Նույնասեռականները նույնպես հասարակության անդամ են. Ստեփան Մարգարյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով՝ ինքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ նորմալ վերաբերմունք ունի:

 

«Նորմալ եմ վերաբերում: Ես այն մարդկանցից չեմ, որ համարեմ` եթե մարդը նույնասեռական է, ուրեմն վատ մարդ է: Դա մարդու տեսակ է: Նույնասեռականները նույնպես հասարակության անդամ են: Այսինքն՝ իմ ասածն այն է, որ մարդու լավը կամ վատը լինելը,  այս կամ այն հարցով զբաղվելը, ինչպես նաև այլ անձանց կողմից նրանց` այս կամ այն բնագավառում կատարած աշխատանքը գնահատելը կախված չէ նրանց սեռական կողմնորոշումից»,- ի պատասխան LGBTnews.am-ի հարցին, թե ինչպես է Մարգարյանը վերաբերվում ԼԳԲՏ անձանց, ասաց պատգամավորը՝ միևնույն ժամանակ նշելով նաև, որ ինքը ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակի մասին տեղեկություններ չունի:

 

Մեր հարցին, թե արդյոք պատգամավորը երբևէ չի՞ լսել այն մասին, որ ԼԳԲՏ անձինք Հայաստանում խտրական վերաբերմունքի են հանդիպում, որ նրանց իրավունքներն իրականում հավասար չեն այլ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներին, Մարգարյանը պատասխանեց. «Հայաստանում, համենայն դեպս, ԼԳԲՏ անձանց հալածանքի ենթարկելու վերաբերյալ օրենք, բարեբախտաբար, գոյություն չունի: Ամեն դեպքում, ես ենթադրում եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ նրանց իրավունքները խախտվում են, սակայն պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում խախտվում են նաև մյուս քաղաքացիների իրավունքները: Ես չգիտեմ, գուցե նրանց իրավունքներն ավելի շատ են խախտվում, քան մյուս քաղաքացիներինը: Եթե այդպես է, եթե օրենսդրական կարգավորման խնդիր կա, ապա կարելի է դրան անդրադառնալ»,- նշեց Մարգարյանը:

 

Պատգամավորը կարծիք հայտնեց,  որ ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ միակ հարցը, որը հասարակության կողմից հավանաբար ոչ միանշանակ կընդունվի, նույնասեռական անձանց ամուսնությունների հարցն է:

 

«Այս ամուսնությունների հարցն անգամ եվրոպական մի շարք երկրներում լուծված չէ, էլ ուր մնաց՝ Հայաստանում լուծվի: Խիստ կասկածում եմ, որ այդ հարցն առաջիկայում Հայաստանում լուծում կստանա»,- ասաց պատգամավորը:

 

Մեր հարցին՝ Ստեփան Մարգարյանն ինքը` որպես պատգամավոր, պատրա՞ստ է պաշտպանել նույնասեռական անձանց իրավունքները, պատգամավորը պատասխանեց.

 

«Ուզում եմ անկեղծ լինել. դժվար  է դեմ գնալ հասարակական կարծիքին, քանի որ ցանկացած օրենք, որ ընդունվում է, ցանկացած հարց, որ քննարկվում է… Պետք է նկատի ունենալ նաև հասարակական կարծիքը»: