ՄԻԵԴ-ը վերահաստատել է գեյ քարոզչության մասին ռուսական օրենքի հակաիրավականությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը մերժել է «Բաևը և այլք՝ ընդդեմ Ռուսաստանի» գործով բողոքարկման քննությունը․ գործը վերաբերում է գեյ քարոզչությունն արգելող օրենքին, որը քննելով՝ ՄԻԵԴ֊ը նախկինում հակաիրավական է ճանաչել այն: 
 
Բողոքարկման մասին հայցը հունիսին ՄԻԵԴ էր ուղարկել ՌԴ արդարադատության նախարարությունը:
 
ՌԴ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ափսոսում են ՄԻԵԴ-ի որոշման համար: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ՄԻԵԴ-ի հետ հետագա աշխատանքում իրենք կպաշտպանեն ազգային շահերը: 
 
«Ռուսաստանի արդարադատության նախարարության հետագա քայլերը համապատասխան գործերով կառուցվելու են՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը ու միջազգային իրավունքի նորմերի և համընդհանուր սկզբունքների շրջանակներում»,- ասվում է նախարարության կայքում զետեղված հաղորդագրությունում:
 
ՌԴ արդարադատության նախարարությունը բողոքարկման հայցում գրել էր, որ Ռուսաստանի օրենսդրության մեջ օգտագործվող «ոչ ավանդական սեռական հարաբերություններ տերմինը» չի նշանակում, որ պետությունը ոչ ավանադական սեռական հարաբերություններին բացասական գնահատական է տալիս:
 
Ըստ ՌԴ արդարադատության նախարարության՝ օրենքում առկա ձևակերպումը «չի կարող դիտարկվել որպես ոչ ավանդական սեռական հարաբերությունների պաշտոնական քննադատություն ու առավել ևս՝ արգելում»:
 
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ բողոք էին ներկայացրել ակտիվիստներ Նիկոլայ Բաևը, Ալեքսեյ Կիսելևը և Նիկոլայ Ալեքսեևը, որոնք Ռուսաստանում «ոչ ավանադական հարաբերությունների» քարոզչության համար պատասխանատվության էին ենթարկվել: 
 
Նշենք, որ 2013-ից Ռուսաստանում գործում է ադմինիստրատիվ պատիժ՝ անչափահասների շրջանում գեյ քարոզչության համար: Այն նախատեսում է կամ մինչև հինգ հազար կամ մինչև հարյուր հազար ռուբլի չափով տուգանք, եթե քարոզչությունն իրականացվել է համացանցում: 2012-ի սեպտեմբերից ՌԴ-ում նաև ուժի մեջ է մտել երեխաներին վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու մասին օրենք, ըստ որի՝ ԶԼՄ-ները պարտավոր են իրենց կոնտենտը մակնշել տարիքի սահմանափակումների մասին նշաններով: 
 
Այսպիսով՝ մերժելով Ռուսաստանի բողոքարկման քննությունը՝ ՄԻԵԴ֊ը վերահաստատել է կայացված նախկին վճիռն առ այն, որ այսպես կոչված գեյ քարոզչությունն արգելող օրենքը հակաիրավական է։