Մոմավառություն՝ ի հիշատակ Չեչնիայի հետապնդումների զոհերի

Ապրիլի 6-ի երեկոյան Pink Armenia հ/կ ներկայացուցիչներն ու մի խումբ քաղաքացիներ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» արձանի մոտ մոմավառություն անցկացրին՝ հարգելով անցյալ տարի Չեչնիայում ԼԳԲՏ անձանց դեմ հետապնդումների ու բռնաճնշումների զոհերի հիշատակը:

Pink Armenia հասարակական կազմակերպության ղեկավար Նվարդ Մարգարյանը LGBTnews-ի հետ զրույցում նշեց, որ մոմավառության նպատակն է հիշել հոմոֆոբիայի զոհերին ու սոլիդարություն է Չեչնիայի ԼԳԲՏ համայնքին. «Ինչպես նաև կոչ միջազգային հանրությանը, ՌԴ իշխանություններին, որպեսզի պատժվեն այն հանցագործները, որոնք իրականացրին այդ հանցագործությունը»:

Ակցիայի մասնակիցներից Դիանա Կարապետյանը LGBTnews-ի հետ զրույցում նշեց, որ իր համար շատ կարևոր է սոլիդարություն ցույց տալ Չեչնիայում տեղի ունեցած հետապնդումների զոհերին. «Այն զոհերը, որ եղել են Չեչնիայում, չպետք է մոռացվեն, որովհետև ես ինքս էլ պայքարում եմ հանուն հավասարության, հանուն ազատության, ու այն, ինչ եղել է Չեչնիայում ապրող մարդկանց հետ, հնարավոր է՝ ինձ հետ պատահեր, որովհետև ես էլ եմ այդ թիրախային խմբի ներկայացուցիչ ու եթե ես ցույց չտամ սոլիդարություն, էլ ո՞վ պետք է սոլիդարություն ցույց տա: Բացի այդ, անգամ եթե այդ թիրախային խմբից չլինեի, միայն այն փաստը, որ ինչ-որ հատկանիշի համար մարդուն կարող են սպանել, արդեն իսկ սոլիդարություն ցույց տալու պատճառ է»:

Հիշեցնենք, որ Չեչնիայի Հանրապետությունում անցած տարվա փետրվարից նույնասեռականների զանգվածային հետապնդումներ ու սպանություններ են սկսվել: Չնայած միջազգային հանրության քննադատությանը՝ բռնանշումները ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ Չեչնիայում շարունակվում են: