ՄԻԵԴ֊ի դիրքորոշումը Հայաստանին կստիպի միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության առումով

«Իրավունք» թերթի հրապարակման վերաբերյալ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը Հայաստանին կստիպի ուղղակի միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման առումով: Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց PINK Armenia հասարակական կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է ընդդեմ «Իրավունք» թերթի 16 քաղաքացիների գործով գանգատը: Այն կոմունիկացվել է Եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածներով՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), խտրականության (հոդված 14) և իրավունքների չարաշահման արգելքների (հոդված 17):

17.05.2014֊ին «Իրավունք» էլեկտրոնային թերթում հրապարակվել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որի հեղինակը Հովհաննես Գալաջյանն էր։ Հոդվածի ներքևի հատվածում տեղադրվել էր անձանց ֆեյսբուքյան էջերից հղումներ, և հոդվածի հեղինակն այդ անձանց նկատմամբ ատելության և սեգրեգացիայի կոչեր էր արել:

Դրանից հետո ցուցակագրված մի քանի տասնյակ անձանցից 16-ն ընդդեմ իրավունքի հայց էին ներկայացրել դատարան:

Նվարդ Փիլիպոսյանը ներպետական դատարան ատյաններում հայցվորների ներկայացուցիչներից էր: Վերջինս հիշեցրեց, որ հայցը ներկայացվել է վիրավորանքի հիմքով, դրանում հիշատակվել են նաև խտրականության և ատելության հիմքերը, թեև Հայաստանում խտրականության և ատելության խոսքի դեմ առանձին օրենք չկա:

«Խտրականության և և ատելության հիմքերին ներպետական ատյաններն ընդհանրապես չանդրադարձան, իսկ վիրավորանքի մասով որոշում կայացրին, որ հոդվածում տեղ գտած արտահայտությունները խոսքի ազատության իրավունքի տիրույթում են: Փաստորեն՝ լրագրողները նմանատիպ կոչեր հնչեցնելու իրավունք ունեն»,- ներպետական դատական ատյանների դատական ակտերը մեկնաբանելով` եզրահանգման եկավ Փիլիպոսյանը:

Վերջինս, սակայն, փաստում է. իրավացիորեն կարելի է պնդել, որ «Իրավունքի» հոդվածով խախտվել է հայցվորների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, նրանց նկատմամբ խտրականություն է դրսևորվել. այս անձինք իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու հետևանքով ասոցացվել են ԼԳԲՏԻ համայնքի հետ`իբրև բացասական երևույթի ու ցուցակագրվել, որից հետո կոչ է արվել նրանց մեկուսացնել հասարակությունից, աշխատանք չտալ:

Նշենք, որ Մարդու իրավուքների եվրոպական դատարանն առաջին անգամ է ընդդեմ Հայաստանի ներկայացված՝ 17-րդ հոդվածով գործ կոմունիկացնում: Այս հոդվածը վերաբերում է իրավունքի չարաշահմանը պետության կողմից:

Հասմիկ Պետրոսյանը պարզաբանեց, որ այս հոդածի էությունն այն է, որ Կոնվենցիայով նախատեսված որևէ իրավունք չպետք է չարաշահվի և ներկայացվի այն կերպ, որ ոտնահարվի կամ ոչնչացվի դրանով նախատեսված մեկ այլ իրավունք:

Այս դեպքում, փաստորեն, հոդվածում տեղ գտած արտահայտությունները հայաստանյան դատական ատյանների կողմից չեն գնահատվել վիրավորանք, ատելության խոսք և խտրականություն, այլ մեկնաբանվել են որպես խոսքի ազատության իրավունք:

Պետրոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրոպայի խորհրդի մյուս 47 անդամ պետությունների համար, քանի որ ՄԻԵԴ-ը 17-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված շատ լայն դիրքորոշում չունի:

Պետրոսյանը հիշեցրեց, որ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել խտրականության դեմ օրենքի նախագիծը և ընդգծեց, որ հասարակության այն խմբերը, որոնք ամենաշատն են ենթարկում խտրականության՝ ԼԳԲՏԻ անձինք, այս օրենքի պաշտպանության շրջանակներից կրկին դուրս են մնացել:

Ինչպես գրել էինք ավելի վաղ՝ Արդարադատության նախարարությունը խտրականության դեմ օրենքի նախագիծը դրել էր e-draft.am կայքում և դրանում գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը չեն հիշատակվում որպես խտրականության բացառման հիմք:

Աննա Շահնազարյանն այն անձանցից է, ով «Իրավունքի» կողմից ցուցակագրվել է:

Վերջինս նշեց, որ «Իրավունքը» մեծ ռեսուրս ունեցող լրատվամիջոց է, ընդգծեց, որ այն ունի 7000 տպաքանակ, տարածվում է նաև էլեկտրոնային տարբերակով: Նման ռեսուրս ունեցող լրատվամիջոցն, ըստ Շահնազարյանի, թիրախավորված կերպով բազմաթիվ նյութեր է հրապարակել այդ «սև ցուցակում» ընդգրկված մարդկանց մասին:

Շահնազարյանն ընդգծեց, որ լրատվամիջոցը ոչ միայն ինքն է հալածել ցուցակագրված անձանց, այլ նաև հասարակությանը կոչ արել նման վերաբերմունք դրսևորել: Վերջինս նկատեց նաև, որ «Իրավունք» թերթի գործելաոճը պետությունը մշտապես հովանավորում է, մեկ անգամ չէ, որ նման հոդվածներ հրապարակող թերթը պարգևատրվել է իշխանության կողմից:

Շահնազարյանը կոչ արեց հասկանալու, թե ինչ հասարակությունում ենք ապրում և ինչ հասարակություն ենք ուզում կերտել:

«Բոլոր այն հասարակությունները, որտեղ մարդիկ ցուցակագրվում են, տոտալիտար ռեժիմ ունեցող հասարակություններ են, որտեղ չեն կարող չլինել բռնություններ… Մարդկանց շարունակաբար գենդերային ինքնության, սեռական կողմնորոշման հիմքով բռնության ենթարկելը պետք է այլևս դադարեցվի: ՄԻԵԴ-ում գործի քննությունը պայքարի մի մասն է, բայց շատ կարևոր է, թե մենք Հայաստանի ներսում այդ հանգամանքն ինչ կերպ ենք դարձնում քննարկման առարկա»- խոսքը եզրափակեց Աննա Շահնազարյանը: 

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի