Տրանսգենդեր մարդկանց հիշատակի միջազգային օրը՝ նոյեմբերի 20-ին, աշխարհը հիշում է տրանսֆոբիայի զոհ դարձած տրանսգենդերներին: Ըստ Transgender Europe կազմակերպության հրապարակած` «Տրանս անձանց սպանությունների մոնիտորինգ» ամենամյա ուսումնասիրության արդյունքների՝ 2016-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2017-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի 71 երկրում սպանվել է 325 տրանսգենդեր անձ:
Սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է Բրազիլիայում՝ 171, Մեքսիկայում՝ 56 և Միացյալ Նահանգներում՝ 25: Նշենք, որ 2008-ի հունվարից մինչ օրս գրանցվել է տրանս անձանց սպանության 2609 դեպք:
Տրանսգենդեր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում ատելության հողի վրա իրականացվող սարսափելի բռնությունների մշտական զոհեր են: Տրանս անձանց նկատմամբ իրականացված բռնություններն ու սպանությունները հաճախ չեն գրանցվում: Շատ երկրներում տրանս անձանց նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ տվյալները համակարգված ու մշտապես կերպով չեն հաղորդվում, ուստի բռնությունների ու սպանությունների իրական թիվը որոշելն անհնար է:
Տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնությունները հաճախ համընկնում են հասարակություններում առկա ատելության այլ հիմքերի հետ՝ ռասիզմ, սեքսիզմ, քսենոֆոբիա, սեքս աշխատողների նկատմամբ բացասական տրամադրվածություն ու խտրականություն:
Հայաստանում նույնպես հարգել են բռնությունների զոհ դարձած տրանսգենդեր անձանց հիշատակը։ Այս առնչությամբ LGBTnews-ը զրուցել է «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ։
֊ Լիլի՛թ, այս օրերին Հայաստանի մի քանի քաղաքներում, ինչպես նաև Վրաստանում մոմավառություն եք կազմակերպել՝ ի հիշատակ զոհված տրանսգենդեր անձանց: Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում:
֊ Այո՛, մենք, լինելով առաջին տրանս կազմակերպությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ Կովկասում, կազմակերպել ենք մոմավառություն Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում և Վրաստանում ու տրանս դրոշն ենք բարձրացրել: Մենք այսպիսով հարգում ենք մեր տրանս քույրերին և եղբայրներին, ովքեր այս տարիների ընթացքում զոհ են դարձել տրանսֆոբիայի: Ինչ վերաբերում է հասարակության արձագանքին՝ մարդիկ կային, որոնք մեզ «թարս էին նայում», բայց մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ չմոտենան: Մենք բոլորովին վերջերս նաև տեսանյութ հրապարակեցինք, որում պատկերված են երեք տրանս մարդիկ, որոնց առջև դռները փակվել են աշխատանքի վայրում, տանը, ուսման վայրում:
֊ Նմանատիպ միջոցառումներով նաև տրանս անձանց տեսանելիությունն է բարձրանում․․․
֊ Տարիների ընթացքում ԼԳԲ մարդկանց հասարակությունն արդեն ինչ-որ չափով նայում է
այնպես, ինչպես նրանք կան, բայց տրանս անձանց շատ քիչ մասին կարող ես փողոցում տեսնել, նրանց մասին լսել: Մեր կազմակերպության աշխատանքի շնորհիվ, իհարկե, նրանց տեսանելիությունը որոշ չափով բարձրացել է, ինչը մի կողմից լավ է, մի կողմից`վատ: Մի կողմից լավ է, որ տարիներ շարունակ տրանսգենդեր մարդիկ խտրականացվելով և լուսանցքից այն կողմ գտնվելով՝ հիմա տեսանելիությունը բարձրանում է, իսկ մի կողմից երբ տեսանելիությունը բարձրացվում է՝ հասարակությունն ավելի ագրեսիվ է դառնում:
֊ Ձեր կազմակերպությունն ունի՞ Հայաստանում տրանսգենդեր մարդկանց նկատմամբ բռնությունների վիճակագրություն:
֊ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում թե՛ դպրոցներում, թե՛ փողոցում, թե՛ բուհական հաստատություններում տրանս անձանց նկատմամբ բռնությունը շարունակվում է: Մեր կազմակերպության անդամների նկատմամբ, օրինակ, մի քանի անգամ բռնություն է կիրառվել միայն այն բանի համար, որ մենք տրանս կազմակերպություն ենք: Պետք է նշել, որ այս առումով Վրաստանում վիճակն էլ ավելի լուրջ է: Այնտեղ վերջին երկու տարվա ընթացքում երեք տրանս անձ է զոհվել:
֊ Մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք` կապված տրանսգենդեր անձանց, նրանց իրավունքների, խնդիրների հետ:
֊ Ունեցանք շատ միջոցառումներ, որ տրանս անձանց տեսանելիությունը բարձրացվեր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տրանսգենդեր մարդիկ աշխատանքի վայրում խտրականության չենթարկվեն, որ իրենց աշխատանք տրամադրեն: Մեզ մոտ, օրինակ, երկու տրանսգենդեր կանանց աշխատանք ենք տվել: Հայտնի է՝ տրանսգենդեր մարդկանց մի մասը սեքս աշխատանքով է զբաղվում ու հաճախակի է խտրականության ենթարկվում: Մեկ դոնոր կա, որը վերջերս ֆինանսավորեց, որ գիշերային թեժ գիծ լինի: Մենք պատրաստվում ենք սեռափոխության օրինագծի մշակում սկսել, տրանսգենդեր անձանց կրթության հետ կապված խնդիրները լուծել և այնպես անել, որ սովորել ցանկացող տրանսգենդեր մարդիկ առանց խոչընդոտների սովորեն բուհերում և չխտրականացվեն:
֊ Արդյոք տրանսգենդեր անձանց նկատմամբ հասարակության, ինչպես նաև իշխանությունների բացասական վերաբերմունքի պայմաններում հաջողվո՞ւմ է արդյունավետ աշխատել ու հաջողությունների հասնել:
֊ Ես իշխանությունից շատ գոհ եմ. Արդարադատության նախարարությունից շատ գոհ եմ, որովհետև իրենք մեզ շատ հարցերում են աջակցել` կապված անվանափոխության հետ. վերջին երկու տարվա ընթացքում մեր կազմակերպության և Արդարադատության նախարարության համատեղ աշխատանքի շնորհիվ արդեն տասը տրանսգենդեր անձ անվանափոխվել է: Ես Հայաստանի իշխանություններից գոհ եմ, որովհետև ոչ մեկից երբևիցե հոմոֆոբ արտահայտություններ չեմ լսել։ Միայն եղել է ՀՀԿ-ական
Նաիրա Նահապետյանը, որ հարձակում է գործել մեր նկատմամբ: