Նույնասեռականների հանդեպ կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքի ազատականացմանը խանգարում են աֆրիկյան եպիսկոպոսները

Նյու-Յորքի արքեպիսկոպոս Տիմոտի Դոլանը հստակեցրել է կաթոլիկ եկեղեցու կողմից՝ ընտանիքի մասին վերջերս հրապարակված զեկույցի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է GayRussia-ն:

 

Հյուրընկալվելով ամերիկյան ABC news հեռուստաընկերության This Week հաղորդմանը՝ կարդինալը պարզաբանել է, որ ավելի պահպանողական եպիսկոպոսները, որոնք հիմնականում աֆրիկյան երկրներից են, անհանգստանում են այն ամենի համար, ինչն իրենց կարծիքով, կարող է քայքայել ամուսնության ավանդական ընկալումը:

 

Տիմոտի Դոլանի խոսքերով՝ «նրանք ընտանիք, կին, տղամարդ, երեխա հասկացությունների իրենց կոշտ սահմանումն ունեն, այդ պատճառով էլ ինչ-որ չափով վախենում են նույնիսկ փորձել փոփոխել այն»:

 

Հենց սա է պատճաը, որ եպիսկոպոսները չեն կարողացել հաստատել զեկույցի այն պարբերությունները, որտեղ խոսվում է հօգուտ գեյերի և լեսբուհիների հանդեպ ավելի հանդուրժող վերաբերմունքի մասին:

 

Նյու-Յորքի արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ վերջերս տեղի ունեցած Սինոդը (բարձրագույն հոգևոր անձանց ժողով) այս հարցի շուրջ քննարկումների մի մասն էր միայն: Նրա խոսքերով՝ «այդ Սինոդը չպետք է որևէ որոշում կայացներ: Մենք չպետք է առաջ քաշեինք տարբեր առաջարկություններ. դա ընդամենը քննարկումների հարթակ էր»:

 

Ընդունված փաստաթղթում, ամեն դեպքում, ասվում է, որ «հոմոսեքսուալ հակումներով մարդկանց պետք է ընդունել հարգանքով և նրբանկատությամբ»: