Մարդասպաններին թողած՝ընկել են ԼԳԲՏ անձանց հետևից. Վահե Գևորգյան

«Նույնասեռականների դեմ պայքարող անձանց ես երբևէ չեմ տեսել ռեժիմի դեմ պայքարելիս: Նրանք պարզապես խոցելի խումբ են գտել և փորձում են այդ խմբի վրա ինքնահաստատվել»,- LGBTnews.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում ընդգրկված Վահե Գևորգյանը՝ աբսուրդ որակելով ԼԳԲՏ անձանց դեմ արշավը:

 

Ի դեպ, Վահե Գևորգյանի անունը հայտնվել էր «Իրավունք»-ի՝ «ազգի և պետության թշնամիների» հանրահայտ սև ցուցակում այն բանից հետո, ինչ ակտիվիստն, ի թիվս այլ քաղաքացիների, հարց էր հնչեցրել «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում՝ ուղղված Ինգա և Անուշ Արշակյան քույրերին, որոնք մինչ այդ վիրավորական արտահայտություններ էին թույլ տվել ավստրիացի երգիչ, «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վյուրստի հասցեին:

 

«Նրանք գոյություն ունեն ու շարունակելու են գոյություն ունենալ: Աբսուրդ է նրանց դեմ պայքարելը, իսկ երբ պայքարողներին հարցնում ես, թե իրենց խնդիրը որն է, թե արդյոք, նրանց կարծիքով, երկրի վատ վիճակի մեղավորը ԼԳԲՏ անձինք են, ասում են՝ չէ: Այդ դեպքում ի՞նչ եք ուզում նրանցից, ինչո՞ւ եք ընկել այդ մարդկանց հետևից, չէ՞ որ այս երկրի իրական խնդիրն իսկապես էլ նույնասեռականները չեն, նրանք ոչ մի խնդիր չեն առաջացնում երկրի համար, նրանք չեն թալանում երկրի տնտեսությունը, չեն սպանում: Ստացվում է, որ մարդասպաններին թողած՝ընկել են նույնասեռական անձանց հետևից»,- նկատեց Վահե Գևորգյանը:

 

Գևորգյանը, սակայն, վստահ է, որ Հայաստանում միայն նույնասեռական անձանց իրավունքները չէ, որ խախտված են:

 

«Ես չեմ կարող ասել, որ նույնասեռականների իրավունքներն ամբողջությամբ խախտված են, իսկ մյուսների իրավունքները՝ ոչ, ուղղակի եթե մյուսների իրավունքները խախտվում են, այսպես ասած, ավելի մեղմ, ու այդ խախտումների մասին խախտողները չեն բարձրաձայնում, ապա նույնասեռական անձանց իրավունքների խախտումների մասին նրանք հանգիստ բարձրաձայնում են ու նաև գլուխ գովում»,- նշեց նա:

 

Մեր հարցին՝ ինչպես է Գևորգյանը տեսնում հանուն իրավունքների պաշտպանության պայքարի այն արդյունավետ ճանապարհը, որով քաղաքացիների իրավունքները չեն խախտվի կամ պետությունը կապահովի ցանկացած անձի խախտված իրավունքի վերականգնումը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ միայն բողոքի ակցիաների անցկացումը սպառված ու անարդյունավետ միջոց է:

 

«Ես կարծում եմ, որ միայն պաստառ բռնելը՝ որպես պայքարի միջոց, իրեն սպառել է. պետք է պայքարի ավելի արդյունավետ մեթոդներ կիրառվեն: Օրինակ՝ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ակցիաներին բավական մարդ հավաքվեց, ու ոչ ոք չգիտեր, թե հետո ինչ պիտի լինի: Այսինքն՝ միայն մարդ հավաքելով չէ, կարող ենք մարդիկ հավաքել, բայց դրանով հարց չի լուծվում»,- նշեց նա:

 

Գևորգյանը շեշտեց, որ ինքը սխալ է համարում հանուն իրավունքի մղվող պայքարում այս կամ այն խմբի իրավունքների միջև տարանջատում մտցնելը:

 

«Եթե ես իրավունքի համար պայքարում եմ, ապա չեմ կարող ինքս դատել ու որոշել, որ մեկն իրավունք ունի, իսկ մյուսը՝ ոչ: Իրավունքներ ունեն բոլորը, և այդ իրավունքները պետք է հարգվեն ու պահպանվեն: Չի կարող մարդը կանգնել, խոսել իրավունքի մասին, իսկ հետո գնալ ու ոտնահարել մեկ այլ անձի իրավունք»,- ասաց Գևորգյանը:

 

Գևորգյանը կարծիք հայտնեց նաև, որ իրավական պետություն ունենալու համար, որում կհարգվեն բոլոր մարդկանց իրավունքները, պետք է նախ մարդկանց իրավագիտակցությունը փոխվի:

 

«Պետք է մարդիկ իրենք իրենցով մտածեն, հույսն իրենց վրա դնեն, այլ ոչ թե գնան Ազատության հրապարակ՝ հուսալով, որ բեմից նրանց կասեն` ինչ անել: Մարդը պիտի պատասխանատվություն ստանձնի, որովհետև երբ հույսդ բացառապես լիդերների վրա ես դնում, այդ լիդերներին, ասենք, ուղարկում են կալանավայր, ու պայքարը փլուզվում է»,- նշեց նա:

 

Մեր հարցին՝ Վահե Գևորգյանը պատրա՞ստ է պայքարել հանուն նույնասեռական անձանց իրավունքների, վերջինս պատասխանեց.

 

«Ես առաջնորդվում եմ իրավունքի գերակայության սկզբունքով և պատրաատ եմ պայքարել յուրաքանչյուր անարդարության դեմ»: