Մեկ լավ և մեկ վատ լուր՝ Եվրամիության հետ գործընկերության համաձայնագրի մասին

Եվրամիության Խորհուրդը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը։  

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում զետեղվել է համաձայնագրի տեքստի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը։  

Ծավալուն փաստաթղթի 85֊րդ հոդվածում թվարկված են ոլորտներ, որոնցում «հասցեագրման ենթակա որոշակի թվով հարցեր կարող են ընդգրկվել տեղեկությունների և լավագույն գործելակերպի փոխանակման վրա հիմնված համագործակցության» դաշտում։ 

Հիշարժան է հատկապես թվարկված կետերից մեկը, որում հիշատակվում է սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ պայքարի մասին։  

«Հավասար հնարավորություններ և ոչ խտրական վերաբերմունք՝ ուղղված կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների ապահովմանը և գենդերային հավասարության ընդլայնմանը, ինչպես նաև՝ սեռի, ռասայական կամ էթնիկ ծագման, կրոնի կամ դավանանքի, հաշմանդամության, տարիքի կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ պայքարին»,֊ գրված է հոդվածի «Ե» կետում։ 

Համաձայնագրի տեքստի այլ հատվածներում «սեռական կողմնորոշում» ձևակերպումը չի հանդիպում, իսկ «գենդերային ինքնություն» եզրը տեքստում ընդհանրապես գործածված չէ։ 

Հատկանշական է, որ վերոնշյալ 85-րդ կետը ձևակերպված է ոչ թե իմպերատիվ, ինչպես փաստաթղթի բազմաթիվ այլ կետերը (օրինակ՝ «Համագործակցությունը պետք է ընդգրկի․․․», «Կողմերը պետք է խթանեն․․․» և այլն), այլ իբրև ոչ պարտադիր կարելիություն՝ «․․․որոշակի թվով հարցեր կարող են ընդգրկվել․․․», այն էլ՝ խոսքը համագործակցության մասին է՝ հիմնված միայն «տեղեկությունների և լավագույն գործելակերպի փոխանակման վրա»։ Այլ կերպ ասած՝ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ պայքարի շուրջ կողմերը համագործակցելու պարտավորություն չեն ստանձնում և միայն նշում են, որ չի բացառվում՝ այդ հարցով փոխանակվեն տեղեկություններով ու լավագույն գործելակերպով՝ փորձով։ 

Համաձայնագրի տեքստում խտրականության բացառման մասին տարբեր համատեքստերում հիշատակումներ կան, սակայն ընդհանրական ձևակերպումներով և սեռական կողմնորոշմանը և/կամ գենդերային ինքնությանը ուղիղ չվերաբերող։ 

«Գենդերային հավասարություն» եզրը տեքստում հանդիպում է միայն երեք անգամ, մեկը՝ վերոնշյալ հոդվածի մեջբերված կետում, մյուս երկուսը՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի համատեքստում։ 

Ամփոփելով վերոգրյալը՝ նշենք, որ ընթերցողին այս նյութով հայտնում ենք մեկ լավ լուր, այն է՝ 357 էջից բաղկացած հսկայածավալ համաձայնագրում հայտնաբերվել է սեռական կողմնորոշման մասին մեկ հիշատակում, և մեկ վատ լուր՝ այդ հիշատակման կարևորությունն ու արժեքը կասկածելի են։ 

Հ․Գ․ Հայաստանի հետ Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել է ընթացիկ տարվա մարտի վերջին։ Սերժ Սարգսյանը, սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ֊ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին։