Մոմավառություն Երևանում՝ ի հիշատակ Օռլանդոյի ահաբեկչության զոհերի

Երևանում գտնվող՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ այսօր ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները, ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների անդամները և այլ քաղաքացիներ մոմավառությամբ հարգեցին նախօրեին ԱՄՆ Օռլանդո քաղաքի գեյ ակումբում տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակը: 

Facebook սոցիալական ցանցում ստեղծված միջոցառման էջում զետեղված տեքստում նշվում է. «Դատապարտում ենք ակումբի վրա իրականացրած ատելության հիմքով հարձակումը, ինչպես նաև մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ընկերներին։

Մենք դատապարտում ենք ատելության խոսքը, որն այս օրերին ահագնանում է համացանցում` ի պաշտպանություն ահաբեկչի։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին հարգել անմեղ զոհերին, այլ ոչ թե պաշտպանել ահաբեկչությունն ու ահաբեկչական գործողությունները»: 

Հիշատակի ու համերաշխության միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: 

«Մինչ ամերիկացիները վշտով առաջ են շարժվում, մեզ ոգեշնչում են մեր բարեկամները Հայաստանում և ամբողջ աշխարհում, և նրանց աջակցությունը հիշեցնում է, որ ատելության ու բռնության հանդիպելիս պետք չէ ընկրկել և վախենալ, այլ ընդհակառակը, միասնաբար պաշտպանել բոլոր այն արժեքները, որոնք մենք կիսում ենք», – ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: 

«ԱՄՆ դեսպանատունն իր խորին շնորհակալությունն է հայտնում այն հայերին և ամերիկացիներին, ովքեր Օռլանդոյում տեղի ունեցած հրաձգությունից հետո դեսպանատուն ծաղիկներ են բերել ՝ ի նշան վշտի և համերաշխության: Ատելության և ահաբեկչության այս բարբարոսական արարքի թիրախը ոչ թե մի ակումբ է, մի նահանգ, կամ մի երկիր, այլ ազատության և հավասարության գաղափարախոսությանը հավատացող բոլոր մարդիկ աշխարհի ցանկացած վայրում»,- նշված է  Facebook-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում: 

Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջից