Նիկոլ Փաշինյանն ու ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները․ ինչպիսի՞ն է Կառավարության պատկերացումը

Այսօր Կառավարությունում քննարկվել է Ազգային ժողովի մի խումբ ՀՀԿ֊ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը՝ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին։

Այս տարվա հոկտեմբերի 1-ին խորհրդարանում շրջանառության մեջ դրված օրինագիծն, ըստ էության, այսպես կոչված «գեյ պրոպագանդան» արգելելու մասին էր։ Հատկանշական է, որ Ազգային ժողովի Իրավական փորձաքննության վարչությունը հոմտեմբերի 10-ին դրական եզրակացություն էր տվել այս նախագծին՝ նշելով, որ առաջարկվող փոփոխությունների փաթեթն, իբր, «համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին»։

Կառավարությունը, այսօր հարցը քննարկելուց հետո, գտել է, որ «նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է» և առաջարկում է անփոփոխ թողնել օրենքը, այլ կերպ՝ հավանության չի արժանացնում օրինագիծը։ 

Այնուամենայնիվ, հատկանշական է այն, թե ինչ հիմնավորումներով է մերժվել օրինագիծը և ուղեկցող ինչ տեքստով։ 

Այսպես, Կառավարության առաջարկությունում նշվում է, որ օրինագծի 18-րդ հոդվածն արդեն իսկ արգելում է բացասական տեղեկատվության ու գրականության զանգվածային տարածումը։

«Երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վերջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելը գտնում ենք՝ արդարացված չէ»,֊ ասված է Կառավարության առաջարկությունում։ 

Դրանում նաև նշվում է, որ ՀՀԿ֊ականների օրինագծի մի հատվածը կրկնում է օրենքում արդեն իսկ առկա դրույթ։ Այսինքն՝ Կառավարությունը գործող օրենսդրությունը մեկնաբանել է այնպես, որ այն իբր արդեն իսկ ներառում է «գեյ պրոպագանդայի» արգելք, ինչի պատճառով էլ «նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է»։ 

«նախագծում օգտագործված որոշ հասկացություններ միանշանակ չեն ընկալվում, հետևաբար չեն կարող ունենալ միատեսակ կիրառում (օրինակ՝ «ոչ ավանդական սեռական հարաբերություն» և «ավանդական սեռական հարաբերություն» և այլն)»,֊ նաև նշված է Կառավարության փաստաթղթում։ 

Այսպիսով, թեև դրական է, որ Կառավարությունը հավանության չի արժանացրել ՀՀԿ֊ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, այնուամենայնիվ բացասական են այն հիմնավորումները, որոնցով դա արվել է։ 

Ավելին, Կառավարությունում հարցի քննարկումն ուղեկցվել է վարչապետ Փաշինյանի ու զեկուցող՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանի ուշագրավ երկխոսությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։  

«Օրենքների նախագծով առաջարկվում է Երեխաների մասին օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի բովանդակությունը հետևյալն է. «Երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվութունը տարածելը կամ քարոզչությունն արգելվում է»: Եվ բացատրում է, թե սույն օրենքի իմաստով ինչ նկատի ունեն քարոզչություն ասելով:

Մեր դիրքորոշումն այն է, որ առաջարկված փոփոխությունը կրկնում է արդեն իսկ գործող օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասի պարբերությունը, այսինքն՝ երեխաների իրավունքների երաշխիքը, մասնավորապես՝ ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելու իրավունքի ապահովման իմաստով, արդեն իսկ գործող օրենսդրությամբ արգելված է, հետևաբար այս մասով, կարծում ենք, որ կրկնությունն անիմաստ է, և բացի այդ՝ առաջարկությունն այդ իմաստով հակասում է իրավական ակտերի մասին օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասին: Եվս մեկ նկատառում․ ներկայացված օրենքի նախագծում օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն ոչ միատեսակ և ոչ միանշանակ ընկալում և հետագայում կիրառման իմաստով կարող են շատ խնդրահարույց լինել: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «ոչ ավանդական սեռական հարաբերություններ», «ավանդական սեռական հարաբերություններ» (արտահայտություններին.,- խմբ): Մեր համոզմամբ՝ նման հասկացությունների կիրառումն օրենսդրության մեջ լինելու է վիճահարույց և հանգեցնելու է ոչ միանշանակ և ոչ միատեսակ կիրառման: Եվս մեկ նկատառում․ օրենքի նախագիծը չի անցել հանրային քննարկում, նաև չի ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և մենք չունենք նաև Մարդու իրավունքների պաշտանի գրասենյակի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Մեր եզրակացությունն է՝ գործող օրենքները թողնել անփոփոխ, իսկ նախագծին հայտնել բացասական եզրակացություն»,֊ նշել է փոխնախարարը։ 

