Ղրղզստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել գեյ-քարոզչությունն արգելող օրենքին

Ղրղզստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Գեյ քարոզչության մասին» օրենքին, որը 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկում է նախատեսում այսպես կոչված գեյ-քարոզչության համար և արգելում է ցանկացած տեսակի կազմակերպությունների ստեղծումը, որոնք կզբաղվեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ, գրում է Gay.ru-ն:

 

Օրինագծի օգտին քվեարկել է 79 պատգամավոր, դեմ` միայն 7-ը: Ի տարբերություն Ռուսաստանի համանման օրենքի՝ այս օրենքն ավելի խիստ է: Այն ոչ միայն արգելում է գեյ-քարոզչությունն անչափահասների շրջանում, այլև արգելում է ամեն ինչ՝ ֆոտոները, վիդոները, տեքստերը, որոնք «բաց կամ թաքնված կոչ են պարունակում դեպի ոչ ավանդական սեռական հարաբերությունները»: Արգելվում է նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հավաքների կազմակերպումը:

 

Նշենք, որ Արևմուտքի երկրները, այդ թվում ԱՄՆ-ը դատապարտել են օրենքն ընդունելու՝ Ղրղզստանի պլանները, հայտարարելով, որ այն խտրական բնույթի է և վնաս կհասցնի Կենտրոնական Ասիայի այդ պետության փխրուն քաղաքացիական հասարակությանը: Ասվել է նաև, որ օրենքն ընդունելու դեպքում կսահմանափակվի դոնոր-երկրների կողմից Ղրղզստանին տրվող տնտեսական աջակցությունը: Սակայն, Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորներին դա չի համոզել: Այժմ Ղրղզստանի իշխանություններն իրենց հույսը կապում են այլ գործընկերների հետ՝ Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության, որին երկրիրը պատրաստվում է միանալ մինչև 2014-ի վերջը:

 

Հիշեցնենք, որ օրինագիծը, որի հիմնական դրույթներն արտատպվել են ռուսական նույնատիպ օրենքից, Ղրղզստանի խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել այս տարվա մարտից: Հենց այդ ժամանակվանից Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել էին Ղրղզստանին՝ ռուսական հոմոֆոբ օրենքը կրկնօրինակելու համար: