Մենք չենք քննարկել ԱԺ անցնելուց հետո մեր օրակարգը. «Կոնգրես-ՀԺԿ»-ի ներկայացուցիչ Արման Մուսինյան

LGBTnews-ը ԼԲԳՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ զրուցել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ, Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ: 

– Պարո’ն Մուսինյան, ձեր դաշինքի նախընտրական կարգախոսը`«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», քննարկվում է միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մինչդեռ այդ գաղափարներն ավելի լայն են: Արդյոք ձեր դաշինքը ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլ առհասարակ այս գաղափարների կրո՞ղն է ավելի լայն առումով:

– Եթե այդ տեսանկյունից նայեք, ապա Հայաստանում հաշտություն, խաղաղություն ու բարիդրացիություն հաստատելու միակ ձևն օրինական երկիր կառուցելն է: Հայ Ազգային Կոնգրեսն իր գործունեության մեջ երբեք չի շեղվել օրենքի տառից և ոգուց, և հետևաբար Հայաստանում խաղաղության, հաշտության և բարիդրացիության համար ամենամեծ ներդրումն արել ենք մենք: Իսկ այդ հարցը կարելի է ուղղել այն ուժերին, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել օրենքը ոտնահարելով, թշնամանք սերմանելով, մարդկանց իրավունքները խախտելով: Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի նրանցից լսել այդ հարցերի պատասխանները:

– Դուք, փաստորեն, կարևորում եք օրինական պետության կառուցումը. մարդու իրավունքների և օրինականության հաստատման վերաբերյալ քննարկումների ժամանակ ձեր դաշինքը քննարկե՞լ է որևէ հանգամանքով պայմանավորված խտրականության դրսևորումների թեման: 

– Եթե մենք այն հավատավոր ուժերից ենք, որոնց ջանքերն ուղղված են, որ այս երկրում օրենքը գործի, ապա, բնականաբար, խտրականության դեպքերն օրինական պետությունում 99%-ով նվազում են: Կարող են լինել օրենքներ, որոնք ինչ-որ կերպ խտրականություն կպարունակեն: Դրանք պիտի փոխենք: Մենք, բնականաբար, դեմ ենք խտրականությանը:

– Դուք արձանագրո՞ւմ եք, որ Հայաստանում խտրական վերաբերմունք կա ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ:

– Ես այդ հարցը չեմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ եթե անգամ Ֆրանսիայի, Նորվեգիայի, Անգլիայի նման ժողովրդավար երկրներում նման բան կարող է լինել, ապա Հայաստանում ավելի շատ կլինի: Ես կարծում եմ, որ Հայաստանի օրենքներն իրականացնող մարմինները պետք է ամեն ինչ անեն, որ խտրականությունը չլինի:

– Ազգային ժողովում կրկին մանդատներ ունենալու դեպքում ձեր դաշինքն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ԼԳԲՏԻ անձանց՝ այլ քաղաքացիների հետ հավասար՝ ամուսնության, երեխա որդեգրելու և այլ իրավունքների իրացումն ապահովելու ուղղությամբ:

– Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Թող ընտրություններն անցնեն՝ այդ ժամանակ:

– Ձեր դաշինքին չե՞ն հետաքրքրել ԼԳԲՏԻ անձանց իրավունքները:

– Փաստն այն է, որ չենք քննարկել, հիմա դուք դրանից եզրակացնում եք, որ չի՞ հետաքրքրել: Այդպես չէ:

– Ակադեմիական գրականությունում հանդիպող տվյալների համաձայն՝ հասարակությունների մոտ 5 տոկոսը կազմում են ԼԳԲՏԻ անձինք: Պրոյեկտելով այդ թիվը Հայաստանի ընտրողների պաշտոնական թվի վրա՝ կարող ենք ենթադրել, որ խոսքը մոտ 120 հազար ՀՀ քաղաքացիների մասին է…

– Դուք արդեն խոսում եք քաղաքական կոնյուկտուրայի, մոտիվացիայի մասին: Մինչդեռ ես կարծում եմ, որ սա մարդու իրավունքների հարց է, այլ ոչ թե ընտրողներին դուր գալու: Մենք այս պահին հարց չենք քննարկել, թե Ազգային ժողով անցնելուց հետո ինչ օրակարգ ենք ունենալու:

– Դուք առաջին անգամ չէ, որ հնարավոր է՝ Ազգային ժողովում տեղեր զբաղեցնեք: Այսինքն`ստացվում է, որ այսքան տարի քաղաքական դաշտում և տևական ժամանակ Ազգային ժողովում ներկայացված լինելով`դուք երբևէ չե՞ք հետաքրքրվել ԼԲԳՏԻ անձանց իրավունքներով:

– Ես ենթադրում եմ, որ միգուցե եղել են դեպքեր, երբ անդրադարձել են: Ես հիմա այսպես չեմ հիշի: Մենք ասում ենք, որ մենք ազատական ուժ ենք և դեմ ենք խտրականությանը:

– Տեսեք, մեզ հետ հարցազրույցներում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն, ի պատասխան ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցերին, հիմնականում խուսափել է արձագանքել, իսկ Գագիկ Ջհանգիրյանն, ով փորձառու իրավաբան է, պատասխանել է, թե լավ չի պատկերացնում այս ոլորտը, թեև մեր հարցերն իրավական դաշտից էին: Դուք նույնպես ասում եք, թե խնդիրը չեք ուսումնասիրել: Սա արդեն իսկ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ քաղաքակական միավորի յուրահատուկ` ոչինչ հստակ չասելու մոտեցում չէ՞:

– Ես ասում եմ, որ մենք չենք քննարկել ԱԺ անցնելուց հետո մեր օրակարգը: Հիմա մեր ուշքն ու միտքն առաջիկա ընտրություններն են:

– Սա ևս ընտրությունների մաս է կազմում: Դուք կոնյուկտուրայի դաշտ տեղափոխեցիք ԼԳԲՏԻ անձանց թվի հիշատակումը, բայց խնդիրը դուր գալը չէ. շուրջ 120 հազար ընտրող պիտի կողմնորոշվի՝ ո՞ւմ ընտրել, որպեսզի իր իրավունքները պաշտպանվեն:

– Մենք այս ընտրություններին եկել ենք մի հարցով՝ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն: 

– Այդ գաղափարներն ինքնին ենթադրում են նաև հանդուրժողականություն, հավասարություն:

– Ցանկացած բան կարող եք մտցնել այդ հասկացությունների տակ, բայց մենք եկել ենք ղարաբաղյան հարցի օրակարգով: 

– Հիմա հակախտրական օրենք է մշակվում: Դրանով պե՞տք է, ըստ ձեզ, բացառվի նաև գենդերային ինքնությամբ և սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականությունը: 

– Ես դեմոկրատ մարդ եմ, չեմ ուզում որևէ խտրականություն, բայց այս պահին ծանոթ չեմ այս փաստաթղթին: