Մեծ Բրիտանիան առաջարկել է «հղի կանայք» ձևակերպումը փոխարինել «հղի մարդիկ»-ով

Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկել է փոփոխություններ մտցնել ՄԱԿ-ի փաստաթղթերում՝ փոխարինելով «հղի կանայք» ձևակերպումը «հղի մարդիկ»-ով՝ տրանսգենդեր մարդկանց չբացառելու համար, գրում է The times-ը։ 

Առաջարկը հնչել է թագավորության արտաքին գործերի նախարարությունից։ Խոսքը, մասնավորապես, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում փոփոխությունների մասին է։ Այդ փաստաթուղթը պետություններին պարտավորեցնում է հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները։ 

The Times-ի հոդվածագիրը նշում է, որ Մեծ Բրիտանիայում հայտնի է միայն երկու տրանսգենդեր տղամարդկանց մասին, որոնք հղիացել են, քանի որ նրանց արգանդն ու ձվարանները չեն հեռացվել։ 

Հատկանշական է, որ որոշ ֆեմինիստների այս առաջարկը զայրացրել է։ Այսպես, օրինակ, գրող Սառա Դիթումը կարծիք է հայտնել, որ փաստաթղթից «կին» բառի հեռացումը կանանց հիշատակումը ջնջելու փորձ է։ Ի պատասխան հնչած քննադատության՝ բրիտանական արտգործնախարարությունը հայտարարել է, որ ամենևին էլ դեմ չէ «հղի կանայք» ձևակերպման օգտագործմանը և ընդամենը խնդիր ունի պաշտպանելու նաև տրանսգենդեր մարդկանց իրավունքները։  

Ավելի վաղ The Telegraph-ը գրել էր, որ բրիտանական կառավարությունը բուժհաստատությունների աշխատակիցներին առաջարկել է հրաժարվել «ապագա մայրեր» ձևակերպման օգտագործումից՝ հղի կամ երեխա ծննդաբերած տրանսգենդեր մարդկանց չվիրավորելու համար։ 

Նշենք, որ Հայաստանը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը վավերացրել է 1993-ի հունիսի 23-ին։