ՄԱԿ-ի՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանի մանդատը պահպանվեց. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

Աֆրիկյան պետություններին չի հաջողվել կասեցնել Միավորված ազգերի կազմակերպության առաջին անկախ հետաքննիչի աշխատանքները, որը նշանակվել է՝ պաշտպանելու համար ողջ աշխարհում գեյ և տրանսգենդեր անձանց բռնությունից և խտրականությունից, գրում է The Guardian-ը:

Ժնևում գտնվող՝ ՄԱԿ 47 անդամից բաղկացած Մարդու իրավունքների խորհուրդն այդ պաշտոնն ստեղծել է հունիսին, իսկ սեպտեմբերին Թայլանդից Վիթիթ Մունթարբորնին երեք տարվա մանդատ տվել՝ հետաքննելու լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց հանդեպ ճնշումները:

Աֆրիկյան պետությունները ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի երրորդ հանձնաժողովում, որը զբաղվում է մարդու իրավունքների հարցերով, առաջ էին քաշել բանաձևի նախագիծ՝ կոչ անելով քննարկման դնել մանդատի ստեղծման օրինականությունը: Նրանք նշում էին, որ հետաքննիչնի աշխատանքը պետք է դադարեցվի:

Այնուամենայնիվ, արևմտյան պետությունները հաջողությամբ փոփոխություն առաջարկեցին նախագծում, որը անվավեր ճանաչեց Աֆրիկյան խմբի բանաձևի նախագիծը: Նախագծում փոփոխությունն ընդունվեց երրորդ հանձնաժողովում երկուշաբթի օրը՝ 84 կողմ, 77 դեմ և 17 ձեռնպահ հարաբերակցությամբ: Հատկանշական է, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել փոփոխությանը, Վրաստանը՝ կողմ, իսկ Ադրբեջանը՝ դեմ:  

Փոփոխված բանաձևի նախագիծը, որը որևէ փոփոխություն չի մտցնում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հետազոտողի աշխատանքներում, այնուհետև ընդունվեց երրորդ հանձնաժողովի կողմից՝ 94 կողմ, 3 դեմ և 80 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ռուսասատանը և Եգիպտոսը, խոսելով 57 անդամ ունեցող Իսլամական համագործակցության կազմակերպության անունից, հայտարարեցին, որ իրենք չեն ճանաչի գեյ իրավունքների հետաքննիչի մանդատը և չեն համագործակցի Մունթարբորնի հետ:

ՄԱԿ-ը նշել է, որ գեյ լինելը դեռևս հանցագործություն է համարվում առնվազն 73 երկրում: Գեյ իրավունքների հարցը մշտապես թեժ քննարկումներ է  բռնկում ՄԱԿ-ում:

2014-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ասել էր, որ ՄԱԿ-ը կճանաչի իր բոլոր աշխատակիցների նույնասեռ ամուսնությունները՝ թույլ տալով նրանց ստանալ ՄԱԿ առավելություններ: Անցած տարի Ռուսաստանը դա տապալելու անհաջող փորձ էր արել՝ ստանալով 43 պետությունների, այդ թվում ՝ Սաուդյան Արաբիայի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Պակիստանի և Սիրայի աջակցությունը:

Փետրվարին Աֆրիկյան խումբը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և  Եգիպտոսի, Բելառուսի ու Քաթարի կողմից գլխավորվող 25 անդամ ունեցող Ընտանիքի ընկերներ խումբը դեմ հանդես եկան ԼԳԲՏ հավասարությունը ներկայացնող ՄԱԿ-ի վեց նամականիշերի թողարկմանը:

Այնուհետև 51 մուսուլմանական պետություններ հունիսին արգելել էին 11 գեյ և տրանսգենդեր կազմակերպությունների պաշտոնապես մասնակցելու ՁԻԱՀ-ի կանխարգելմանը նվիրված ՄԱԿ բարձրաստիճան հանդիպմանը՝ առաջացնելով ԱՄՆ-ի, Կանադայի և ԵՄ դժգոհությունը: