Մտածե՛ք, սա դեռ արգելված չէ Հայաստանում. Մամիկոն Հովսեփյան

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առնչությամբ Հայաստանում շարունակվում է միջոցառումների շարքը: Այսօր LGBTnews-ի զրուցակիցն է Pink Armenia-ի տնօրեն, Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պայքարի առաջնորդ Մամիկոն Հովսեփյանը:

– Մամիկո՛ն, ո՞րն է այս միջազգային օրվա կապակցությամբ ձեր ուղերձն՝ ուղղված հայաստանյան հանրությանը:

– Հասարակության մեջ ներարկվում է վախ՝ հիմնված կեղծիքների և երևակայության վրա, քանի որ չկա բավարար տեղեկացվածություն, առավել ևս՝ սեռական կրթություն: Պետք է նախ օգտվենք տեղեկացված լինելու մեր իրավունքից և անիմաստ վախերի փոխարեն հավաստի աղբյուրներից տեղեկանանք սեռականության ու դրա բաղադրիչների մասին: Խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքացիներին ՄՏԱԾԵ՛Լ, ինչը դեռ արգելված չէ Հայաստանում:

– Ի՞նչ ուղերձ ունեք ԼԳԲՏԻ համայնքին:

– Դժվարությունները, ոտնահարումներն ու բռնությունը դեռևս լուրջ խնդիր է ԼԳԲՏԻ անձանց կյանքում: Սակայն պետք է ավելի ուժե՛ղ լինել, չհուսահատվե՛լ և աջակցե՛լ միմյանց: Հիասթափությունը և երկրից հեռանալը լուծում չեն: Պետք է պատմե՛նք մեր պատմությունները, թո՛ւյլ տանք, որ մեզ ճանաչեն այնպիսին, ինչպիսին մենք կանք: Պետք է պայքարե՛նք հանուն մեր իրավունքների պաշտպանության, հանուն հավասարության: 

Պայքարը սեր է, իսկ սերը՝ կյանք:

– Որո՞նք են ԼԳԲՏԻ իրավունքների պայքարի ամենաառաջնային խնդիրները, որ պետք է իր առաջ ունենա համայնքն առաջիկա մի քանի տարիներին:

– ԼԳԲՏԻ համայնքի հզորացումը և իրազեկվածության բարձրացումը հասարակությունում առաջնային խնդիրներ են: Գիտելիքներով զինված համայնքն ի վերջո կարո՛ղ է ձևավորել պայքարի այն շարժումը, որը կփոխի իրավիճակը և կձգտի հավասարության, կազդի որոշում կայացնողների վրա: Իսկ տեղեկացված հասարակությունը զերծ կլինի անիմաստ վախերից և չի խորտակի մարդկանց կյանքերը, այլ կձգտի առողջ ու պաշտպանված հասարակության ձևավորմանը:

– Մի կողմից Հայաստանն, ըստ Economist Intelligence Unit-ի, ավտորիտար պետությունների շարքում է, մյուս կողմից՝ հոմոֆոբ հակագաղափարախոսությամբ աչքի ընկնող պետությունների ակումբի՝ ԵԱՏՄ-ի անդամ, այսինքն՝ ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին անբարենպաստ միջավայր, դրան գումարած՝ հասարակության շրջանում կարծրացած հոմոֆոբիան, տրանսֆոբիան։ Այս անբարենպաստ գործոնների առկայության դեպքում պայքարի ո՞ր ուղղությունը, մեթոդը, ռազմավարությունն է ամենաարդյունավետը:

– Հասարակական հոմոֆոբիային, տրանսֆոբիային զարկ է տալիս, սնում է նույն ավտորիտար իշխանությունը: Անկախ կրթական համակարգ ու ԶԼՄ-ներ ունենալու դեպքում պատկերն այլ կլիներ: Սա միջոց է իշխանության ձեռքին՝ հասարակությանը շեղելու սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրներից, զրկելու ընտրության իրավունքից: Ինչպես իշխանությանը ձեռնտու է պատերազմական իրավիճակը հարևան պետության հետ, այնպես էլ՝ նման վիճակի ստեղծումը երկրի ներսում, ատելության, թշնամանքի տարածումը:

Այսպիսով՝ նախ պետք է ազատագրել կրթական համակարգը և ստեղծել անկախ և ուժեղ լրատվական դաշտ: Քանի որ ավտորիտար ռեժիմը դրանք խլել է ժողովրդից և օգտագործում է ուղեղների լվացման համար, ապա պետք է ստեղծվեն այլընտրանքային տեղեկատվություն տրամադրող աղբյուրներ, այլընտրանքային կրթական հարթակներ: Պետք է հնարավորություն տրվի հասարակությանը տեղեկատվությունը վերլուծել, մտածել և քննարկել: Անալիտիկ մտածելակերպը ժողովրդի զարգացման և առաջընթացի հիմնասյունն է և ավտորիտար ռեժիմների տապալման գրավականը:

– Հայաստանում կան մի քանի հ/կ-ներ, որոնք զբաղվում են ԼԳԲՏԻ անձանց իրավունքներով, այդ թվում՝ ոչ ԼԳԲՏԻ հ/կ-ներ։ Ի՞նչ ուղղություններով անհրաժեշտություն ունեն բարելավել, կատարելագործել հ/կ-ներն իրենց աշխատանքը։

– Կարևոր է տարաբնույթ հ/կ-ների կատարած աշխատանքն այս ոլորտում, սակայն կատարվող աշխատանքների ընթացքում և դրանցից առաջ հարկավոր է մշտապես լսել ԼԳԲՏԻ անձանց և աշխատել հենց այդ համայնքի համար, այլ ոչ թե հանուն անձնական շահերի կամ դոնոր կազմակերպություններին ներկայացվող հաշվետվությունների:

Այժմ ավելի շատ գործ է արվում Հայաստանում այս ոլորտում, սակայն դեռ աճելու և զարգանալու տեղ կա: Մենք պետք է ունենանք մեր՝ տեղական օրակարգն ու չարտատպենք այլ երկրների օրինակը, քանի որ մի բանը լավ կարող է աշխատել Ճապոնիայում, Կանադայում կամ Հնդկաստանում, բայց սխալ ընկալվել Հայաստանում:

Pink Armenia-ն մեծ կարևորություն է տալիս համայքի ձայներին ու իր ողջ աշխատանքային ռազմավարությունը հիմնում ԼԳԲՏԻ համայնքից ծնված գաղափարների վրա:

– Ի՞նչ հաջողության կցանկանայիր, որ ԼԳԲՏԻ իրավունքների հարցում համայնքը հասներ մինչև հաջորդ տարվա այս օրը:

– Ակնկալում եմ, որ ՄԻԵԴ-ն այս տարվա ընթացքում կարևոր որոշում կհրապարակի DIY-ի ակումբի (Օգանեզովան ընդդեմ Հայաստանի) երկու դատական գործով, որը մեծ ազդեցություն կունենա երկրում:

Նաև ցանկանում եմ, որ Հայաստանում զարգանա ԼԳԲՏԻ անձնանց նախաձեռնողականությունն ու ձեռնարկատիրությունը: Համայքում կան բավական շատ նորարար ու ստեղծագործ անձինք, նրանց կարողությունները պե՛տք է օգտագործվեն երկրում, ինչը կպաստի նաև երկրի զարգացմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր ու հնարավորություններ բոլորի համար: