ՄԻՊ տարեկան զեկույցում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խնդրին առկա է հպանցիկ անդրադարձ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2016-ի ընթացքում ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան զեկույցը:

«Այլ իրավունքներին առնչվող և օրենսդրական խնդիրներ» բաժնում առկա է «Խտրականություն սեռական կողմնորոշման հիմքով» հատված:

«ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված է, որ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթից այլ հանգամանքներից, արգելվում է:

Թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է խտրականության արգելքը, այնուամենայնիվ, հստակ իրավական մեխանիզմների բացակայության հետևանքով անձինք զրկված են իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցներից: Ուստի, կարևոր է օրենսդրական մեխանիզմների ներդրումը, որով կսահմանվեն ինչպես խտրականության հասկացությունը, տեսակները, այնպես էլ խտրականությունը կանխարգելող հստակ մեխանիզմները: Այս առնչությամբ, դեռևս 2015 թվականին ՄԱԿ- ի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից Հայաստանին առաջարկվել է ընդունել խտրականությունը սահմանող համապարփակ օրենսդրություն և խտրականության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ՝ ուղղված հասարակության խոցելի խմբերի դեմ ատելության քարոզչության և հրահրման բացառմանը:

2016 թվականի ընթացքում մի շարք կազմակերպություններ անդրադարձել են Հայաստանում խտրականության դրսևորումներին: Այսպես, «Հյուման Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում արձանագրել է, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության, ինչպես նաև շարունակվում է ատելության քարոզումը նրանց դեմ: Նշված խնդիրներին անդրադարձել են նաև մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ:

Այսպես, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի տվյալներով՝ 2016 թվականին արձանագրվել են ԼԳԲՏ անձանց նկատմամբ ոտնձգության 13 դեպք, որոնցից 3-ը արտահայտվել են ֆիզիկական բռնությամբ: Բռնության երկու դեպքերի զոհ է դարձել տրանսգենդեր անձը. մի դեպքում փողոցում ենթարկվել է հարձակման և ծեծի, իսկ երկրորդում՝ դանակահարվել, երրորդ դեպքում անչափահասը, ում նույնասեռական լինելու հանգամանքը հայտնի է դարձել դպրոցում, այնուհետև՝ ընտանիքում, ենթարկվել է բռնության և սահմանափակվել է վերջինիս ազատությունը:

Նշվածի կապակցությամբ հարկ է ընդգծել նաև, որ անձի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերով նախատեսված չէ որպես ատելության հիմքով կատարված հանցագործության որակյալ հատկանիշ: Նույն կերպ, ՀՀ քրեական օրենսգրքի «Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները» վերտառությամբ 63-րդ հոդվածով արարքն ատելության հիմքով կատարված լինելու շարժառիթ նախատեսված է միայն ազգային, ռասայական կամ կրոնական ատելությունը: Արդյունքում, օրենսդրական բացի հետևանքով, անձի սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով կատարված հանցագործությունները չեն ազդում հանցագործության որակման և պատժի չափի որոշման վրա:

Մինչդեռ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, անդրադառնալով անձի սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դրսևորմանը, նշել է, որ խտրականությունն անձի սեռական կողմնորոշման հիմքով նույնքան խնդրահարույց է, որքան «սեռի, ռասայի, մաշկի գույնի» հիմքով խտրականությունը», -ասված է զեկույցում:

314 էջանոց զեկույցում ԼԳԲՏԻ անձանց և իրենց իրավունքներին այլ անդրադարձ չկա:

Այնուամենայնիվ, հատկանշական է, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս տարեկան զեկույցում, անդրադառնալով ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խնդրին, փաստում է, որ «հստակ իրավական մեխանիզմների բացակայության հետևանքով անձինք զրկված են իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցներից» և այդ համատեքստում հիշատակում է հակախտրական օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ հակախտրական օրինագիծն այժմ գտնվում է Կառավարությունում՝ մշակման փուլում, դրա բովանդակությունը դեռևս չի հրապարակվել և հայտնի չէ՝ արդյոք ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության արգելքը տեղ կգտնի՞ դրանում:

Ուշագրավ է նաև, որ ՄԻՊ-ն արձանագրում է օրենսդրական բաց՝  անձի սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով կատարված հանցագործությունների առումով և մատնանշում, որ առկա օրենսդրական բացի պատճառով հանցագործության որակման և պատժի չափի որոշման առումով առկա է խնդիր:

ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ու ազատությունների սահմանափակումների, խախտումների, ինչպես նաև օրենսդրական բացերի ողջ ծավալն, այնուամենայնիվ, ՄԻՊ զեկույցում արտացոլված չէ: