Մեկ անձը կարող է աշխարհն ավելի ուրախ, ավելի բաց և սիրով ավելի լի վայր դարձնել

Վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազատության նախագահական մեդալ շնորհեց Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Էլեն Դեջեներեսին: Այդ մեդալն ամենաբարձր շնորհն է, որը քաղաքացին կարող է երբևէ ստանալ ԱՄՆ-ում: Այն «շնորհվում է ԱՄՆ անվտանգության կամ ազգային շահերի, համաշխարհային խաղաղության, ինչպես նաև հանրային կամ մասնավոր այլ նշանակալի ջանքերում արժեքավոր ներդրումներ ունեցած անհատներին»: 

US President Barack Obama presents actress and comedian Ellen DeGeneres with the Presidential Medal of Freedom, the nation's highest civilian honor, during a ceremony honoring 21 recipients, in the East Room of the White House in Washington, DC, November 22, 2016.

Նշենք, որ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացն ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի ամենամեծ ձեռքբերումներից է համարվում: Նրա ղեկավարման տարիներին ԱՄՆ Գերագույն դատարանն օրինական ճանաչեց նույնասեռ ամուսնությունները:

Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Էլեն Դեջեներեսը ԼԳԲՏԻ համայնքի համար ամենակարևոր խորհրդանիշներից է արդեն շուրջ երկու տասնամյակ: Նա 1997-ին քամինգ աութ արեց “Time” ամսագրի ապրիլյան շապիկին: Դերասանի քամինգ աութը մեծ իրարանցում առաջացրեց ողջ աշխարհում՝ Դեջեներեսի անձի վրա սևեռելով մեդիաների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց Դեջեներեսը հայտնվեց Օփրա Ուինֆրիի շոուում՝ խոսելու իր քամինգ աութի և դրա առաջացրած արձագանքների մասին:

«Ես գիտեի, որ դա մեծ արձագանք կունենա, բայց երբեք չէի մտածում, որ արձագանքն այսքան մեծ կլինի: Ես նաև չէի կարծում, որ դա այսքան երկար կքննարկվի»,- ասել է Դեջեներեսը Ուինֆրիի շոուի ընթացքում:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ 1996-ի ամռանը Դեջեներեսն իր հիթային «Էլեն» շոուի սցենարիստներին հայտնեց իր ցանկության մասին. դերասանն ուզում էր, որ շոուում իր կերպարը քամինգ աութ անի: yep

Շոուի հեղինակներն ու անձնակազմն անհանգստացած էին ոչ միայն այն բանի համար, թե ինչպես լսարանը կարձագանքի, այլև թե ինչպես կարձագանքեն գովազդատուները: Շոուի սցենարիստ Վենս Դեջեներեսը, ով Էլենի եղբայրն է, պատմում էր, որ իրենք չգիտեին նույնիսկ՝ արդյոք ABC-ին թույլ կտա, որ նման բան տեղի ունենա:

Դեջեներսը որոշեց քամինգ աութ անել իրական կյանքում՝ շոուում իր կերպարի քամինգ աութից առաջ:

«Դա մի բան է, որ ես հստակ որոշեցի անել, ու կարծում եմ, որ սա հրաշալի կլինի ինձ համար: Ես երբեք չէի մտածում, որ որևէ մեկի գործն է՝ ով եմ ես և ում հետ եմ»,- Ուինֆրիի շոոում ասել էր Էլենը:

Դայան Սոյերի շոուում Դեջեներեսը նույնիսկ պատմել է տղամարդկանց հետ ունեցած իր հարաբերությունների մասին: Հարցին, թե արդյոք նա սեռական հարաբերություն ունեցել է տղամարդկանց հետ, Դեջեներեսը պատասխանել է, որ ողջ կյանքի ընթացքում եղել է երկու տղամարդու հետ և երկու դեպքերում էլ հիշել է Փեգի Լիի հանրահայտ երգը՝ “Is That All There Is?” («Սա՞ էր ամենը»):

Քամինգ աութի ժամանակ Դեջեներեսը 39 տարեկան էր և շոուի ոլորտում էր արդեն գրեթե երկու տասնամյակ: Նա շատ սիրված հանրային անձ էր, և այդ ժամանակ մտավախություն կար, որ քամինգ աութից հետո երկրպագուները նրա դեմ դուրս կգան:

«Երբ ես որոշեցի, որ իմ կերպարը շոուում պետք է քամինգ աութ անի, ես գիտեի, որ ինքս էլ պետք է քամինգ աութ անեմ: Բայց չէի ցանկանում խոսել այդ մասին, քանի դեռ շոուն պատրաստ չէր: Ես երբեք չէի ուզում խոսնակ լինել գեյ համայնքի համար: Երբե՛ք: Ես դա արեցի իմ սեփական անկեղծության համար»,- ասել է Դեջեներեսը “Time” ամսագրին:

Դեջեներեսի հեռուստատեսային կերպարի՝ շուրջ 46 միլիոն հեռուսադիտողների առաջ քամինգ աութ անելուն հաջորդող շաբաթների ընթացքում շատ կրոնական խմբեր սկսեցին բողոքի ցույցեր անել ABC հեռուստաալիքի կայանների առջև՝ պահանջելով եթերից հեռացնել շոուն:

ABC հեռուստաընկերությունը տեղի տվեց հասարակության ճնշումներին և յուրաքանչյուր սերիայի սկզբում պատասխանատվությունից ազատման մասին գրություն տեղադրեց՝ նշելով, որ շոուում կարող են լինել թեմաներ, որոնք «աննպատակահարմար են» երեխաների համար: Շոուի վարկանիշն ընկավ, և 1998-ին «Ոսկե Գլոբուսի» մրցանակաբաշխության ժամանակ տված հարցազրույցում Դեջեներեսը նշեց, որ կասկածում է, թե արդյոք աշխարհը պատրա՞ստ է հեռուստաշոուներում բացահայտ գեյ կերպար տեսնել, ուր մնաց թե իրական կյանքում:

«Ես իսկապես կարծում էի, որ մարդիկ ավելի ընդունող և ավելի ջերմ կլինեն, քանի որ նրանք մինչ այդ ինձ ճանաչելու ժամանակ են ունեցել: Սակայն ես մեծ դաս քաղեցի. ոչինչ մի գիշերում չի փոխվում»,- ասել է Դեջեներեսը 1999-ին տված հարցազրույցում:

porsha
Էլենն ու Փորշա դը Ռոսին միասին են 2008 թվականից

Իր քամինգ աութից արդեն երկու տասնամյակ է անցել, և Դեջեներեսը, ով 2008-ից դերսան Փորշա դը Ռոսիի հետ միության մեջ է, այժմ իր հիթային շոուն է վարում և սիրված է ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կողմից:

Վերջերս Օփրային տված հարցազրույցում Դեջեներեսն անկեղծացել է՝ նշելով, որ իր քամինգ աութի բարձրացրած իրարանցումը չափազանց մեծ էր, և դա ստվերել է իր անձն ու տաղանդը. «Դա պարզապես ազնիվ լինելու համար էր արվել: Բայց իմ այդ քայլը ձնակույտ դարձավ, որն անընդհատ մեծացավ ու մեծացավ, որը կանգնեցնելն անհնար էր: Դա ստիպեց շատերին չսիրել ինձ, քանի որ նրանք կարծում էին, որ ես ինչ-որ կերպ միանգամից քաղաքական դարձա»:

Քաղաքական ակտ էր դա, թե ոչ՝ Դեջեներեսի քամինգ աութը խիզախ քայլ էր ու պատմական նշանակություն ուներ: Եվ նրա պարգևատրումն Ազատության նախագահական մեդալով ապացույցն է այն բանի, թե որքան է առաջադիմել աշխարհը:

«Փոխե՛լ սրտերը և մտքերը. ես չեմ կարծում, որ որևէ մեկն ավելի մեծ ազդեցություն է ունեցել այդ գործում, քան դու»,- այս տարի փետրվարին Էլենի թոք շոուի ժամանակ ասել է նախագահ Բարաք Օբաման:

Դեջեներեսին հանձնելով պարգևը՝ Օբաման նշել է. «Էլեն Դեջեներեսը հերթական անգամ մեզ ցույց տվեց, որ մեկ անձը կարող է աշխարհն ավելի ուրախ, ավելի բաց և սիրով ավելի լի վայր դարձնել»: