց նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ-ը: Այսօր աշխարհում ապրում է 15-49 տարեկան ավելի քան 35 մլն ՄԻԱՎ վարակակիր։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման առաջին օրերից աշխարհում հասարակության գիտակցության մեջ այդ հիվանդության և նույնասեռականության միջև նույնականացում առաջացավ: Պատճառներից մեկն այն էր, որ Արևմուտքում և ԽՍՀՄ-ում ՁԻԱՀ-ի հայտնաբերման առաջին դեպքերը գրանցվել են նույնասեռական տղամարդկանց մոտ: Ավելին՝ սկզբում բժիշկները ցանկանում էին հիվանդությունն անվանել «իմունային անբավարարություն՝ կապված նույնասեռականության հետ»: Քիչ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ վիրուսը սեռական կողմնորոշում չի ճանաչում:

Երբ ՁԻԱՀ վարակն առաջին անգամ հայտնաբերվել է, այն ձևակերպվել է որպես քաղաքային նույնասեռական տղամարդկանց հիվանդություն:

Իհարկե նույնասեռականները չեն ՄԻԱՎ վարակի համար ռիսկային խումբ, այլ նրանք, ովքեր չպաշտպանված սեռական հարաբերություններ են ունենում: Ինքնության և վարքի միջև այս տարբերությունը իրականում շատ կարևոր է հիվանդության տարածումը ճիշտ հասկանալու համար: Ու քանի որ մեդիան և հասարակությունը սովորաբար չեն դնում այս տարբերությունը, ԼԳԲՏԻ անձինք և ՁԻԱՀ-ը մարդկանց պատկերացումներում դարձել են նույնական: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման սկզբնական շրջանում տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ շատ հաճախ էին ճնշումների զոհ դառնում, քանի որ նրանք ընկալվում էին որպես վարակի տարածման պատասխանատուներ: Մեդիայի հոմոֆոբ լուսաբանումներն էլ ավելի նպաստեցին այս կարծիքի ամրապնդմանը:

Շատ երկրներում ստիգման և խտրականությունը լուրջ խոչընդոտներ են ԼԳԲՏ անձանց շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման, ստուգման, բուժման և խնամքի համար: Սա նշանակում է, որ որոշ մարդիկ ՄԻԱՎ վարակի կրողներ են և չգիտեն այդ մասին կամ տեղեկանում են վարակի շատ ուշ փուլերում:Այսինքն՝ հոմոֆոբիան ԼԳԲՏԻ անձանց շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման լուրջ խոչընդոտներից է:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների` 1988 թվականից մինչև 2016-ի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2482 դեպք:  Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների հետևյալն է. հետերոսեքսուալ փոխանցման ուղի՝ 66 տոկոս, թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով՝ 25 տոկոս, հոմոսեքսուալ փոխանցման ուղի՝ 2,8 տոկոս, մորից երեխային՝ 1,6 տոկոս, արյան միջոցով՝ 0,2 տոկոս, անհայտ 4,4 տոկոս: