Մեր փոքր երկրի համար յուրաքանչյուր կորուստ էլ կարևորություն պիտի ունենա. Մամիկոն Հովսեփյան

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» հ/կ-ների իրականացրած՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ հետազոտության թեմայով LGBTnews.am-ը զրուցել է «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի հետ:

 

– Ինչպե՞ս ծնվեց հետազոտություն անցկացնելու գաղափարը, ինչո՞ւ որոշվեց, որ կա դրա անհրաժեշտությունը:

 

– Գաղափարի առաջացման պատճառները տարբեր էին: Նախ՝ մենք ձգտում ենք մեր աշխատանքն անընդհատ հետազորությունների վրա հիմնել, այսինքն՝ մենք ոչ թե օդից խնդիր ենք վերցնում, այլ ուսումնասիրություն ենք անում, փորձում ենք հասկանալ՝ ինչ խնդիրներ կան և դրա վրա մեր ռազմավարությունն ենք կառուցում: Ունենք տարբեր հետազոտություններ իրավունքների ոտնահարման, համայնքի տարբեր ոլորտներում առկա խնդիրների, համայնքի նկատմամբ հանրային վերաբերմունքի վերաբերյալ ու հիմա ցանկացանք ցույց տալ, թե համայնքի նկատմամբ եղած խտրական վերաբերմունքն ինչ ազդեցություն է ունենում և՛ համայնքի վրա, և՛ թե դրանից ինչքանով է տուժում պետությունն ու հասարակությունը, որովհետև միշտ ասում ենք, որ տարբեր խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքը ոչ միայն այդ խմբին է վնասում, այլ նաև հասարակությանն, ու այս հետազոտությամբ նշված հանգամանքը թվերով է ցույց տրվում: Այլ երկրներում տարբեր խմբերի վերաբերյալ, տարբեր հարցերի շուրջ կան նմանատիպ հետազոտություններ, բայց կոնկրետ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հետևանքով էմիգրացիային վերաբերող հետազոտություն որևէ երկրում չգտանք: Այս հետազոտությունը, փաստորեն, իր տեսակի մեջ առաջինն է: Հետաքրքիր է նաև հետազոտության մեթոդը. փաստորեն մի երկրում, որտեղ փակ է համայքնի մասին ինֆորմացիան, որտեղ գրեթե թվեր չկան, այնուամենայնիվ կարողացանք ինչ-որ բան դուրս բերել: Բացի այդ, այս մեթոդը հետաքրքիր է նաև այն առումով, որ դրանով հնարավոր է հաշվարկներ կատարել և որոշել, թե նաև մյուս խմբերի էմիգրացիայի հետևանքով պետությունը որքան է տուժում:

 

– Իսկ հետազոտության ընթացքում ի՞նչ խնդիրների, խոչընդոտների էիք բախվում, որոնք անըհդհատ պետք է հաղթահարեիք:

 

– Ամենամեծ խնդիրը ԼԳԲՏ անձանց թիվը հաշվելն էր: Շատ բարդ էր հասկանալ, թե որքան է այդ թիվը: Մենք մեր առաջ խնդիր էինք դրել հաշվել, թե 2011-ից 2013 թվականներին Հայաստանից ինչքան ԼԳԲՏ անձինք են արտագաղթել, բայց քանի որ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ գոնե տարածաշրջանում չկա հետազոտություն, վերցրեցինք ավելի հին հետազոտություններ: Հիմնվեցինք, օրինակ, Կինսիի հետազոտության վրա, համաձայն որի՝ ազգաբնակչության 5 %-ն են կազմում ԼԳԲՏ անձինք: Արեցինք նաև փորձագիտական ուսումնասիրություն: Փորձագետներ ընտրված էին այն մարդիկ, ովքեր առնչվում են ԼԳԲՏ խնդիրների, ԼԳԲՏ անձանց հետ: Սակայն պետք է նշել, որ նրանց խումբն էլ մեծ չէ: Ամեն դեպքում դա մեզ օգնեց պատկերացում կազմել, հասկանալ, թե հասարակության ու հատկապես արտագաղթողների մեջ որքան են կազմել ԼԳԲՏ անձինք: 

 

– Որքանով ես հասկանում եմ, դուք, փաստորեն, իրականության համեմատ արտագաղթի բավականին մեղմ պայմանական թվեր եք վերցրել:

 

– Կարելի է ասել, որ մինիմալ սանդղակն ենք վերցրել, որովհետև արտագաղթած անձանց շրջանում խտրականության հետևանքով արտագաղթած ԼԳԲՏ անձինք հնարավոր է՝ ավելի շատ թիվ են կազմում, քան այդ պայմանական տոկոսն է: Մենք Հայաստանում ԼԳԲՏ անձանց հստակ թվի մասին չէինք կարող խոսել, էլ չխոսած արտագաղթած ԼԳԲՏ անձանց հստակ թվի մասին: Ուստի սկզբում որոշվեց հարցում անցկացնել փորձագետների շրջանում ու որոշել ինչ-որ միջին տոկոս: Մենք մտածեցինք, որ դա հնարավոր է անել, բայց փորձագետները տարբեր թվեր նշեցին, և պարզվեց, որ միայն այդ հարցումների միջոցով չենք կարող օբյեկտիվ թիվ որոշել: Մարդիկ կային՝ ասում էին 5 %, մարդիկ կային՝ 50 %, և այդ թվերի միջինը հանելը սխալ կլիներ, այդ իսկ պատճառով միակ տարբերակը Կինսիի հետազոտության 5 %-ի վրա կանգնել էր՝ բայց ենթադրելով, որ այդ թիվն իրականում շատ ավելի փոքր թիվ է, քան այն, որն իրականում կարող է լինել: Ուստի մենք ցույց տվեցինք այն ամենամինիմալը, որ Հայաստանը կարող էր կորցնել, այլ ոչ թե այն, ինչ իրականում կորցրել է: Նշենք նաև, որ սեռական կողմնորոշումն ենք դիտարկել, այլ ոչ թե սեռական վարքագիծն, իսկ եթե դիտարկեինք նաև սեռական վարքագիծն, ապա այդ թիվը շատ ավելի մեծ լիներ, քան այն, ինչ հիմա ներկայացված է:

 

– Զեկույցի վերջում կան նաև տարբեր գերատեսչություններին ու կազմակերպություներին ուղղված առաջարկություններ, մասնավորապես՝ Կառավարությանն, Ազգային ժողովին, տեղական, միջազգային կազմակերպություններին, ձեռնարկություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին և մեդիային: Դուք պատրաստվո՞ւմ եք զեկույցն ուղարկել այդ գերատեսչություններին, ԱԺ պատգամավորներին, կառավարությանը:

 

– Միգուգե բոլոր պատգամավորներին չուղարկենք, բայց որոշ գերատեսչությունների կուղարկենք: Դժվար է ասել, թե ինչ պետք է սպասել դրանից հետո, բայց քանի որ առաջարկություններ ունենք, ապա ճիշտ կլինի, որ նրանք տպված տարբերակով ստանան դրանք:

 

-Կա՞ որոշակի ակնկալիք, որ այս զեկույցը կարող է պետական մարմիններին ավելի շատ սթափեցնել, քան նախկին կոչերը՝ հաշվի առնելով, որ այն ունիկալ է, և դրանում առաջին անգամ է ներկայացվում այն, որ ԼԳԲՏ անձանց արտագաղթը նաև հասարակության բարօրության տեսանկյունից խնդիր է:

 

– Բնականաբար ակնկալիք կա, որ եթե նույնիսկ չարտահայտվեն, ներքուստ կսթափվեն: Եթե վերցնեն և ընդհանուր արտագաղթի ծավալների հետ համադրեն, գուցե այդ թիվը մեծ թիվ չերևա, բայց, ամեն դեպքում, մեր փոքր երկրի համար ամեն չնչին լուման էլ կարևորություն պիտի ունենա: Օրինակ՝ հետազոտության մեջ մանրամասն ներկայացված է, թե ինչպես է պետությունը գումար ծախսում յուրաքանչյուր քաղաքացու կրթության վրա և արտագաղթի հետևանքով այդ գումարը ետ չի ստանում: Մենք մինչև 10-րդ դասարանն անվճար սովորում ենք, պետությունը մեզ համար վճարում է, բայց հետո, խտրականության հանդիպելով, լքում ենք երկիրը, և պետությունն այդ գումարն անվերադարձ կորցնում է, մինչդեռ մարդն իր գիտելիքներն օգտագործում է այլ երկրի համար: Կարծում եմ՝ դրանից պետությունը պետք է դաս քաղի և հասկանա, որ եթե մարդու համար գումար է ծախսել, ապա պիտի պայմաններ ստեղծի, որպեսզի այդ մարդն իր գիտելիքներն ու կարողությունները ռեալիզացնի հենց երկրի ծաղկման համար: Ուստի ակնկալում ենք, որ անձինք, որոնք կկարդան կամ կստանան զեկույցը, կգիտակցեն՝ ինչն է խնդիրը և որն է այդ առաջարկությունների կարևորությունը, որոնք առկա են զեկույցում:

 

– Զեկույցում դրա մասին ուղիղ ասված չէր, բայց երբ ես զեկույցը կարդացի, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ խնդիրը ոչ միայն տնտեսական է, այլ, խոշոր հաշվով, ազգային անվտանգության հարց է, պետության անվտանգության խնդիր, որովհետև բնակչություն թվաքանակը, տնտեսական հզորությունը նաև ազգային անվտանգության խնդիրներ են: Մենք կարո՞ղ ենք ձևակերպել հենց այսպես, որ ԼԳԲՏ անձանց արտագաղթը ազգային անվտանգության խնդիր է:

 

– Իհարկե կարող ենք նաև այդպես ձևակերպել: Շատ մարդիկ երկիրը լքում են աշխատանք չունանալու պատճառով, ընտանիքի անդամներից մեկը կամ երկուսը մեկնում են արտագնա աշխատանքի, սակայն ԼԳԲՏ-ի դեպքում այդ արտագաղթն ունի որոշակի առանձնահատկություն, որի պատճառով էլ մենք հատուկ անդրադարձել ենք ԼԳԲՏ անձանց արտագաղթին: Գուցե ասեն՝ ինչո՞ւ բոլոր էմիգրանտներին չեք անդրադարձել, այլ միայն ԼԳԲՏ անձանց արտագաղթին: Դրա համար երկու կարևոր հանգամանք կա: Նախ, բացի համընդհանուր միտումի մաս լինելուց, ԼԳԲՏ անձանց արտագաղթի լրացուցիչ ֆակտորներ կան: Մեր փորձագետներից մեկին մեջբերելով՝ ասեմ, որ եթե ամբողջ հասարակության համար արտագաղթը սոցիալ-տնտեսական վիճակից բխող հետևանք է և հետերոսեքսուալներն առաջին հերթին գնում են գումար աշխատելու, ապա ԼԳԲՏ անձանց արտագաղթի առաջնային դրդապատճառը հանգիստ շնչելն ու հանգիստ ապրելն է:

 

Փորձագետներից մեկի ռեպլիկում էլ ասված է, որ ԼԳԲՏ անձինք չեն ցանկանում հեռանալ Հայաստանից, ուզում են մնալ այստեղ և իրենց գիտելիքը, փորձը ներդնեն այստեղ: Շատ ձեռներեցներ գնում են, որովհետև նրանց ճնշում են, սեռական կողմնորոշումը բացահայտելու սպառնալիքներ են լինում: Այսինքն՝ այս ամենի հետևանքով մենք կորցնում ենք ոչ միայն աշխատողներ, այլ նաև ձեռներեցներ:

 

Երկրորդ պատճառը, որի համար մենք անդրադարձել ենք հենց ԼԳԲՏ անձանց արտագաղթին, արտերկրից տրանսֆերտներ չուղարկելու փաստն է, ինչը պետք է մտահոգի մեր պատկան մարմիներին, որովհետև եթե Հայաստանի հասարակության մի մասն արտագնա աշխատանքների է մեկնում և գումար ուղարկում, կամ ընտանիքի անդամներից մեկ-երկուսը երկարաժամկետ արտագաղթում են ու Հայաստանում մնացած իրենց ընտանիքի մյուս անդամներին գումարներ են ուղարկում, ապա ԼԳԲՏ անձինք արտագաղթելուց հետո հիմնականում գումար չեն ուղարկում կամ չնչին գումար են ուղարկում, օրինակ՝ ընկերներին օգնելու համար, ո՛չ ընտանիքին, որովհետև հիմնականում հենց ընտանիքի հետ են խնդիրներ ունենում: Բնականաբար, եթե ընտանիքը մարդուն այն վիճակին է հասցրել, որ ինքը հեռանա տնից, արտագաղթելուց հետո նա ընտանիքի հետ կապ չի ունենում: Այսինքն՝ ի տարբերություն արտագաղթող մյուս խմբերի՝ ԼԳԲՏ անձանց արտագաղթի հետևանքով պետությունն անգամ տրանսֆերտների տեսքով ոչինչ չի շահում:

 

 

– Զեկույցում մի կետ կա, որով հասարակական կազմակերպություններին կոչ է արվում ջատագովել և խթանել Հայաստանում հակախտրական օրենքի ընդունումը: Զեկույցում խոսվում է այն մասին, որ հ/կ-ները ԼԳԲՏ հարցերին մեծ ուշադրություն չեն դարձնում: Թեև ընդհանուր առմամբ այդպես է, բայց կա մի դրական բան. ընդդեմ «Իրավունքի» 16 քաղաքացիների հայցով առաջին ատյանի դատարանի վճռից հետո քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները գոնե համատեղ դատապարտող հայտարարություն տարածեցին: Այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է անել հետագայում՝ հասարակությանը ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդրի շուրջ համախմբելու համար:

 

 

– Իրականում, այո՛, քաղաքացիական հասարակությունն արեց որոշ քայլեր, որոնց մենք էլ չէինք սպասում. հ/կ-ների համատեղ հայտարարություն տարածվեց, լրագրողներից ու հասարակական սեկտորից բաղկացած խումբը՝ IDC-ն (Տեղեկատվական վեճերի խորհուրդ) ևս տվեց իր եզրակացությունը, Մարդու իրավունքների պաշտպանը մեր նամակին ի պատասխան իր գնահատականը տվեց առաջին ատյանի դատարանի վճռի վերաբերյալ, որը նույնպես շատ կարևոր է: Ամեն դեպքում գովելի է, որ կան այս կարծիքները, քանի որ ի ցույց է դրվում մարդկանց համախմբվածությունը կոնկրետ ատելության խոսքի և խտրականության դեմ, որոնք մեր երկրում պետք է տեղ չունենան և չհովանավորվեն որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից: Այսինքն՝ քաղաքացիական հասարակությունը գիտակցում է խնդիրն ու դրանից բխող հետևանքները և միավորվել ու փորձում է միասնական օրակարգ ունենալ: Կան կազմակերպություններ, որոնք խմբեր են ձևավորել ու փորձում են ուսումնասիություններ կատարել, առաջարկություներով հանդես գալ: Հուսով եմ՝ այս տարի նրանք արդյունավետ կաշխատեն ու իրենց աշխատանքի արդյունքները նույնպես կերևան: