ՄԻԵԴ հայաստանյան դատավորի թեկնածու Արայիկ Ղազարյանը «Իրավունք»-ի հոդվածը ատելության դրսևորում է համարում

Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ «Եվրասիա համագործակցության հիմանդրամի» կազմակերպած այօրվա քննարկման ժամանակ բանախոսներից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի հայաստանյան թեկնածու Արայիկ Ղազարյանը քննադատեց «Իրավունք» թերթի հրապարակած  «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածն ու դրանում տեղ գտած արտահայտությունների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի մեկանաբանությունը:

 

Հիշեցնենք, որ այն բանից, հետո երբ Ինգա և Անուշ Արշակյան քույրերը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էին, որ «զզվում են «Եվրապտեսիլ» երգի մրցույթի 2013 թվականի հաղթող Թոմաս Նոյվիրտից ( բեմական անունը՝ Կոնչիտա Վուրստ), «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» նախագծի շրջանակներում մի խումբ քաղաքացիներ ասվածի վերաբերյալ հարցեր էին ուղղել Արշակյան քույրերին ու փորձել մեկնաբանություններ վերցնել նրանցից: Դրանից հետո «Իրավունք» թերթը հրապարակել էր հոդված, որում Արշակյան քույրերին հարցեր ուղղած քաղաքացիներին համարել էի միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը սպասարկող, ազգի և պետության թշնամի, հրապարակել ցուցակ, որում տեղադրված էին, թերթի խմբագրակազմի կարծիքով, միջազգային համասեռամոլ լոբինգի սպասարկողների ֆեյսբուքյան էջերը: Ապա թերթը գրել էր, որ «ցուցակ կօգնի պետական պաշտոնյաներին, որպեսզի վերջիններս այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, գործատուներին, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան, լրատվամիջոցների սեփականատերերին, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա, կրթոջախների ղեկավարներին, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»: Դրանից հետո «Իրավունք»-ի ցուցակում հայտնված քաղաքացիներից 16-ը դատական հայց էին ներկայացրել թերթի դեմ՝ պահանջելով, որ դատարանը թերթում տեղ գտած մի շարք արտահայտություններ վիրավորանք ճանաչի և թերթին պարտավորեցի իրենց պատճառված բարոյական վնասը հատուցել: Դատարանը, սակայն, թերթում տեղ գտած արտահայտությունները համարել էր ոչ թե վիրավորանք, այլ գնահատողական դատողություններ:

 

Արայիկ Ղազարյանը, սակայն կարծիք հայտեց, որ «Իրավունք« թերթում տեղ գտած արտահայտությունները ոչ թե գնահատողական դատողություններ են, այլ ատելության դրսևորումներ:

 

«Հույս ունեմ, որ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանները դա կդիտարկեն որպես ատելության խոսք»,- ասաց Արայիկ Ղազարյանը:

 

Նա նշեց նաև, որ սխալ է օգտագործել «համասեռամոլ» բառն այն դեպքում, երբ կան դրա փոխարեն կիրառելի շատ ավելի պարկեշտ տարբերակներ:

 

Ղազարյանը կարծիք հայտնեց, որ «Իրավունք»-ի հոդվածն այն աստիճան ատելություն ու խտրականություն սերմանող է, որ եթե դրանում «համասեռամոլ» բառը փոխվի «հայ» բառով, ապա հանգիստ կարելի է արդարացնել Թուրքիայի կողմից 100 տարի առաջ հայերի նկատմամբ ատելության դրսևորումն ու 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները:

 

Փաստաբանը հիշեցրեց նաև, որ նման գաղափարները տարածող թեթրին Սերժ Սարգսյանն օրեր առաջ պարգևատրվել է:

 

Բանախոսներից «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դաինելյանն էլ հիշեցրեց ավելի վաղ թերթում սեռական փոքրամասնությունների և վերջիններին իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների դեմ ուղղված մեկ այլ հոդված:

 

Նշենք, որ խոսքը «Բոլորը հավաքված են, մնում է մի կանեստր բենզին և լուցկի» հոդվածի մասին է, որը «Իրավունք»-ը հրապարակել է այն բանից հետո, երբ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմայով քննարկում: