Նույնասեռ ամուսնության, միության խնդիրը նոր սահմանադրական համատեքստում

Ոչ մի միություն այնքան խորը չէ, որքան ամուսնությունը, քանի որ այն ներառում է սիրո, հավատարմության, անձնվիրումի, ինքնազոհողության և ընտանիքի վեհ գաղափարները: Ձևավորելով ամուսնական միություն՝ երկու անձինք դառնում են ավելին, քան էին մինչ այդ: … Նրանք հայցում են հավասար արժանապատվություն` օրենքի առաջ: Սահմանադրությունը երաշխավորում է նրանց այդ իրավունքը: 

ԱՄՆ Գերագույն դատարանի՝ 26.06.2015-ին ընդունված որոշումիցորով սահմանադրորեն ընդունվեց և ճանաչվեց նույնասեռ անձանց ամուսնության իրավունքը

Նույնասեռ ամուսնությունների հարցը շարունակում է մնալ հասարակական կյանքի վիճահարույց թեմաներից՝ ժամանակ առ ժամանակ դառնալով սուր և հրատապ: Այդպիսի առիթներից էր նաև 2015-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունը, որին նախորդած և հաջորդած ողջ գործընթացը բացահայտում է թեմայի առնչությամբ առկա մի շարք միֆեր, կարծրատիպեր և իրողություններ:

Ընդ որում՝ հատկանշական էր այն ներքին հակասականությունը, որն առկա էր հատկապես ընտանիքի և ամուսնության վերաբերյալ սահմանադրական արդեն նախկին կարգավորումների և փոփոխությունների կապակցությամբ: Մի կողմից՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի համապատասխան հոդվածը քննադատողները (տարբեր կառույցներ, նախաձեռնություններ, անհատներ) պնդում էին, թե այդ հոդվածով նպատակ է հետապնդվում Հայաստանում թույլատրել և տարածել նույնասեռ ամուսնությունները, մյուս կողմից՝ փոփոխությունները նախաձեռնած իշխող ՀՀԿ-ն և մերձիշխանական շրջանակները «փարատում էին» ընդդիմացողների «մտահոգությունները»` նշելով, թե այդ հոդվածի ձևակերպման փոփոխությունը նպատակ ունի, ընդհակառակը, սահմանադրորեն բացառել նույնասեռ ամուսնության որևէ իրավական հնարավորություն և արգելափակել հավանական սողանցքը: 

Հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն էին շտապել հայտնել թե՛ պաշտոնյաներ (պատգամավորներ Նաիրա Կարապետյան, Հրայր Թովմասյան, Հովհաննես Սահակյան, Արագած Ախոյան և այլք), թե՛ հասարակական և քաղաքական գործիչներ (Վարդան Ղուկասյան, Սոս Գիմիշյան, Տաճատ Վարդապետյան, Գուրգեն Եղիազարյան, Աշոտ Մանուչարյան, Վարդան Խաչատրյան), նույնիսկ գիտնականներ (ի.գ.թ. Գևորգ Դանիելյան, Վարդան Պողոսյան ) ու իրավապաշտպաններ (Արա Զոհրաբյան), ինչպես նաև որոշ կառույցներ (Համահայկական ծնողական կոմիտե, Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնություն,  Հայաստանի Ավետարանական ընտանիքի եկեղեցիների հովիվներ ), որոնք մեկ կետում միակամ էին, այն է՝ պաշտոնական  տեսք տալ իրենց հոմոֆոբ հայացքներին: 

Ըստ որում՝ այս կապակցությամբ  Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկներից և Երևանում հնչած հայտարարությունից հետո հարցը առավել բուռն քննարկվեց, և առաջացած մթնոլորտի հետևանքով հանրային և մասնագիտական շրջանակներում,ի վերջո, կարծես լռելյայն ամրագրվեց մի «համաձայնություն», թե նույնասեռ ամուսնությունները Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո հնարավոր չեն: Այնպես, որ այդ ծուղակն ընկավ նույնիսկ LGBTnews.am կայքը, իսկ հանրահայտ Wikipedia-ի՝ նույնասեռ  միություններին նվիրված հոդվածում Հայաստանը նշվեց իբրև մի երկիր, որտեղ նույնասեռ ամուսնությունների/միությունների վերաբերյալ առկա է սահմանադրական արգելք:

Հասկանալու համար, թե դա իրոք այդպե՞ս է, և արդյոք առաջիկայում Հայաստանում մեկընդմիշտ բացառվելու են նույնասեռ ամուսնությունների/միությունների վերաբերյալ քննարկումները,  թե՞ դրանք ընդամենը հռետորական և քաղաքական մտավարժանքներ էին կամ անհիմն մտահոգություն, անհրաժեշտ է օբյեկտիվորեն վերլուծել առկա իրավիճակն ու սահմանադրական համատեքստը: 

Հարկ է նշել, որ սույն հոդվածի շրջանակներում քննարկվում են նույնասեռ ամուսնությունների իրավական հնարավորության և նախադրյալների, այլ ոչ թե անհրաժեշտության կամ նպատակահարմարության հարցերը (դրանց առիթ կլինի անդրադառնալ մեկ այլ անգամ):  

1. Նախ և առաջ, իհարկե, պետք է հասկանալ ամուսնության բնույթը, քանի որ գործնականում ամուսնությունը և դրան առնչվող երևույթները հաճախ նույնացվում են: Անհրաժեշտ է տարբերակել ամուսնությունը՝ 

  • Ընտանիքից  (դրանք փոխկապված, բայց այդուհանդերձ տարբեր ինստիտուտներ են):
  • Նշանադրությունից, հարսանիքից  և տոնական այլ արարողակարգերից:
  • Այսպես կոչված քաղաքացիական /փաստական ամուսնությունից, երբ անկախ սեռից՝ երկու անձ ժամանակավոր կամ մշտապես բնակվում է համատեղ:
  • Երկու անձանց սեռական հարաբերություններից:
  • Պսակադրությունից  և կրոնական բնույթ ունեցող այլ ծիսակարգերից: Ի դեպ, այս մասով հարկ է նկատել, որ թեև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հարաբերությունների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է Եկեղեցու կողմից կատարված ամուսնության ճանաչում պետության կողմից (Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները), բայց նախ  այդ հարցը պետք է լուծվեր ՀՀ կառավարության հետ կնքվելիք համաձայնագրով, որն այս պահին առկա չէ, երկրորդ՝ ընտանեկան ոլորտը կարգավորող հիմնական ակտը՝ ՀՀ Ընտանեկան օրենսգիրքն, ըստ «Իրավական ակտերի մասին» օրենքի, գերակա է վերոնշյալ օրենքի նկատմամբ: Իսկ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:
  • Քաղաքացիական միություններից  և այլ կերպ անվանվող՝ երկու նույնասեռ անձանց համակեցության ձևից, որ իրավաբանորեն ընդունվում է որոշ երկրներում, սակայն իր կարգավիճակով և սուբյեկտների իրավական կարգավիճակով զգալիորեն զիջում և տարբերվում է ամուսնության կարգավիճակից (այս տարբերակը կիրառվում է որպես փոխզիջումային և «միջանկյալ անցումային» տարբերակ): Թեև այս տարբերակը Հայաստանում նույնպես ժամանակավորապես կարող է փոխարինել ամուսնությանը՝ նույնասեռ զույգերին տրամադրելով իրավական կարգավիճակ (իրավունքների և պարտականությունների որոշակի ծավալ) և ապահովել իրավական պաշտպանության հարաբերականորեն ընդունելի տարբերակ (այդ մասին՝ նաև ստորև):

Այսպիսով՝ ակնհայտ է, որ նույնասեռ ամուսնությունների (նաև միությունների) վերաբերյալ հարցերը քննարկելիս՝ պետք է գնահատվի բացառապես պետության կողմից ճանաչման փաստը, այն է՝ ամուսնացող երկու անձանց տրվող հատուկ՝ իրավական կարգավիճակը և ճանաչվող իրավահարաբերությունների ու փոխհարաբերությունների հատուկ՝ իրավական բնույթը: Այլ կերպ ասած՝ ամուսնություն է համարվում երկու անձանց՝ միայն պետության կողմից իրավականորեն ճանաչվող կապը:

2. Այժմ պարզենք, թե սահմանադրական տեքստերում որքանո՞վ և ինչպե՞ս է դրսևորվել ամուսնության հասկացությունը և կարգավորվել: 

Այսպես՝ ՀԽՍՀ 1978-ի Սահմանադրության (այն գործել է մինչև 1995-ի Սահմանադրության ընդունումը՝ ՀՀ անկախացումից հետո արված որոշակի փոփոխություններով և լրացումներով) 51-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը սահմանում էր, որ «ամուսնությունը հիմնվում է կնոջ և տղամարդու կամավոր համաձայնության վրա, ամուսինները լիովին իրավահավասար են ընտանեկան հարաբերություններում»: Ճիշտ է, այս դեպքում չի բացահայտվում ամուսնության հասկացությունը, սակայն պարզ է դառնում դրա տարասեռ կառուցվածքը:

1995-ին ընդունված Սահմանադրությունը թերևս «ամենալիբերալն» էր.  32-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը հռչակում էր, որ «կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից»:

Փաստորեն, Սահմանադրությունը որևէ տարբերակիչ հատկանիշ սեռի հիմքով չէր առաջադրում՝ այդպես էլ չբացահայտելով ամուսնության հասկացությունը: Հատկանշական է, որ նույն Սահմանադրության 43-րդ հոդվածն ամրագրում էր, որ «Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները և ազատությունները սպառիչ չեն և չեն կարող մեկնաբանվել որպես մարդու և քաղաքացու այլ հանրաճանաչ իրավունքների և ազատությունների բացառում»:

2005-ին փոփոխված Սահմանադրության խմբագրված տեքստում՝ 35-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում, շարադրված էր հետևյալ կերպ. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից»:

Այս ձևակերպումը նույնպես, չամրագրելով ամուսնության հասկացությունը, ամրագրում է դրա նկատմամբ կնոջ և տղամարդու հավակնության առկայությունը: Այսինքն՝ կա ամուսնություն երևույթ, որի իրավունքը ունեն երկու տարասեռ անձ: Այս դեպքում նախ չկա  նույնասեռ ամուսնության արգելք, ապա Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ»: Այսինքն՝ թե՛ ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային պայմանագրերի (ՄԻԵԿ-ի դեպքում՝ դրանց մեկնաբանման հանգամանքը նույնպես հաշվի առնելով) մակարդակով կարող էր նախատեսել նույնասեռ ամուսնությունների ընդունումը պետության կողմից:

Արդեն իսկ հիշատակված վիճահարույց՝ 2015-ի սահմանադրական փոփոխությունների հետևանքով Սահմանադրության մեջ ամուսնության վերաբերյալ առանձնացվեց «Ամուսնանալու ազատությունը» վերտառությամբ 35-րդ հոդվածը, որն ամրագրում է. 

  1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
  2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:
  3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

 Ինչպես տեսանք, մեր սահմանադրական օրենսդրության մեջ բացակայում է ամուսնության  հասկացությունը: Հարկ է նշել, որ այն բացակայում և բացակայել է նաև ընտանեկան օրենսդրությամբ: Ընդամենը նախատեսվում են լրացուցիչ ընթացակարգեր կամ պայմաններ, որոնք հարկ է պահպանել այդ իրավունքի պետական ճանաչման և ամուսնության գրանցման համար:

3. Անցնենք գործող Սահմանադրության՝ վերը բերված 35-րդ հոդվածում ամրագրված դրույթների քննարկմանը: 

2015-ի սահմանադրական փոփոխությունների ընթացքում բերվում էր այն փաստարկը, թե 35-րդ հոդվածի նոր ձևակերպմամբ նույնասեռ ամուսնությունների հնարավոր սողանցքը փակվելու է, քանի որ «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն» նախադասության մեջ առկա է ավելացված «միմյանց հետ»-ը:

Հիմա ներկայացնենք, թե նույնասեռ ամուսնությունների կապակցությամբ իրավաբանական տեխնիկայի առումով ինչպիսին կարող են լինել ձևակերպումները: 

Ուղղակի արգելք կամ սահմանափակում՝ նույնասեռ զուգընկերների ամուսնական հարաբերությունների օրինականացման անթույլատրելիություն, որը քիչ է հանդիպում: Որպես օրինակ կարելի է նշել ԱՄՆ «Ամուսնության պաշտպանության մասին ակտը» (հայտնի է որպես DOMA), որի երկրորդ հոդվածը սահմանում էր, որ ԱՄՆ հանրային իշխանության որևէ սուբյեկտ պարտավոր չէ ճանաչել նույնասեռ երկու անձի միությունը որպես ամուսնություն կամ այդ իրավունքը տալ այդ անձանց, իսկ երրորդ մասը պարտավորեցնում էր ամուսնություն համարել միայն կնոջ և տղամարդու միությունը (հետագայում, իհարկե, ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից 2013-ին ակտի 3-րդ մասը հակասահամանադրական ճանաչվեց (United States v. Edith Windsor գործով), իսկ 2-րդ մասը վերափոխվեց 2015թ-ի որոշմամբ (Obergefell v. Hodges գործով)):

Անուղղակի արգելք կամ սահմանափակում, որը բավական տարածում ունի: Այս դեպքում  սահմանադրությունն ամրագրում է ամուսնության հասկացությունը, որից պարզ է դառնում, որ այդպիսին կարող է դիտվել միայն տարասեռ միությունը, կամ էլ նշվում է դրա տարասեռ կազմը: Այսպես, օրինակ՝ «պետությունը ճանաչում է ամուսնությունը որպես կնոջ և տղամարդու միություն» կամ «ամուսնությունը հիմնվում է կնոջ և տղամարդու կամավոր համաձայնության վրա»: Նման կերպ են վարվել Հունգարիան, Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Մոնտենեգրոն և այլն:

– Սահմանադրությամբ որևէ նշում չի արվում, և հարցը լուծվում է ընթացիկ օրենսդրությամբ:

– Ամուսնությունը ձևակերպվում է որպես երկու անձանց միություն՝ առանց սեռի հիշատակման (Իռլանդիայի սահմանադրություն, որում այդ փոփոխությունը կատարելու համար անցկացվեց հանրաքվե) կամ ուղղակիորեն ամրագրվում է յուրաքանչյուր անձի՝ ամուսնության իրավունքը (ԱՄՆ Գերագույն դատարանի 2015-ի որոշում):

– Հայաստանյան օրինակ. երբ ամուսնության հասկացությունը և կազմը չի նշվում, այն կարծես սահմանադրական տեքստից դուրս երևույթ է, ու ամրագրվում է կնոջ և տղամարդու իրավունքը՝ կնքելու այն: Այս դեպքում կարևոր են մեկնաբանումն ու իրավաընկալման ավանդույթները:

Հայաստանյան Սահմանադրության որևէ հոդված կամ դրույթ չի պարունակում նշում նույնասեռ ամուսնության արգելքի կամ այլ սահմանափակման մասին, իսկ օրենքով՝ ՀՀ Ընտանեկան օրենսգրքով ամուսնության համար խոչընդոտ համարվող պայմաններում, ի թիվս 11-րդ հոդվածում նշված անթույլատրելի պայմանների (մերձավոր ազգականներ կամ անգործունակ հանդիսանալը, ամուսնության մեջ գտնվելը և այլն), նշված չէ ամուսնացող անձանց՝ նույն սեռին պատկանելը:

Այսինքն՝ գործում է «թույլատրելի է այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով» սկզբունքը, որ մի փոքր այլ ձևակերպմամբ առկա է Սահմանադրության 39-րդ հոդվածում, որն ամրագրում է մարդու ազատ գործելու իրավունքը հետևյալ կերպ. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»:

Բացի այդ, եթե ուշադրություն ենք դարձնում ձևակերպման լեզվատրամաբանական կառուցվածքին, ապա նկատում ենք, որ Սահմանադրությունը չի տալիս ամուսնության հասկացությունը (ինչպես առկա է մի շարք երկրների սահմանադրությունների մեջ), ինչպես նաև չի բացառում (արգելում, սահմանափակում) նույնասեռ անձանց ամուսնության իրավունքը: Այն ընդամենը փաստում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն ունեն ամուսնանալու իրավունք: Այսինքն՝ կա «ամուսնություն» երևույթն ինքնին, ու կինը և տղամարդը դրանից օգտվելու իրավունք ունեն՝ չբացառելով մյուսների իրավունքը:

Այլ կերպ ասած՝ այս դեպքում ընդամենն ընդգծվում է, առաջին պլան է մղվում կնոջ և տղամարդու միության սահմանադրականացումը՝ տվյալ պետության քաղաքականության առաջնահերթություններին համապատասխան:

Ճիշտ այն կերպ ու տրամաբանությամբ, ինչպես, օրինակ, Սահմանադրության 45-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք»:

Տվյալ դեպքում մենք հասկանում ենք, որ անձը կարող է միավորվել կազմակերպական տարբեր կառույցներում, իսկ արհեստակցական միությունն ընդգծվել է՝ դրա կարևորությունն ամրագրելու համար, ինչը չի նշանակում, որ սահմանադրորեն բացառվում է, որ անձինք միավորվեն, ենթադրենք,  հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ ստեղծելու համար:

Կամ Սահմանադրության 38-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք»:

Սա նշանակում է, որ ընդգծվում է բարձագույն կրթական հաստատության՝ անվճար կրթություն ստանալու իրավունքը և չի բացահայտում այլ մասնագիտական հաստատությունների սպառիչ տեսակը, ու մենք չենք կարող համարել, որ օրենքով կազմավորվող նոր տեսակի կրթական պետական մասնագիտական հաստատությունում, օրինակ,  սահմանափակված է անձի անվճար կրթության հնարավորությունը:

Այդպիսի տրամաբանություն էր զարգացնում Վենետիկի հանձնաժողովը, որի եզրակացության մեջ նշված էր՝ 34-րդ (վերախմբագրված 35-րդ) ու 15-րդ (վերախմբագրված 16-րդ) հոդվածները չպետք է մեկնաբանվեն իբրև նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք :

Ավելին՝ սահմանադրական նորմերի մեկնաբանման և կիրառման գործընթացը չի կարող անտեսել Հայաստանի՝ միջազգային հանրության սուբյեկտ լինելու և իրավական համակարգի մաս լինելու փաստը: Այդ հանգամանքը առավել ընդգծվում է 81-րդ հոդվածում.

  1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
  2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Ինչպես նշեցինք, գործող Սահմանադրության 35-րդ հոդվածում ամրագված նորմի կապակցությամբ առաջացած իրավիճակը լուծելու տարբերակ է մեկնաբանությամբ համապատասխան լրացումը, որը կարող է անել Սահմանադրական դատարանը՝ որոշելով կոնկրետ հոդվածի սահմանադրական բովանդակությունը՝ անպայմանորեն հաշվի առնելով նաև Մարդյու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները (ուսումնասիրելով ՍԴ որոշումները՝ մենք հստակորեն նկատում ենք ՄԻԵԴ-ի դիրքորոշումների գրեթե անվերապահ ընդունում ՍԴ-ի կողմից) և ըստ այդմ ուղղորդելով ԱԺ-ին՝ կատարելու օրենսդրական փոփոխություններ:

Իսկ մինչ այդ կարող ենք ընդունել, որ առկա է օրենսդրական բաց (բայց ո’չ արգելք), քանի որ ստացվում է, որ մի կողմից՝ չկա արգելք /սահմանափակում, միևնույն ժամանակ նույնասեռ ամուսնության կամ միության ճանաչումը հստակորեն ամրագրված չէ ներպետական օրենսդրությամբ: Առկա է կարգավորման բաց, որը խոչընդոտում է նույնասեռ զույգերի՝ որոշակի կարգավիճակով պայմանավորված իրավունքների արդյունավետ պաշտպանությանը:

Ըստ որում՝ երբ վիճարկվի օրենքի բացի հակասահմանադրականությունը, Սահմանադրական դատարանը կարող է գնահատել նույնասեռ անձանց ամուսնական (դրանից բխող նաև այլ) իրավունքների պաշտպանության անլիարժեքությունը

– այլ սահմանադրական նորմերի և սկզբունքների (խտրականության արգելք, ամուսնության իրավունք, միավորման իրավունք, իրավունքների արդյունավետ պաշտպանություն, միջազգային դատական մարմինների պրակտիկայի հաշվառում և այլն) համակցության ներքո,

-ներկայիս հասարակական իրողությունների հաշվառմամբ և հասարակական կարծիքի ճնշման ներքո,

-ՄԻԵԴ որոշումները, մանավանդ`  Oliari and others v. Italy 2015 թվականի հուլիսի 21-ի որոշումը նկատի առնելով, որը կարող է նախադեպային նշանակություն ունենալ առնվազն նույնասեռ միությունների՝ ԵԽ շրջանակներում համընդհանուր և պարտադիր ճանաչման տեսակետից:

Բացի այդ՝ ներկա իրավիճակի ժամանակավոր լուծումներից մեկը միգուցե անալոգիայի կիրառման հնարավորությունն է ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 5-րդ հոդվածի հիման վրա, երբ դատարանը կամ այլ իրավասու մարմին, որ մշակելու կամ իրականացնելու է իրավական քաղաքականությունը ամուսնական կամ հարակից ոլորտներում, կկիրառի ամուսինների վերաբերյալ իրավակարգավորումները նաև նույնասեռ զույգերի նկատմամբ:

Ամեն դեպքում հարկ է նկատել, որ եթե անգամ որոշակի տարընթերցումներ լինեն նույնասեռ ամուսնությունների դեպքում, ապա ակնհայտ է, որ նույնասեռ միությունների՝ որպես ընտանեկան իրավունքի և առհասարակ սոցիալական ինստիտուտի վերաբերյալ բացակայում է որևէ սահմանադրական սահմանափակում կամ արգելք:

Հակառակ պարագայում, երբ ՍԴ իրավաչափ համարի թե՛ նույնասեռ ամուսնությունների, թե՛ նույնասեռ միությունների չկարգավորումը (սահմանափակումը կամ արգելքը), բախվելու ենք փակուղային իրավիճակի՝ սահմանադրական բացի, իսկ մանավանդ խտրականության համադրմամբ՝ նաև ներսահմանադրական հակասության (միգուցե ճգնաժամի) հարց է առաջանալու:

Ամփոփելով վերոնշյալը՝ հավելենք, որ  այսպիսով անհիմն ու անհասկանալի են դառնում այն բոլոր փաստարկները, ըստ որոնց Սահմանադրությամբ իբր արգելված կամ սահմանափակված են նույնասեռ ամուսնությունները: Ըստ որում՝ այդ փաստը (առավել ևս ներկայիս միտումների ֆոնին) չէին կարող չիմանալ փոփոխությունների տեքստի հեղինակներն ու քարոզիչները, որոնք, լինելով բարձակարգ սահմանադրագետներ և խորամանկ քաղաքական գործիչներ, այնպես են ձևակերպել սահմանադրական այդ նորմը, որ այն մի կողմից չարժանանա Վենետիկի հանձնաժողովի և այլ միջազգային կառույցների բացասական գնահատականին, մյուս կողմից՝ չփչանա իրենց պահպանողական իմիջը: 

Իրավաբան Չար գայլի և Նիֆ-Նիֆի համահեղինակությամբ