ՄԻԵԴ վճիռն ուժգին հարված էր տարածված քարոզչական հնարքին. Հասմիկ Պետրոսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ընդդեմ Ռուսաստանի ուժգին հարված էր հետսովետական երկրներում ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների սահմանափակումներն արդարացնելուն ուղղված տարածված քարոզչական հնարքին, որն անտեսում է ոչ միայն մարդու իրավունքների էությունը, այլ նաև դեռևս նախորդ դարում գիտականորեն հիմնավորված փաստերը, LGBTnews-ի հետ զրույցում ասաց Pink Armenia հասարակական կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանը: 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՄԻԵԴ-ը, քննելով «Բաևն ու այլոք՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործը, վճռել էր, որ Ռուսաստանում ընդունված այսպես կոչված «գեյ պրոպագանդան արգելող» օրենքը խախտում է կարծիք արտահայտելու ազատության իրավունքն ու խտրական է: 

«Խոսքը մասնավորապես վերաբերում է «նույնասեռականության պրոպագանդա» հասկացությանը, որով փորձ է արվում արդարացնել մարդու ազատ արտահայտման իրավունքի, հավաքների ազատության, խտրականությունից զերծ մնալու իրավունքների իրացման ցանկացած սահմանափակում։ Այս և այլ նույնաբովանդակ արտահայտություններով, օգտագործելով «ոչ ավանդական», «ընտանիք», «բարոյականություն» բառերը, ոչ դեմոկրատական ճանապարհով իշխանության եկած ուժերը, հաճոյանալով մեծամասնությանը, փորձում են օրինականացնել իրենց գործելաոճը՝ զերծ մնալով մարդու իրավունքների խախտումների դեմ որևէ զանգվածային ընդվզումից։ Այսպիսի պոպուլիստական մեխանիզմների գործադրումը ոչ միայն սերմանում է անհանդուրժողականություն և թշնամանք հասարակության տարբեր խմբերի նկատմամբ, այլ նաև անհնար է դարձնում մարդու իրավունքների պատշաճ իրացումը պրակտիկայում»,- ընդգծում է Հասմիկ Պետրոսյանը:

Իրավաբանը նշում է, որ թեև Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների սահմանափակում օրենքի միջոցով այսօր չկա, փորձը ցույց է տալիս, որ դա չի խանգարում պետական մարմիններին նույն պոպուլիստական հիմնավորումներով ոտնահարել ԼԳԲՏԻ անձանց հիմնարար իրավունքները։ 

Իբրև դրա վառ օրինակ Պետրոսյանը մատնանշում է օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանող սոցալական գովազդների ապամոնտաժումը։

«Ինչպես հայտնի է՝ ՄԻԵԴ վճիռներում արտահայտված դիրքորոշումները կիրառելի են ոչ միայն կոնկրետ երկրում, որի դեմ կայացվել է վճիռը, այլ նաև Եվրոպայի խորհրդին անդամակցած մյուս երկրներում՝ որպես մարդու իրավունքների իրացման մեխանիզմների և հնարավորությունների, դրանց սահմանափակումների մեկնաբանություն։

Այս դեպքում Երևանի քաղաքապետարանի գործողությունների դեմ վարչական դատարանում ՄԻԵԴ դիրքորոշումները կարող են ևս մեկ անգամ ամրապնդել այն հիմնավորումը, որ մարդու ազատ արտահայտման իրավունքի սահմանափակումը չի կարող բացատրվել այնպիսի պնդումներով, ինչպիսիք են այլքոց դժգոհությունները կամ հասարակության համար անընդունելի լինելը։ Եվ սա այն դեպքում, երբ հասարակությանը կրթելու, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք և հանդուրժողականություն սերմանելու պարտավորությունը դրված է նույն պետության, իշխանության վրա, որ թաքնվում է իր իսկ ձախողումների արդյունքում առաջացած իրավիճակի ետևում։

Ինչպես մենք արդեն նշել ենք, Pink Armenia-ն պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանի գործողությունների դեմ, որի արդյունքը ևս կարող է Եվրոպական դատարանի մի այսպիսի վճիռ լինել։ Կարծում եմ՝ պետությունը պետք է ճիշտ օգտագործի այս փուլում իրեն տրված հնարավորությունը և կանխի Հայաստանի Հանրապետության դեմ հերթական ամոթալի վճիռը»,- ընդգծում է Հասմիկ Պետրոսյանը: