Միջազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիադաների համար ընդդեմ խտրականության պայմաններ է մտցրել

Սոչիի օլիմպիադայից առաջ Ռուսաստանում ընդունված «հակամիասեռական օրենքների» պատճառով առաջացած վեճերի արդյունքում Միջազգային օլիմպիական կոմիտեն(ՄՕԿ) Օլիմպիադան հյուրընկալող քաղաքների հետ պայմանագրում խտրականության դեմ ուղղված հատուկ պայման է մտցրել, գրում է The Guardian-ը:

 

2022-ի Օլիմպիադայի անցկացման թեկնածու քաղաքներին ուղղված նամակում Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ սպորտի հարցերով տնօրեն Քրիստոֆ Դյուբին հայտնել է, որ նոր պայմանը հիմնված է լինելու Օլիմպիական խարտիայի 6-րդ սկզբունքի վրա:

 

«Որևէ երկրի կամ առանձին մարդու ռասսայի, դավանանքի, քաղաքական հայացքների, սեռի կամ այլ տարբերության նկատմամբ խտրականության ցանկացած ձև անհամատեղելի է Օլիմպիական շարժմանը պատկանելության հետ», – ասված է պայմանում:

 

ՄՕԿ-ն այդ քայլին է գնացել մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների՝ այդ թվում՝ All Out-ի, Athlete Ally-ի և Human Rights Watch-ի անցկացրած արշավից հետո: Ավելի քան 80 հազար մարդ խնդրագիր էին ստորագրել, որով ՄՕԿ-ին կոչ էին անում իր պայմանագրում ներառել վերոնշյալ պայմանը:

 

«Սա կարևոր քայլ է ինչպես քաղաքացիների, այնպես էլ սպորտսմենների անվտանգությունն ամբողջ աշխարհում ապահովելու համար: Այն Օլիմպիադան հյուրընկալող քաղաքներին հստակ հասկացնում է, որ մարդու իրավունքների ոտնահարումը, այդ թվում՝ լեսբուհիների, հոմոսեքսուալների, բիսեքսուալների և տրանսգենդերների, այստեղ տեղ չունեն»,- հայտարարել է All Out իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Անդրե Բենքսը:

 

Նրա խոսքով՝ «նոր օրենքները պետք է կանխարգելեն Սոչիում կատարվածի կրկնությունը»: