Նշելով նույնասեռ ամուսնությունների օրինականացումը՝ Նևադայի սենատորը հրապարակային առաջարկություն է արել իր ընկերոջը

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի որոշմամբ՝ նույնասեռ ամուսնությունները հնարավոր են դարձել ԱՄՆ ևս հինգ նահանգներում՝ Վիրջինիայում, Օկլահոմայում, Յուտայում, Վիսկոնտինում և Ինդիանայում: Հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ նույնասեռ ամուսնությունների արգելանքը հանվել է նաև Նևադայում և Այդահո նահանգներում, գրում է Gay.ru-ն: 

 

Նման որոշում էր կայացրել Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը՝ նշելով, որ վերոնշյալ վայերում գոյություն ունեցող օրենքները թույլ չեն տալիս նույնասեռ զույգերին ամուսնանալ՝ դրանով իսկ հսկայական իրավական, սոցիալական, ֆինանսական և ֆիզիկական վնաս հասցնում այդ նահանգների բազմաթիվ քաղաքացիների:

 

Օգտվելով նոր ձեռքբերված իրավունքից՝ Նևադա նահանգի սենատոր, բաց գեյ Քելվին Էթքինսոնն ամուսնության առաջարկ է արել իր ընկերոջը՝ Շերվուդ Հովարդին, ում հետ ապրում է արդեն 6 տարի: Առաջարկն ինքանբուխ է ստացվել՝ Նևադայում նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու առիթով տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

 

Իր ելույթում Էթքինսոնն ասել է, որ իր ընկերոջ հետ ամուսնությունը ցանկացել է կնքել միայն իր հայրենի նահանգում, և այժմ դա հնարավոր է դարձել: Երբ Էթքինսոնը նման հայտարարություն է արել, դահլիճում հավաքվածները սկսել են ծափահարել և վանկարկել. «Արա՛ դա, արա՛ դա»:

 

Եվ Էթքինսոնն արել է դա. նա իր ընկերոջը բեմ է հրավիրել և խնդրել նրան դառնալ իր ամուսինը: Այն բանից հետո, երբ Շերվուդն «այո» է ասել, զույգը ողջագուրվել և համբուրվել է, իսկ դահլիճը պայթել ծափահարություններով: 

 

Բացառված չէ, որ Էթքինսոնն ու Հովարդը դառնան Նևադայում իրենց ամուսնությունը գրանցած առաջին նույնասեռ զույգը:

 

Քելվին Էտքինսոնը քամինգ-աութ է կատարել անցյալ տարվա ապրիլին՝ Նևադայի սենատում նույնասեռ ամուսնություններն արգելելու հարցով ընթացող քննարկումների ժամանակ:

 

*Քամինգ-աութ -սեռական կողնորոշման մասին հրապարակային և ինքնակամ խոստովանություն