Մարդկանց սրտերին դիպչելը, վերաբերմունքի փոփոխությունը մեր առաջնահերթություններից  է. Նվարդ Մարգարյան

«Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում ԼԳԲՏ շարժման մեջ շատ բան է փոխվել: ԼԳԲՏԻ անձանց տեսանելությունն օր օրի բարձրանում է, բայց օրենսդրական մակարդակում առկա բացերը խոչընդոտում են ԼԳԲՏԻ անձանց իրացնել իրենց իրավունքներն առօրյա կյանքում»,- «Հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա» բացման միջոցառման ժամանակ ասաց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանը:

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի օրն է: Այն ամեն տարի նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում` բարձրաձայնելու ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Օրը խորհրդանշական է այն բանով, որ 1990-ի մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանել է հոգեկան խանգարումների ցանկից:

Մայիսի 15-ից 21-ն ընկած ժամակահատվածում «Փինք»-ը, ինչպես նաև հ/կ-ի գործընկեր այլ կազմակերպություններ տարբեր միջոցառումների շրջանակներում կբարձրաձայնեն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց խնդիրների մասին։ 

Նախատեսված միջոցառումներն են՝ ԼԳԲՏԻ թեմատիկայով ֆոտոարշավը, փակ միջոցառումները՝ ԼԳԲՏԻ համայնքի համար, «Ես դեմ եմ հոմոֆոբիային» խորագրով վիդեոարշավը, ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ նամակների հղումը պետական կառուցներին, «Քուիր մենախոսություններ» թատերական ներկայացումը:

«Փինք»-ի նախագահի կարծիքով՝ եթե տասը տարի առաջ Հայաստանում մարդկանց ասեին, որ ԼԳԲՏԻ հայեր գոյություն ունեն, նրանք դա ֆանտաստիկա կընկալեին, բայց հիմա հնարավոր է դարձել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ԼԳԲՏԻ անձանց մասին սկսել են գրել մեդիայով և նրանց խնդիրները նաև քաղաքական քննարկումների թեմա են դառնում:

Որպես ԼԳԲՏԻ պայքարի, ԼԳԲՏԻ շարժման մեջ առաջընթացի դրսևորում՝ Մարգարյանն օրինակ բերեց «Լսի՛ր ինձ» ֆիլմի նկարահանումը, որում, հիշեցնենք, ԼԳԲՏԻ տասը անձինք պատմում են սեռական կողմնորոշման պատճառով իրենց կյանքում եղած դժվարությունների մասին ու դիտողին ներկայացնում, թե ինչու է կարևոր ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը:

Մարգարյանը վստահ է. «Լսի՛ր ինձ»-ը, որում համայնքի ներկայացուցիչներն իրենց դեմքով ներկայացնում են իրենց, կարծրատիպեր կոտրող ֆիլմ է:

«Մենք գիտակցում ենք, որ Հայաստանը չունի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության համար որդեգրած արդյունավետ քաղաքականություն, սակայն մյուս կողմից հանրային վերաբերմունքի փոփոխությունն իրավական խնդիրների լուծման հիմնաքարն է, և մարդկանց սրտերին դիպչելը, վերաբերմունքի փոփոխությունը մեր առաջնահերթություններից է»,- ասաց Նվարդ Մարգարյանը:

Միջոցառման շրջանակներում  «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Աղաջանովն ու «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիդա Մինասյանն անդրադարձան երկու կազմակերպությունների կողմից արված հետազոտություններին:

Հիշեցնենք, որ «Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրացման համապարփակ ռազմավարություն» ծրագրի շրջանակներում «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն կատարել է «ԼԳԲՏԻ անհատների և մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում», իսկ «Փինք»-ը՝ «Նախապաշարումներից հավասարություն. Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրություն» հետազոտությունները, որոնց արդյունքների հիման վրա մշակվել է ռազմավարություն՝  ուղղված Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության և չարաշահումների դեմ պայքարին։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև ԼԳԲՏԻ անձանց տեսանելության բարձրացմանը միտված սոցիալական գովազդներ, որոնք սոցիալական ցանցերում կցուցադրվեն նաև «Հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա» ընթացքում: