Նիգերիայի կաթոլիկ արքեպիսկոպոսը փոխել է իր վերաբերմունքը գեյերի և լեսբուհիների նկատմամբ

Նույնասեռականների հարաբերություննեի նկատմամբ առավել հանդուրժող լինելու՝ Վատիկանի՝ վերջերս արած կոչն արդեն սկսել է փոխել Կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների վերաբերմունքը նույնասեռականների նկատմամբ, գրում է GayRussia-ն:

Նիգերիայի արքեպիսկոպոս Իգնատուս Կայգաման փոխել է իր վերաբերմունքը երկրի հականույնասեռական օրենքների վերաբերյալ, որոնք նույնասեռ հարաբերությունների, գեյ-ակումբների և կազմակերպությունների ստեղծման համար մինչև 14 տարի ազատազրկում են նախատեսում: Բացի այդ՝ երկրի 12 նահանգները, որոնք շարիաթի օրենքներն են կիրառում, գեյ-սեքսի համար մահապատիժ են սահմանում:

 

Երբ Նիգերիայում ընդունում էին հոմոֆոբ օրենքը, Կայգաման այն անվանում էր «ընտանեկան» և «ճիշտ ուղղությամբ արվող, ճիշտ քայլ»: Իսկ այժմ նա պնդում է, որ նիգերիական եկեղեցին պաշտպանելու է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որոնց կհետապնդեն կամ ազատազրկման կդատապարտեն միայն այն բանի համար, թե ով են նրանք:

 

The Tablet պարբերականին տված հարցազրույցում Կայգման ասել է. «Մենք չենք աջակցում այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց քրեականացումը: Մենք կպաշտպանենք հոմոսեքսուալ կողմնորոշում ունեցող ցանկացած մարդու, որը կհետապնդվի կամ կազատազրկվի»:

 

Արքեպիսկոպոսը հավելել է. «Կառավարությունը, գուցե, ցանկանում է նրանց պատժել, սակայն մենք դա չենք ուզում: Մենք կառավարությանը կոչ կանենք դադարել պատժել այլ կողմնորոշում ունեցող մարդկանց»: