Նույնասեռական պինգվինների զույգն անտարբեր ծնողներից փախցրել է նրանց ձագին

Նույնասեռական պինգվինների զույգը դանիական գազանանոցում փախցրել է ձագ պինգվինին, երբ նրա հետերոսեքսուալ ծնողները նրան անուշադրության էին մատնել, գրում է Gay.ru-ն:  

Պինգվինների զույգը՝ Էլիասն ու Էմիլը, դանիական Օդենսե քաղաքի գազանանոցում տեղի ունեցած դրամատիկ իրադարությունների հերոսներն են դարձել: Երբ զույգը զգացել է, որ պինգվինն անուշադրության է մատնված իր ծնողների կողմից, որոշել է գողանալ նորածնին և պաշտպանել նրան անփույթ ծնողներից:

Պատմությունը լրագրողներին պատմել է գազանանոցի աշխատակիցներից մեկը: Երբ էգ պինգվինը գնացել է լողալու, եկել է ձագին խնամելու՝ արու պինգվինի հերթը, իսկ նա անտեսել է իր պարտականությունները և մոռացության մատնել ձագին:

Երբ էգը հայտնաբերել է ձագի կորուստը, սկսել է փնտրել ձագին, սակայն ոչ շատ փութաջանորեն: Իսկ հայր պինգվինն ընդհանրապես ուշադրություն չի դարձել պինգվինի կորելու փաստին: Մայրն, ի վերջո, գտել է ձագին, ինչից հետո կռիվ է սկսվել պինգվինի մոր և նրա նոր ծնողների միջև, որին միջամտել են գազանանոցի աշխատակիցները: Նրանք պինգվինի ձագին վերադարձրել են իր ծնողներին:    

Պատմությունն, այնուամենայնիվ, երջանիկ ավարտ է ունեցել: Գազանանոցի աշխատակիցները հասկացել են, որ Էլիասն ու Էմիլը պատրաստ են ծնողներ դառնալ և նրանց պինգվինի ձու են նվիրել մորից, որը չէր կարող ինքնուրույն մեծացնել նրան:

Այսօր գիտնականները հայտնաբերել են նույնասեռական վարք դրսևորող կենդանիների ավելի քան 450 տեսակ: Իսկ նույնասեռական կենդանիների մասին պատմություններն ավելի հաճախ են հայտնվում լրատվամիջոցներում: Վերջին տարիներին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են հայտնվել Չինաստանի, Կանադայի, Գերմանիայի, Դանիայի և այլ երկրների գազանանոցների գեյ պինգվինների մասին պատմությունները, իսկ լեսբի պինգվինների կյանքին հետևել են Իռլանդիայի ու Իսրայելի գազանանոցների այցելուները: