ՄԱԿ-ում Ղրղզստանին կոչ են անում չընդունել «գեյ-քարոզչության» դեմ օրենքը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ղրղզստանի խորհրդարանին կոչ է արել չընդունել «գեյ-քարոզչության» դեմ ուղղված օրինագիծը, գրում է GayRussia-ն:

 

Ինչպես կարծում են գրասենյակում՝ օրինագծի ընդունումը կդառնա գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների նկատմամբ խտրականության պատճառ. «Փաստաթուղթը նաև հակասում է մարդու հիմնարար իրավունքներին, ինչպիսին է անվտանգությունը, ֆիզիկական անձեռնմխելիությունը, ինքնաարտահայտման ազատությունը և խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունքը»:

 

Նշենք, որ Ղրղզստանի խորհրդարանն այս ամիս առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Գեյ քարոզչության մասին» օրենքին, որը 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկում է նախատեսում այսպես կոչված գեյ-քարոզչության համար և արգելում է ցանկացած տեսակի կազմակերպությունների ստեղծումը, որոնք կզբաղվեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ:

 

Արևմուտքի երկրները, այդ թվում ԱՄՆ-ը դատապարտել են օրենքն ընդունելու՝ Ղրղզստանի պլանները, հայտարարելով, որ այն խտրական բնույթի է և վնաս կհասցնի Կենտրոնական Ասիայի այդ պետության փխրուն քաղաքացիական հասարակությանը: Ասվել է նաև, որ օրենքն ընդունելու դեպքում կսահմանափակվի դոնոր-երկրների կողմից Ղրղզստանին տրվող տնտեսական աջակցությունը: