Մարդիկ, միևնույն է, ապրելու են միմյանց հետ. Միխայիլ Ժվանեցկին՝ նույնասեռ ամուսնությունների մասին

80-ամյա գրող-սատիրիկ Միխայիլ Ժվանեցկին «շատ լուրջ» է անվանել նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու հարցը և կարծիք հայտնել, որ չնայած արգելքներին՝ այդ թվում քրեական, մարդիկ, միևնույն է շարունակելու են միմյանց հետ ապրել, գրում է Gay.ru-ն:

 

Ժվանեցկին հրաժարվել է պաշտպանել պահպանողականների կարծիքը, թե նույնասեռ ամուսնությունները «վտանգի տակ են դնում ավանդական ընտանիքները»:

 

«Անկեղծ ասած, ես այդ թեմայով հայացքներ չունեմ: Եթե մարդիկ ցանկանում են միմյանց հետ ապրել, նրանք, միևնույն է, միմյանց հետ կապրեն: Ես հաճախ եմ նման զույգեր տեսել՝ դեռևս երիտասարդ տարիներիս ընթացքում՝ այդ սարսափելի խորհրդային ժամանակաշրջանում, երբ դրա համար կարող էին նույնիսկ բանտ նստեցնել: Սակայն նրանք նույնիսկ այն ժամանակ էին միմյանց գտնում, փնտրում էին և գտնում»,- ասել է Ժվանեցկին: