Մենք արեցինք դա, դուք արեցիք դա. Օբաման՝ նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթում հիշատակել է մարդու իրավունքների ոլորտում ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ իր վարչակազմի գրանցած ձեռքբերումները: Սպիտակ Տունը լքող նախագահն իր ելույթում հատուկ անդրադարձել է նույնասեռ ամուսնությունների օրինականացամանը:

«…Եթե ես ասեի, որ մենք կհասնենք նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը և մեր 2 միլիոն բնակիչների համար առողջապահական հասանելիություն կապահովենք, դուք երևի թե կմտածեիք, որ մենք շատ ենք առաջ ընկնում: Սակայն մենք արեցինք դա: Դուք արեցիք դա»,- այսպես է Օբաման հիշատակել իր ձեռբերումները, որոնց թվում են՝ տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, ավտոմոբիլային արդյունաբերության վերագործարկումը, աշխատատեղերի աճը, Կուբայի հետ հարաբերությունների նոր փուլը, Իրանի միջուկային ծրագրի լուծարումը և Ուսամա Բեն Լադենի ոչնչացումը:

«…Մենք չենք կարող հրաժարվել ողջ աշխարհում ժողովրդավարության, մարդու իրավունքների, կանանց և ԼԳԲՏԻ անձանց իրավունքների համար պայքարից: Որքան էլ անթերի չլինեն մեր ջանքերը, այդպես մենք պաշտպանում ենք Ամերիկան: Էքստրեմիզմի, քսենոֆոբիայի, միջդավանական ատելության և շովինիզմի դեմ պայքարը շատ մոտ է ավտորիտարիզմի և ագրեսիայի դեմ պայքարին:

Եթե աշխարհում սահմանափակվում են ազատությունները և ոտահարվում է օրենքի գերակայությունը, մեծանում է պետությունների միջև պատերազմների հավանականությունը»,- ասել է Բարաք Օբաման:

Նույնասեռ ամուսնություններն ԱՄՆ-ում դաշնային մակարդակով օրինականցվել են 2015-ի հունիսի 26-ին, երբ Գերագույն դատարանը «Օբերգեֆելը Հոջեսի դեմ» գործով որոշում կայացրեց: Գերագույն դատարանը որոշեց, որ ԱՄՆ Սահմանադրությունն ապահովում է նույնասեռ անձանց ամուսնության իրավունքը:

Դեռևս 1996-ին, երբ  Բարաք Օբաման Իլինոյս նահանգի սենատորի թեկնածու էր, նա հայտարարել է, որ ինքը «կողմ է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը և պայքարելու է դրանք արգելելու փորձերի դեմ»:

Նախագահի պաշտոնում սկզբնական շրջանում նա ավելի զգույշ էր այս թեմայով արտահայտվելիս, բայց 2012-ի մայիսի 9-ին առաջին անգամ որպես ԱՄՆ նախագահ հայտարարեց, որ կողմ է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը: