ՄԻԵԴ վճիռն ընդդեմ Ռուսաստանի մեսիջ, նորմ ու սկզբունք է նաև Հայաստանի համար. Արա Ղազարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 20-ին բավարարել է Բաևի և այլոց հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Նիկոլայ Բաևը, Ալեքսեյ Կիսիլյովը և Նիկոլայ Ալեքսեևը Ռուսաստանում դատապարտվել էին անչափահասների շրջանում «նույնասեռականության քարոզչություն» իրականացնելու համար: Թեմայի վերաբերյալ LGBTnews-ը զրուցել է փաստաբան Արայիկ Ղազարյանի հետ:

– Պարո՛ն Ղազարյան, ընդդեմ Ռուսաստանի այս վճիռն ի՞նչպես կարող է անդրադառնալ ՄԻԵԴ իրավազոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

– Կոնվենցիան կոլեկտիվ պայմանագիր է, կոլեկտիվ կիրառություն ունեցող, այսինքն՝ ՄԻԵԴ-ի մեկ վճիռը որևէ պետության դեմ պետք է հասկանալ որպես մեսիջ, նորմ կամ սկզբունք բոլոր պետությունների համար: Այսինքն՝ կարևոր չէ, որ այդ վճիռը Ռուսաստանի դեմ է. դրանով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է մեկնաբանվում և ասվում է, թե ինչպես պետք է այն կիրառել: Այսինքն՝ եթե ՄԻԵԴ-ն ասել է, որ օրենքն անիրավաչափ է, մարդու իրավունքների դեմ է, նշանակում է՝ դա սկզբունք է, նորմ է բոլոր պետությունների համար: Մենք Հայաստանում, օրինակ, «նույնասեռականության պրոպագանդայի» դեմ օրենք չունենք, բայց փոխարենը դրա պրակտիկա ունենք: ՄԻԵԴ-ն այդքան տարբերակում չի դնում օրենքի ու պրակտիկայի միջև այնքանով, որքանով պրակտիկան նորմատիվ բնույթ է կրում, սկզբունք է դարձել: Հիմա այդ վճիռը նշանակում է, որ նման օրենքներ չպետք է ընդունվեն, իսկ եթե ընդունվել են՝ պիտի վերանայվեն, և երրորդ՝ պրակտիական պետք է կիրառվի այնպես, որպեսզի չհակասի ՄԻԵԴ-ի կողմից արտահայտված դիրքորոշումներին, այսինքն`պաշտպանությունը մեկ աստիճանով բարձրանում է:

– Դուք նշեցիք, որ Հայաստանում նման օրենք չունենք, բայց պրակտիկա ունենք: ԻՆչո՞վ է այդ պրակտիկան արտահայտվում:

– Պրակտիկան առաջին հերթին ատելության խոսքով է դրսևորվում, և դա ավելի շատ դրսևորվում է թե՛ մասնավոր սեկտորում, թե՛ պետական մարմիններում: Պրակտիկան դրսևորվում է նաև նրանով, որ հանցագործության մասին հաղորդումներին ընթացք չի տրվում կամ եղածն էլ կոծկվում է, այսինքն՝ այս փոքրամասնությունը իրավական պաշտպանության միջոցներից զրկված է: Հանրության մի հատվածում կա նաև թյուր կարծիք, որ այդ մարդիկ վտանգավոր են. համենայն դեպս՝ պետական մարմինների, լրատվամիջոցների կողմից այդպես է ներկայացվում:

– Ուուսաստանում «նույնասեռականության քարոզի» դեմ օրենքը գործում է 2013 թվականից, և հիմա ահա ՄԻԵԴ-ը Ռուսաստանի դեմ վճռում արձանագրել է, որ խախտվել են հայցվորների՝ կարծիք արտահայտելու ազատության և խտրականությունից զերծ լինելու իրավունքները…

– Ուզում եմ շեշտել, որ առավել վտանգավոր է ոչ թե այն`օրենք կա կամ ոչ, այլ թե ինչպես է մեկնաբանվում «նույնասեռականության քարոզչություն» եզրույթը: Դա օրենքով չես կարող ամրագրել: Որպես կանոն նման օրենքները լայն են մեկնաբանվում և ավելի ու ավելի շատ դեպքեր են իրենց մեջ ներառում: Այսինքն`այստեղ ոչ այնքան կարևոր է, որ արգելվում է այսպես կոչված «նույնասեռականության քարոզը», այլ այն, թե ինչ է իր մեջ ներառում այդ «նույնասեռականության քարոզ» ասվածը: Օրինակ`գուցե որևէ լրագրող ռեպորտաժ պատրաստի այն մասին, որ նույնասեռական անձինք այս երկրում հետապնդվում են, և դատախազը կարող է դա մեկնաբանել այսպես`եթե դու ներկայացնում ես նույնասեռականների կյանքը, առօրյան, ապա դրանով քարոզում ես նույնասեռականություն: Այսինքն`նման օրենքի առկայությունn արդեն իսկ վտանգավոր է, քանի որ մեկնաբանվելու է լայնորեն:

– Հայաստանում այժմ «Հավասարության մասին» օրենքի նախագիծ է մշակում: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն պետք է լինի այս օրենքը, որ քաղաքացիները հնարավորություն ունենան արդյունավետ պաշտպանելու իրենց իրավունքները: 

– Օրենքի ընդունումը նվազագույն պահանջ է: Օրենքը կարող է ընդունվել, բայց ոչինչ չփոխվի: Սակայն օրենքը պետք է լինի, որ դրա հիման վրա սկսվի հանրային իրազեկումը՝ ներկայացնել ճշմարտությունը, փոխել հասարակական կարծիքը և հասարակությանը բացատրել, որ նրանք ունեն հավասար իրավունքներ: Օրենքի առկայությունը պետք է, որ անձինք, որոնք ուզում են պաշտպանվել, օգտվեն այդ օրենքից: Հիմա, երբ մենք օրենք չունենք, ըստ էության օրինական պաշտպանության միջոց էլ չկա: Տարբեր օրենքներում խտրականության արգելքի վերաբերյալ դրույթներ ունենք, բայց միայն դա չի օգնի, քանի որ կան բազմաթիվ սկզբունքներ, չափանիշներ, կանխորոշիչներ, որոնք հակախտրականության կոնտեքստում պետք է ներկայացվեն: Քանի դեռ օրենքը չկա՝ այս չափորոշիչներն էլ չկան, այսինքն` եթե քաղաքացիները դիմեն դատարան, ապա զրկված են արդյունավետ գործիքներից:

– Պարո՛ն Ղազարյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնասեռական անձինք հասարակության  առավել խոցելի խմբին են պատկանում, չե՞ք կարծում, որ այդ գործիքներից մեկը կլինի այն, որ «Հավասարության մասին» օրենքում հստակորեն նշվի նաև գենդերային ինքնությամբ և սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականության արգելքի մասին:

– Պետք է հիշել սահմանադրական նորմը, որով անձնական, սոցիալական ցանկացած հատկանիշով պայմանավորված խտրականությունն արգելվում է, բացի այդ`գենդերային հավասարության մասին օրենքի որոշակի դրույթներից ևս կարելի է օգտվել:

– Ինչո՞ւ ուղիղ չնշել գենդերային ինքնությամբ և սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականության անթույլատրելիության մասին:

– Գուցե օրենքի մեջ չնշվի սեռական կողմնորոշումը՝ որպես պաշտպանված հատկանիշ, բայց դրա մեջ նշվի, որ ցանկացած հիմքով խտրականությունն արգելվում է: Ավելի լավ կլինի, իհարկե, որ ուղիղ նշվի, բայց դա ըստ էության նույն բանն է: Երբ օրինագիծը դրվի հասարակական քննարկման, օրենսդիրը թող ինքը որոշի`ինչպես վարվել, բայց այն, որ և՛ օրենսդիրը, և՛ գործադիրը հասկանում են, որ մեզ այդպիսի օրենք պետք է՝ դա միանշանակ է: Ընդ որում՝ ոչ միայն նույնասեռական անձանց, այլ շատ ուրիշ անձանց ևս այս օրենքն օդի ու ջրի նման անհրաժեշտ է: