Մերիլ Սթրիփն արժանացել է «Հավասարության բարեկամ» մրցանակին

Ամերիկացի հանրահայտ դերասան, եռակի օսկարակիր Մերիլ Սթրիփն արժանացել է ԱՄՆ “The Human Rights Campaign” առաջատար ԼԳԲՏԻ իրավապաշտպան կազմակերպության մրցանակին, գրում է Guardian-ը:

Դերասանը նախկինում երբեք իրավապաշտպանների այսքան բարձր գնահատականին չէր արժանացել:

Այս անգամ նրա երկարամյա հետևողական աջակցությունը ԼԳԲՏԻ համայնքին պարգևատրվել է «Հավասարության բարեկամ» մրցանակով (Ally for Equality Award):

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու Նյու Յորքում, 2017-ի փետրվարի 11-ին:

“The Human Rights Campaign”-ի ներկայացուցիչ Չադ Գրիֆինը, հայտնելով կազմակերպության որոշման մասին, նշել է, որ Մերիլ Սթրիփը միշտ «համարձակորեն օգտագործել է իր ձայնը՝ ԼԳԲՏԻ համայնքը պաշտպանելու համար», ինչպես նաև հիշատակել դերասանի հայտնի դերերը այնպիսի ֆիլմերում, որոնցում ԼԳԲՏԻ համայքնի համար կարևոր թեմաներ են շոշափվում:

Այս տարվա օգոստոսին Սթրիփն իր հարցազրույցներից մեկում պատմել էր, թե ինչ մեծ դեր են ունեցել իր վաղ երաժշտական կրթության համար նախ իր նույնասեռական, իսկ հետո՝ տրանսգենդեր ուսուցիչները:

Մերիլ Սթրիփը բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ԼԳԲՏԻ անձանց իրահավասարության հետևողական կողմնակիցներից է:

Տարբեր տարիների նա ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի տարբեր արշավների է մասնակցել: Հատկանշական է նաև Մերիլ Սթրիփի դերը Վուդի Ալենի «Մանհեթեն» (1979) ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է լեսբի հերոսին: