Նախորդ տարի պետությունը շատ ուղղակի խտրականություն է դրսևորել․ Նվարդ Մարգարյան

2017-ը ԼԳԲՏԻ անձանց և նրանց համակիրների համար մի շարք ձեռքբերումների և միևնույն ժամանակ բազմաթիվ խնդիրներով լի տարի էր, LGBTnews-ի հետ զրույցում նշում է PINK Armenia հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանը:

Ամենաակնառու բացասական երևույթը, որ անցած տարվա ընթացքում դրսևորվել է, ըստ Մարգարյանի, պետության կողմից ուղղակի խտրականությունն է եղել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ:

«Եթե նախորդ տարիների ընթացքում այս խտրականությունն անուղղակի է եղել, ապա անցած տարի պետությունն ուղղակի ձևով արտահայտել է խտրական վերաբերմունք»,- նշեց Մարգարյանը` հիշեցնելով ԼԳԲՏԻ անձանց իրավունքներին վերաբերող պաստառները Երևանի քաղաքպետարանի կողմից ապամոնտաժելու, Մշակույթի նախարարության կողմից այդ գովազդները սոցիալական գովազդներ չհամարելու, ԼԳԲՏԻ անձանց մասին պատմող «Լսի՛ր ինձ» ֆիլմը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում չցուցադրելու օրինակները:

2017-ի ընթացքում, ըստ Մարգարյանի, շարունակվել են ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության, անչափահասներին ընտանիքից վտարելու երևույթները, ընդհուպ մինչև ԼԳԲՏԻ անձի ինքնսպանության դեպք է գրանցվել:

Ամենամեծ ձեռքբերումն, ըստ Նվարդ Մարգարյանի, 2017-ի ընթացքում ԼԳԲՏԻ անձանց տեսանելիության բարձրացումն է. այս մեկ տարվա ընթացքում ԼԳԲՏԻ մարդիկ և նրանց խնդիրները մշտապես` տարբեր ամիսների ընթացքում, քննարկման առարկա են դարձել:

«Դրական է, որ բացի ԼԳԲՏԻ մարդկանցից շատ այլ մարդիկ սկսեցին խոսել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանվածության մասին: Մեր կազմակերպության համար կարևորագույն իրադարձություններից մեկն այն է, որ մենք սկսել ենք աշխատել ԼԳԲՏԻ անձանց ընտանիքների հետ և այդ աշխատանքը արդյունավետ է եղել»,- նշում է հասարակական կազմակերպության նախագահը:

Մարգարյանի խոսքով՝ պետության կողմից խտրականության ցանկացած դրսևորման դեպքում հասարակության որոշակի զանգված իր աջակցությունն է հայտնել ԼԳԲՏԻ անձանց: Օրինակ՝ երբ «Լսի՛ր ինձ» ֆիլմը դուրս բերվեց «Ոսկե Ծիրան» փառատոնի ցանկից, շատ ռեժիսորներ և այլ մարդիկ խոսեցին ցենզուրայի դեմ:

Մարգարյանը նկատում է. ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունն ու նրանց տեսանելիության բարձրացումը փոխկապակցված են միմյանց:

«Տեսանելիության բարձրացումը հանգեցնում է խտրականության դրսևորումների աճին, իսկ խտրականության դրսևորումներն ու դրանց մասին բարձրաձայնելը հանգեցնում են տեսանելիության բարձրացման»,- ասում է Նվարդ Մարգարյանը:

Վերջինս խոսեց նաև 2018-ի իրենց ակնկալիքներից ու անելիքներից
 

«Մենք շարունակելու ենք այն աշխատանքը, որը կատարել ենք նախորդ տարիների ընթացքում՝ կարողությունների հզորացում, համայնքի հետ աշխատանք, ԼԳԲՏԻ անձանց և նրանց խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, օրենքների ադվոկացիա, մարդու իրավունքների պաշտպանություն, ռազմավարական դատավարություններ: Սպասում ենք նաև հավասարության մասին օրենքի վերաբերյալ զարգացումներին, թեև մեծ ակնկալիքներ չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Նվարդ Մարգարյանը:

Հայաստանը դարձնել ապահով միջավայր բոլորի համար, որ մարդիկ կարողանան ինքնադրսևորվել, ստեղծել միջավայր, որտեղ մարդկանց իրավունքները չեն ոտնահարվի սոսկ այն պատճառով, որ նրանք իրենց ինչ-ինչ հատկանիշներով տարբերվում են. ահա այն, ինչ Նվարդ Մարգարյանը ցանկանում է տեսնել 2018-ին և առհասարակ։