«Դուք արդեն ասացիք, և նախագծի փաթեթում էլ գրված է, որ, ըստ էության, այդպիսի կարգավորում մեր օրենքն ունի, բայց այստեղ ծագում է մի հարց՝ պրակտիկայում այդ օրենքն ընդհանրապես կիրառվո՞ւմ է և կիրառելի՞ է ընդհանրապես: Որովհետև, տեսե՛ք, այսօր համացանց կա և համացանցում կա կատարյալ ազատություն, և երեխաները նույնպես օգտվում են համացանցից և մուտք են գործում, և դժվար է ասել … Եվ ամեն ինչին, ըստ էության, հասանելիություն կա: Եթե նույնիսկ ամենախիստ ձևակերպումներով օրենքն ընդունենք, քարոզչություն ասելով նկատի է առնվում, երբ մեկը գնում է երեխայի ականջին ինչ-որ բան է ասում, հրապարակային է ինչ-որ բան ասում կամ այդ նույն բանը տեղադրվում է ինտերնետում, հետևաբար այդ հասանելիությունը սահմանափակելու հնարավորություն չկա, էլ չեմ ասում, որ ինետրնետում դա տեղադրվում է անանուն կամ կեղծ օգտատիրոջ կողմից, որին մենք չենք կարողա նույնականացնել, ինչպե՞ս ենք այս խնդիրները լուծում: Եվ, ըստ էության, գործնականում այսպիսի գործիքակազմերով այսպիսի խնդիրները լուծելի՞ են, թե՞ ոչ»,֊ փոխնախարարին հարց է հղել Փաշինյանը։ 

«Իրականում ձեր նշած խնդիրը մեծ տարածում ունի: Ինչպես իրավացիորեն նշեցիք, ինտերնետն անվերահսկելի տարածք է, և մենք նաև խնդիրներ ունենք հեռուստատեսության և ռադիոյի օրենքի հետ կապված։ Եվ նաև հեռուստատեսությամբ և ռադիոյով այս քարոզչությունը տարածելու հետ կապված հարցեր․․․ Ասել, որ միանշանակ պրակտիկայում մենք դրանց հետ կապված ակտիվ պայքար կարողանում ենք տանել, թերևս այս առումով աշխատանքներ շատ ունենք իրականացնելու: Օրենքի նախագծի հետ կապված ասեմ, որ այս ձևակերպումներն այդ խնդիրը չեն լուծում, ավելի շատ դրանք պրակտիկ կիրառման դաշտում են՝ պայքարի ի՞նչ արդյունավետ գործիքակազմ ունենանք այդ հարցերին լուծում տալու համար, ինչպե՞ս հասցեագրենք այդ խնդիրները»,֊ պատասխանում է փոխնախարարը։ 

«Այս պրոբլեմատիկան, ոչ միայն կոնկրետ թեմայի ուղղությամբ, այլև ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում պրոբլեմ է, ոչ մի տեղ, ըստ էության, այդ խնդրի լուծումը դեռևս գտնված չէ, և այսօրվա ընկալումներով շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կգտնվի այդ խնդրի լուծումը: Տեսե՛ք, նույն բռնության քարոզչություն, տարբեր հանցագործությունների քարոզչություն․․․ Այսօր կարելի է մտնել ինտերնետ և ստանալ մանրամասն խորհրդատվություն, թե ինչպես բանկ թալանել և, ըստ էության, այդ խորհուրդները շատ պրակտիկ են, այնպես չէ, որ ինչ-որ մեկը հորինել է դա և իրականության հետ կապ չունի, և սրա հետ կապված, և ոչ միայն, բազմաթիվ այլ բաների հետ կապված կարելի է այդպիսի բաներ գտնել, և այդ խնդիրը լուծված չէ: Եվ պետք է խոստովանել, որ եկեք նույնիսկ ամենախիստ ձևակերպումներով, ամենախիստ բառապաշարով օրենքի փոփոխություններ ընդունենք՝ այդ խնդիրը շարունակելու է մնալ չլուծված, քանի դեռ շատ կոնկրետ լուծում չի գտնվել»,֊ արձագանքել է Փաշինյանը։ 

«Այո՛, մենք գործիքակազմի խնդիրներ ունենք, մեթոդաբանության՝ ինչպես անդրադառնալ այս խնդիրներին, որովհետև հեռախոսը, ինտերնետը նաև երեխաների մոտ է հասանելի, մենք գիտենք։ Այսինքն՝ բոլորը կարող են մուտք գործել և տեսնել այդ տեղեկատվությունը: Այստեղ համալիր, միգուցե, միջոցառումներ (են անհրաժեշտ,- խմբ), որովհետև, էլի եմ կրկնում, խստացնելը ինքնին հարցի լուծումը չէ»,֊ նշել է փոխնախարարը։ 

«Ես ուզում եմ մի այսպիսի շեշտադրում անել․ էս վերջերս այդ մասին անընդհատ մտածում եմ․ ես սխա՞լ եմ ընկալում, որ մեկ-մեկ ինձ թվում է, թե, օրինակ, սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի քարոզչությունը մի իքս պահից դառնում է սեռական փոքրամասնությունների քարոզչություն: Չկա՞ այսպիսի կոմպոնենտ: Որովհետև մեկ էլ տեսնում ես՝ սկսեցին խոսել այդ մասին՝ պայքարում են, պայքարում են, այդ երեխաները հիմա լուրերով որ լսեն այն, ինչ մենք չենք ուզում քարոզել, չե՞ն ասելու, նրանք, ովքեր դեռևս տեղյակ չեն, չե՞ն ասելու՝ էս ինչի դեմ են էս մարդիկ սենց բանի մեջ, հետևողականորեն պայքարում, օրենք օրենքի հետևից գրում, մերժում են, քննարկում են, քննադատում են։ Չկա՞ սենց բան, ես սխա՞լ եմ հասկանում ինչ-որ բան»,֊ հարցնում է Փաշինյանը։ 

«Ակամա հետաքրքրություն է ստեղծվում, այո՛, երեխաների մոտ»,֊ արձագանքում է փոխնախարարը։ 

«Այնպես որ, եթե ուզում ենք քարոզչություն չանել, այս հարցերը պետք է քվեարկել խիստ գաղտնի ռեժիմով, և նախագծի հեղինակներն էլ գաղտնի պիտի անեն, օրենքն էլ պիտի գաղտնի լինի, նախագիծն էլ, քննարկումն էլ, ընդունումն էլ, կիրառումն էլ: Հակառակ դեպքում ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում, և ես ուզում եմ ուղղակի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, մանավանդ որ անհասկանալի է, թե ինչպես է հանկարծ հրատապ դառնում այս կարգի խնդիրները այսօրվա Հայաստանում»,֊ հարցի քննարկումն ամփոփում է Փաշինյանը։ 

Նշենք, որ երեկ Ազգային ժողովի ամբիոնից, պատասխանելով վերջին շրջանում Facebook սոցիալական ցանցում հոմոֆոբ ու ատելության կոչեր պարունակող գրառումներ կատարած ԲՀԿ֊ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին, Փաշինյանը կրկին խոսել էր ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների մասին։ 

«Ես ուզում եմ անդրադառնալ պարոն Պետրոսյանի առաջ քաշած հարցին՝ ԼԳԲՏ ֆորումին: Ես, անկեղծ ասած, հանձնարարել եմ, որ ճշտեն, թե դա ի՞նչ միջոցառում է, ո՞վ է կազմակերպում և ի՞նչ նպատակով, և ասեմ ձեզ, որ ինձ համար ընտանիքը և ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է, որը ես միշտ եմ ասել և միշտ կասեմ, այստեղ որևէ կասկած չկա:

Բայց ես ուզում եմ մի դեպք պատմել ձեզ․ ես վերջերս Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի, սուրճ բերեց մի երիտասարդ տղա, մտավ ու ասաց՝ վա՛յ, բարև ձեզ, պարո՛ն վարչապետ, ասեցի՝ յա՞, հայ ե՞ս, ասեց՝ հա՛, էսինչ քաղաքից եմ: Հայաստանի մարզկենտրոններից մեկի մասին էր խոսքը, չեմ ասում՝ որ մեկի, որ այդտեղի ժողովուրդը չնեղանա, ասի՝ մեզ հատուկ բան արին: Ասեցի՝ վա՛յ, բա հեղափոխություն ա և այլն, բա ներգաղթ և այլն, տենց բաների մասին չե՞ս մտածում, ասեց՝ չէ, հազիվ եմ ես փախել Հայաստանից, ասեցի՝ ի՞նչ ա եղել, ասեց՝ ես ստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը մեր քաղաքից ա: Պատկերացրիք, չէ՞, ինչ իրավիճակ է։ Ես սա ինչի՞ համար եմ ասում․ ես կարծում եմ, որ մենք, էս պրոբլեմատիկան քննարկելիս, պետք ա, բացի մեր վերաբերմունքն արտահայտելը, պետք ա մի հատ հասկանանք՝ սա մեզ համար պրոբլե՞մ ա, թե՞ պրոբլեմ չի:

Եվ սա եթե մեզ համար պրոբլեմ ա, ո՞նց ենք վերաբերվում այդ պրոբլեմին: Իսկ հարցը հետևյալն է՝ մենք ընդունո՞ւմ ենք, որ Հայաստանում և աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, որոնք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում, ընդունո՞ւմ ենք, որ կան էտ մարդիկ, ընդունել-չընդունելիս ելնելու ենք էն փաստից, որը կա՞, թե՞ ելնելու ենք մեր ցանկություններից: Եթե կան էտ մարդիկ, մենք ի՞նչ ենք անում այդ մարդկանց: Սովետական միության մեջ պարզ էր ամեն ինչ՝ Քրեական օրենսգրքում կար հոդված, ու եթե պարզվում էր, որ մարդն այդպիսին է, տանում էին բանտ նստացնում: Սա հարցի շատ կոնկրետ լուծում է և վերաբերմունք է և այլն, դրանից առաջ կախաղան էին հանում, գնդակահարում էին և այլն, և այլն: Հիմա այսօր մենք ի՞նչ ենք անում։

Ես ձեզ անկեղծ ասեմ, ինձ համար՝ որպես վարչապետի, և մեր կառավարության համար ինչքան այդ թեման քիչ բարձրանա, այնքան լավ, որովհետև դա գլխացավանք է, հեսա կեսը կասեն՝ ա՜, սրանք բաների պաշտպան են, մյուս կեսը կասի՝ իրավունքների խախտող են, էն մյուս կեսը կասի՝ խարխլում են մեր ավանդկան ընտանիքի հիմքերը և այլն, և այլն: Բայց մենք բոլորով, ոչ միայն կառավարությունը, պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք անում, եկե՛ք որոշենք՝ մենք քրեական օրենսգրքում հոդված ե՞նք ավելացնում, եկեք որոշենք՝ մենք այդ մարդկանց բոլորին հավաքում ենք ու Հայաստանից դուրս ե՞նք անում, եկեք որոշենք՝ մենք իրենց գոյությունը, որպես այդպիսին, ընդունո՞ւմ ենք, որ կան, թե՞ մենք ասում ենք՝ գիտե՞ք ինչ, քարոզչություն մի՛ տարեք, այսպես ասած, ձեր համայնքն ընդլայնելու և ուրիշներին ներգրավելու…

Չգիտեմ, սա շատ լուրջ հարց է, որովհետև ես մտածում եմ, որ կառավարությունը դեռ ինչ-որ ձևով այս հարցից, ձևերը կան, կխուսափի: Բայց տասը, քսան թե երեսուն տարի հետո անխուսափելիորեն լինելու է մի կառավարություն, որ առերեսվելու է այս պրոբլեմի հետ, և այդ օրը այդ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում ա, բոլորին տրորո՞ւմ ա, գնդակահարո՞ւմ ա, թե՞ ճանաչում ա այդ մարդկանց»,֊ ասել էր Փաշինյանը։ 

Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի այս երկօրկա անդրադարձը ոմանք ընկալել ու ներկայացնում են իբրև առաջընթաց, աննախադեպ իրադարձություն ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցում և ողջունում են վարչապետի ելույթն ու քայլերը, իսկ ոմանք էլ ուղիղ հակառակը՝ Փաշինյանի ելույթում նկատել են հոմոֆոբ, ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցերից խուսափելու, դրանց լուծում չտալու ակնառու միտումներ։