Նոր իշխանությունները պետք է մաքրեն դատական, քննչական, ոստիկանական համակարգը․ «Նոր Սերունդ»

2017-ի ընթացքում «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունն ունեցել է 300-ից ավելի ԼԳԲՏԻ շահառու, որոնք հանդիպել են խտրականության՝ վիրավորանքի, զրպարտության կամ ֆիզիկական բռնության տեսքով: Այս մասին այսօր Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի, բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված քննարկման ընթացքում ասաց «Նոր սերունդ»-ի իրավաբան Անահիտ Մկրտչյանը:

«Սա ոչ միայն օրենքի բացի խնդիր է, այլև հասարակության մեջ ձևավորված աշխարհայացքի, տեսակետների, կարծրատիպերի»,- նշեց նա:

Խտրականության հիմնական դեպքերն, ըստ բանախոսի, եղել են զինվորական կոմիսարիատներում. «18 տարեկան արական սեռի ներկայացուցիչները ծաղրանքի են ենթարկվել, վիրավորանքի, երբեմն նրանց սեռական կողմնորոշումը հաշվի չի առնվել, նրանք զորակոչվել են բանակ, այնտեղ են հանդիպել խնդիրների, հետո, սակայն, զորացրվել են»,-ասաց բանախոսը:

Ըստ նրա՝ կազմակերպությունն արձանագրել է նաև նույնասեռական անձանց նկատմամբ ընտանեկան բռնությունների դեպքեր. «Կազմակերպությունն իր ունեցած բյուջեի սահմաններում փորձել է աջակցել, ֆինանսավորում տրամադրել, որ վերջիններս կարողանան ժամանակավոր կացարան ձեռք բերել: 2017-ի ընթացքում ժամանակավոր կացարանի համար միջոցներ են տրամադրվել 15-ից ավելի անձանց»:

«Նոր սերունդ»-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ անցած տարվա ընթացքում խտրականության հիքմով բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:

«Գրանցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ խտրականության հողի վրա մարդիկ ենթարկվել են դաժան վերաբերմունքի ոչ միայն քաղաքացիների, այլև պետական մարմինների կողմից՝ առողջապահական ոլորտի, ոստիկանական, քրեակատրողական հիմնարկներում»:

Փաստաբանը նշեց, որ իրենք երկու գործով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. գործերը դատարանը վարույթ է ընդունել:

Կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հետ կապված հույսեր են կապում թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ դատարանների անկախացման տեսքով:

«Կարծում եմ, որ օրենսդրական բացերը գալիս են Սահամադրությունից, քանի որ Սահմանադրությունում, որը մայր օրենքն է, հստակ հիշատակված չէ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը, և այն խմբերը, որոնք կողմ չեն ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքերի պաշտպանությանը՝ հիմնվում են հենց այդ արդարացման վրա և մնացած բոլոր օրենքները հարմարեցնում են Սահմանադրությանը: Նույնիսկ այժմ իրավահավասրության մասին օրենքի նախագիծ կա, այդ նախագծում նույնպես չկա սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն արտահայտությունը, ինչը լուրջ խնդիր է»,- նշեց կազմակերպության իրավաբան Անահիտ Մկրտչյանը:

Արա Ղարագյոզյանն էլ հույս հայտնեց, որ նոր քաղաքական իրավիճակում կվերականգնվեն խտրականության ենթարկված անձանց իրավունքները.

«Եթե նույնիսկ ունենանք կատարյալ օրենսդրություն, սակայն կիրառողները լինեն նույն մարդիկ, նորից նույն իրավիճակն ենք ունենալու, այդ ամենին զուգընթաց նոր իշխանությունները նաև պետք է մաքրեն այն դատական, քննչական, ոստիկանական համակարգը, որը տարիներ շարունակ խտրականության հիմքով անձանց խախտված իրավունքները անտեսել է, ապօրինի որոշումներ է կայացրել, ցանկացած նման դեպքի համար բոլոր պատասխանատու մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»: