Մահացել է Շառլ Ազնավուրը

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ 94-ամյա երգիչը մահացել է սրտի կանգի պատճառով՝ լոգարանում, հայտնում է «Ֆիգարո»֊ն։ 

Հռչակավոր երգիչը ծնվել է 1924 թվականին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում։ 1956-ին մեծ համբավ է ձեռք բերել Ֆրանսիայում, ապա՝ ողջ աշխարհում։ 

Ազնավուրի բազմաթիվ երգերի հեղինակ է, ճանաչվել է «Դարի արվեստագետ» և արժանացել ֆրանսիական ամենաբարձր պարգևների։ Նա նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր։ 

Ընդամենը մեկ ամիս առաջ Ազնավուրը ռուսական MAXIM ամսագրին տված իր հարցազրույցում, պատմելով իր հանրահայտ Comme Ils Disent երգից, խոսել էր ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների մասին։  

«Այդ երգի ուժը հենց այն բանում է, որ այն առաջին դեմքով է գրված: Ես չէի կարող ինձ թույլ տալ մատով ցույց տալ ու երգել «նրանք»: Ես, վերջիվերջո, դերասան եմ, և այո՛, ես այդ երգում նույնասեռականի եմ խաղացել: Առավել ևս, որ նրանք այն ժամանակ իմ շրջապատում շատ էին և բոլորը շատ, շատ տաղանդավոր: Ես ուրախ եմ, որ հիմա՝ քառասունից ավել տարի անց, նրանց համար ապրելն ավելի հեշտ է դարձել»:

Comme ils disent-ը ստեղծվել և առաջին անգամ կատարվել է Շառլ Ազնավուրի կողմից 1972-ին: Երգը պատմում է տրավեստի դերասանի՝ դաշնակահարի նկատմամբ անպատասխան և ոչ «ավանդական» սիրո մասին: Երգը բազմիցս կատարել են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպես Լայզա Մինելին, Լարա Ֆաբիանը, Շայմը, Լինդա Լեմեյը և այլք: