Կուբան շարժվում է նույնասեռ ամուսնությունների օրինականացման ուղղությամբ

Կուբայի նոր սահմանադրության նախագիծը նույնասեռ ամուսնություններ գրանցելու հնարավորություն է տալիս: Այս մասին Ազգային ժողովի նիստին հայտարարել է Կուբայի պետական խորհրդի քարտուղար Օմերո Ակոստան, գրում է Newsru.com-ը:

«Նոր սահմանադրության նախագծում նշվում է, որ ամուսնությունը երկու մարդկանց միջև կամավոր միությունն է և նրանց սեռը նշված չէ: Ներկայումս դա միայն միությունն է կնոջ և տղամարդու միջև»,- ասել է Ակոստան՝ պատգամավորներին նոր հիմնական օրենքի նախագիծը ներկայացնելիս: Նա հիշեցրել է, որ նույնասեռ ամուսնություններն օրինականացված են արդեն ավելի քան 20 երկրում: Պետական խորհրդի քարտուղարի խոսքերով՝ այս հարցը լրջորեն քննարկվել է նոր սահմանադրության մշակման ժամանակ:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները վաղուց են պայքարում Կուբայում նույնասեռ ամուսնությունների օրինականացման համար: Երկրում ԼԳԲՏ իրավունքների ամենաակտիվ պաշտպանը Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի աղջիկն է՝ Մարիելա Կաստրոն: Նա խորհրդարանի պատգամավոր է, ինչպես նաև Սեռական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրենը:

Մարիելա Կաստրոյի ջանքերով 2008-ին Կուբայի իշխանությունները հեղափոխական քայլ արեցին՝ պաշտոնապես թույլատրելով սեռափոխության վիրահատությունները: Ընդ որում, դրանք իրականացվում են ամբողջությամբ անվճար:

Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո՝ 1959-ին, ԼԳԲՏ անձանց հեռացնում էին աշխատանքից և համալսարաններից: 2010-ին 84-ամյա Ֆիդել Կաստրոն ներողություն է խնդրել և բացատրել, որ դա պետական քաղաքականություն չի եղել և անձամբ ինքը ԼԳԲՏ ներկայացուցիչների դեմ ոչ մի բան չունի: