Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը նվազեցրել է դեռահասների շրջանում ինքնասպանությունների փորձը

Ամերիկացի դեռահասների շրջանում ինքնասպանության փորձերի թիվը կրճատվել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ տարբեր նահանգներում օրինականացվել են նույնասեռ ամուսնությունները: Նման եզրահանգման են եկել Ջոն Հոփքինսի համալսարանի Հանրային առողջության դպրոցի փորձագետները՝ նոր հետազոտության հիման վրա:

ԱՄՆ այն նահանգներում, որտեղ նույնասեռ ամուսնություններն օրինականացվել էին մինչև Գերագույն դատարանի համապատասխան որոշումը, դեռահասների շրջանում ինքնասպանության փորձերն ավելի քիչ են եղել՝ ի համեմատ մյուս նահանգների: Նույնասեռ ամուսնությունների օրինականացման ու ինքնասպանությունների թվի կրճատման միջև ուղիղ կապը դեռևս հստակ չէ, սակայն հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել խոսուն թվերին. ամենայն հավանականությամբ՝ ամուսնության իրավահավասարությունը դրական ազդեցություն է ունենում ԼԳԲՏԻ դեռահասների հոգեկան հավասարակշռության վրա:

Ինքնասպանությունն ԱՄՆ դեռահասների շրջանում մահացության պատճառներից տարածվածությամբ երկրորդն է: ԱՄՆ-ում ԼԳԲՏԻ դեռահասների 29 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ ինքնասպանության փորձ է արել, հետերոսեքսուալ դեռահասների շրջանում այդ թիվը 6 տոկոս է:

«ԼԳԲՏԻ չափահաս ներկայացուցիչների կյանքը հեշտացնող օրենքներն օգնում են դեռահասներին իրենց ապագային շատ ավելի լավատեսորեն նայել»,- կարծում է հետազոտության հեղինակ Ջուլիա Ռեյֆմանը: 

«Բացի այդ՝ նոր օրենքները հասարակությունն ավելի տոլերանտ են դարձնում, և ԼԳԲՏԻ դեռահասներն ավելի քիչ են ճնշումների ու ծաղրի ենթարկվում: Հնարավոր է, որ դա օգնում է նաև հետերոսեքսուալ դեռահասներին. այդ մասին հնարավոր կլինի խոսել լրացուցիչ հետազոտություններից հետո»,- նշում է մասնագետը:

Իրականացված հետազոտությունը հրապարակվել է JAMA Pediatrics ամսագրում:

Տվյալները՝ շուրջ 762 հազար, հավաքվել են դպրոցներից, որոնք մասնակցել են դեռահասների ռիսկային պահվածքի ուսումնասիրության վերաբերյալ պետական ծրագրին՝ 1999-ից 2015 թվականներին. հետազոտության վերջին տարում ԱՄՆ Գերագույն դատարանն օրինականացրեց նույնասեռ ամուսնությունները:

Շուրջ 230 հազար աշակերտներ նշել են, որ իրենք լեսբի են, գեյ կամ բիսեքսուալ (տրանսգենդերների մասին տվյալներ չեն հավաքվել): Հարցաշարում հարցեր են եղել ծխելու, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման, ինչպես նաև ինքնասպանության փորձերի մասին:

32 նահանգներում, որտեղ նույնասեռ ամուսնություններն օրինականացվել են ավելի վաղ, քան մյուսներում, ինքնասպանության փորձերի թիվը կրճատվել է 7 տոկոսով՝ բոլոր աշակերտների շրջանում և 14 տոկոսով՝ ԼԳԲՏԻ դեռահասների շրջանում: Նահանգներում, որտեղ նույնասեռ ամուսնությունները չէին օրինականացվել, դեռահասների շրջանում ինքնասպանությունների մասին վիճակագրությունը չէր փոփոխվել: 

Հետազոտությամբ հաշվվել են ինքնասպանությունների փորձերը, ոչ թե մահացության դեպքերը:

«Այս հետազոտությունը կօգնի ավելի լավ հասկանալ՝ ինչպես են ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ սահմանափակումներն ազդում մարդկանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա»,- նշել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Մարկ Հաթսենբյուլերը: