Նույնասեռականությունը հնարավոր է՝ պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ. նոր հետազոտություն

Միացյալ Նահանգներում գիտնականների լայնածավալ հետազուտության արդյունքներն ապացուցում են, որ մարդու սեռական կողմնորոշումը գենետիկորեն պայմանավորված է ու կախված չէ անձի ընտրությունից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Medicine ամսագրում:

 

Նույնասեռական եղբայրների թվով 409 զույգի ԴՆԹ-ների հետազոտությունը հաստատել է այն հիպոթեզը, համաձայն որի նույնասեռականությունը մարդու բնածին հատկանիշ է: Գիտնականները տղամարդկանց սեռական կողմնորոշումը պայմանավորում են մարդու գենոմի երկու հատվածներով՝ ութերորդ քրոմոսոմով և այսպես կոչված X քրոմոսոմով: X քրոմոսոմի այն հատվածը, որն ուսումնասիրման է ենթարկվել, հայտնաբերվել է 1993-ին, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնական Դին Համերի կողմից, իսկ 8-րդ քրոմոսոմի կենտրոնում գտնվող համապատասխան հատվածը հայտնաբերվել է 2005-ին, գիտնականների միջազգային խմբի կողմից:

 

Psychological Medicine ամսագրում վերջերս հրապարակված հետազոտության վրա աշխատող գիտական խմբի ղեկավար Ալան Սանդերսն ու իր կոլեգաները հինգ տարվա ընթացքում հավաքել են նույնասեռական ոչ երկվորյակ եղբայրների թվով 409 զույգի արյան ու թքի անալիզների տվյալներ: Հետազոտված նույնասեռականների 98,2%-ը բնակվել է ԱՄՆ-ում, 1,6%-ը՝ Կանադայում, 0,2%-ը՝ Բրիտանիայում: Գիտնականները հատուկ ընտրել են մերձավոր բարեկամների, քանի որ ավելի վաղ անցկացված հարցումների համաձայն՝ այն ընտանիքներում, որտեղ անդամներից մեկը նույնասեռական է, մյուս անդամների շրջանում ավելի հաճախ են հանդիպում մարդիկ, որոնք իրենց նույնասեռական են համարում, ի տարբերություն այն ընտանիքների, որոնցում անդամներն իրենց համարում են հետերոսեքսուալ:

 

Հետազոտությանը մասնակցած նույնասեռականների ԴՆԹ-ներում գիտնականները փնտրել են միանուկլեոտիդային պոլիմորֆիզմ՝ գենոմում հաջորդականության տարբերություններ մեկ նուկլեոտիդի չափով: Ապա մասնագետները պարզել են՝ ինչպիսի առանձնահատկություններ են առկա հետազոտվողների ԴՆԹ-ներում՝ համեմատած հետերոսեքսուալ անձանց ԴՆԹ-ների հետ: Քանի որ հետազոտվող եղբայրները միաձվանի երկվորյակներ չեն եղել, նրանց գենոմները տարբեր էին: Այդպիսով, գիտնականները որպես ելակետ են վերցրել այն ենթադրությունը, որ ԴՆԹ-ի որոշակի կրկնվող հատվածը պատասխանատու կլինի սեռական կողմնորոշման համար:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է հետազոտության ենթադրությանը համապատասխան միայն հինգ միանուկլեոտիդային պոլիմորֆիզմ, ընդ որում՝ դրանք բոլորը գտնվել են Xq28 և 8q12 գենոմի հատվածներում (X և 8-րդ քրոմոսոմներ): Այնուամենայնիվ, պատեհ չէ ենթադրել, թե գիտնականները հայտնաբերել են «նույնասեռականության գեներ»: Նշված երկու հատվածներում էլ բազմաթիվ գեներ կան, ու ուսումնասիրության հաջորդ փուլի նպատակը պետք է լինի պարզելը, թե դրանցից որոնք են ազդում մարդու սեռական կողմնորոշման վրա:

 

Ալան Սանդերսն ընդգծել է, որ չնայած «գեյ-գենի» հայտնաբերման հավանականությանը, սեռական կողմնորոշման պես բարդ հատկանիշի ձևավորումը հավանաբար բազմաթիվ գործոններից է կախված:

 

Ինչպիսին էլ լինեն հետազոտության ապագա արդյունքները, գիտնականներն ընդգծում են, որ վարքի այնպիսի կոմպլեքս հատկանիշն, ինչպիսին է սեռական կողմնորոշումը, հաստատապես կախված է բազմաթիվ գործոններից՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ գենետիկ: Անգամ կոնկրետ գեների հայտնաբերումը չի կարող ունենալ այնքան մեծ նշանակություն, ինչպես, օրինակ, մարդու ինտելեկտուալ ունակությունները բացահայտող գեների հայտաբերումը:

 

Այնուամենայնիվ, հատկանշական է, որ նույնասեռականության գենետիկ թեորիայի կողմնակից գիտնականները մեծ ոգևորությամբ են ընդունել այս նոր հետազոտության արդյունքները:

 

Հիշեցնենք, որ «նույնասեռականության գենի» ժառանգական փոխանցման հնարավոր մեխանիզմը նկարագրել է Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Ուիլյամ Ռայսը, իսկ դրա հնարավոր իրատեսականությունը մաթեմաթիկորեն հիմնավորել է մեկ այլ գիտնական՝ Սերգեյ Գավրիլեցը: Ռայսի թեորիայի համաձայն, երեխան կարող է հակառակ սեռի իր ծնողից ժառանգել որոշակի էպիգենետիկ «պիտակներ», որոնք էլ հետագայում պայմանավորում են մարդու սեռական նախասիրությունների ուղղվածությունը: