Միջազգային ֆլեշմոբ՝ ընդդեմ Ղրղզստանում խտրական օրինագծի ընդունման. ակցիային միացել է նաև Pink Armenia-ն (ֆոտոշարք)

Հայաստանյան «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը միացել է Ղրղզստանում այսպես կոչված «ընդդեմ նույնասեռականության քարոզչության» օրենքի ընդունման դեմ կազմակերպված միջազգային ֆլեշմոբին: 

 

Միջազգային ֆլեշմոբը կազմակերպել է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող LABRYS կազմակերպությունը: 

 

Նախաձեռնողների հայտարարության մեջ ասված է, որ ակցիայի նպատակը «ազգային և միջազգային հանրությունների ուշադրության կենտրոնացումն է Ղրղզստանի խորհրդարանի խտրական նախաձեռնությունների վրա»: 

 

Նշենք, որ նախօրեին Ղրղզստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ընդդեմ նույնասեռականության քարոզչության» օրենքը: 

 

Օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն «ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու» համար: 

 

Ֆլեշմոբը մեծ տարածում է գտել համացանցում: Սոցցանցերում այն անցկացվում է #supportLGBTkg հաշթեգի ներքո: