Նույնասեռականները լքում են Ղրիմը. պատճառը գեյ-քարոզչությունն արգելող ռուսական օրենքն է

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների հետևանքով ստիպված են լքել Ղրիմը: Նրանք մտավախություններ ունեն թիրախ դառնալ ռուսական գեյ-քարոզչությունն արգելող օրենքի համար, գրում է Time-ը:

 

Ինչպես Time պարբերականին պատմել են Սևաստոպոլում գտնվող Qbar գեյ-բարի նախկին սեփականատերեր Եգոր Գուսկովն ու Բոգդան Զինչենկոն, իրենք սկսել են իշխանությունների կողմից ճնշումները զգալ արդեն այս տարվա ապրիլից:

 

Նրանց խոսքերով՝ Ղրիմի՝ Ռուսաստանի կազմին միանալուց հետո «ինչ-որ մեկը նոր ղեկավարությանն ասել է, որ Սևաստոպոլում հայտնի գեյ-բար կա»: Դրանից հետո, Գուսկովի և Զինչենկոյի պնդմամբ, նրանց բարի վրա տարատեսակ տուգանքներ են սկսել գրվել:

 

Հոդվածում պատմվում է, որ սկզբում բարի սեփականատերերը փորձել են ուղղել բոլոր նկատողությունները: Ավելին՝ նրանք բարի մատուցողներին խնդրել են փոխել իրենց կիսատբատները տաբատներով, իսկ Q տառը բարի անվանումից դուրս են թողել: Ինչպես բացատրում են բարի սեփականատերերը, պաշտոնյաները հայտարարել էին, որ Q տառը «սոդոմիայի խորհրդանիշի տեսք ունի»:

 

Սակայն այս ամենից հետո էլ ճնշումները չեն դադարել. Գուսկովն ու Զինչենկոն հասարակության մեջ նույնպես սկսել են վերաբերմունքի փոփոխություններ նկատել: Տղամարդիկ սուրոգատ մորից որդի ունեն: Նրանց խոսքերով՝ նախկինում հարևաններն ուրախությամբ խաղում էին իրենց երեխայի հետ, սակայն Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ մտնելուց հետո, հարևանների վերաբերմունքը փոխվել է:

 

Արդյունքում զույգն օգոստոսին որոշել է լքել թերակզղին: Ընդ որում, ինչպես նշում է Time-ը, նրանք առաջին նույնասեռականները չեն, որոնք որոշել են լքել Ղրիմը:

 

(Նկարում՝ Եգոր Գուսկովը, Բոգդան Զինչենկոն և նրանց որդին)